Բացվել է Հայկ Շալունցի “Հավատք և ժառանգություն” անհատական ցուցահանդեսը
Նարեկացի արվեստի միությունում բացվել է երիտասարդ լուսանկարիչ Հայկ Շալունցի “Հավատք և ժառանգություն” խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ հեղինակը իր բազմաթիվ աշխատանքներից ընտրել և ներկայացրել է 37-ը, որոնցում մեծամասամբ պատկերված են Հայաստանի վանական համալիրները, եկեղեցիները, տապանաքարերը:
Ընտրված թեմատիկան թեև բազմիցս է ներկայացվել տարբեր արվեստագետների կողմից, սակայն, ինչպես նկատեցին ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողները, Հայկին հաջողվել է բոլորին քաջածանոթ հուշարձանները ներկայացնել նորովի: Հեղինակը հուշարձանների համար երբեմն ընտրել է անսպասելի դիտանկյուններ, հավերժացրել և լուսանկարներին փոխանցել բնության ստեղծած ամենանուրբ գունային անցումները, արդյունքում լուսանկարներում առկա են դրամատիզմի հասնող գունային կոնտրաստներից մինչև ամենանուրբ երանգները:
“Հավատք և ժառանգություն”-ը Հայկի անդրանիկ անհատական ցուցահանդեսն է, մինչ այս նա մասնակցել է լուսանկարչական մրցույթների և խմբակային ցուցադրությունների: Լուսանկարիչը լուսանկարչության լեզվով դեռ շատ ասելիք ունի, առաջիկա ցուցահանդեսներում Հայկ Շալունցը նախապատրաստվում է ներկայացնել Հայաստան աշխարհի չքնաղ բնապատկերներ եւ դիմանկարների շարք:
Հայկ Շալունցի լուսանկարչական աշխատանքները կարող եք դիտել նաեւ www.shalunts.com կայքում:
Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 8-ը: Մուտքն ազատ է: ****************************************
Արմեն Նազարյանը՝ Ալտահարների մոսկովյան միջազգային մրցույթի երրորդ դափնեկիր Հայազգի ռուսաստանաբնակ ալտահար Արմեն Նազարյանը դարձել է ալտահարների 6-րդ միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիր։ Առաջին մրցանակը կիսել են ռուս ալտահար Ալեքսանդր Ակիմովը և չինուհի Պեյդժուն Կսյուն, երկրորդ մրցանակին արժանացել են Ռուսաստանը ներկայացնող Իրինա Սոպովան և ամերիկացի Էլիաս Գոլդշտեյնը: Հաղթողների անունները հրապարակվել են հունվարի 31-ի երեկոյան Մոսկվայում։
Յուրի Բաշմետի նախաձեռնությամբ ստեղծված Ալտահարների 6-րդ միջազգային մրցույթը մեկնարկել է Բաշմետի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Մասնակցության հայտ ներկայացրած մոտ 40 երաժիշտ աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են մրցույթի համերգային 3 փուլերին, որոնց հաջորդել է եզրափակիչ համերգը: Մրցութային առաջին փուլի ընթացքում մասնակիցները կատարել են Բախի և Մոցարտի պարտադիր ստեղծագործություններ: Հաջորդ փուլում մասնակիցները հանդես են եկել ժամանակակից երաժշտության կատարմամբ, իսկ երրորդ` վերջին փուլը մասնակիցները նվիրել են ռոմանտիզմի դարաշրջանը ներկայացնող կոմպոզիտորներ Բրամսին և Շումանին: Եզրափակչի ընթացքում մրցույթի մասնակիցները կատարել են Մոցարտի` ջութակի և ալտի համար գրված կոնցերտը, ինչպես նաև Բարտոկի, Ուոլտոնի և Շնիտկեյի մեկական կոնցերտ: Ժյուրին գլխավորել է ինքը՝ Յուրի Բաշմետը: Փետրվարի մեկին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կայացել է դափնեկիրների համերգը։ **************************************** 2010 թ-ի հոբելյանները
2009թ-ի նման այս տարին նույնպես խոստանում է հոբելյանառատ լինել:
Հունվարի 28-ին մեր հարգանքի տուրքն ենք մատուցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական գործիչ Վահան Տերյանին` 125-ամյակի առթիվ: Շուտով` փետրվարի 15-ին, կլրանա նաև հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի 125-րդ տարեդարձը: Փետրվարի 27-ին հայտնի հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի հոբելյանական 150-րդ տարեդարձն է:
1880 թվականի փետրվարի 28-ին է ծնվել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: 2010 թվականին ողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ` նվիրված նկարչի 110-ամյակին:
Հոբելյանական տարի է նաև գրող, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանի համար, մարտի 3-ին “Մենք ենք մեր սարերը”, “Աշնան արև” և ժողովրդական մեծ սեր վայելող բազմաթիվ այլ վիպակների և պատմվածքների հեղինակը կդառնար 75 տարեկան:
Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը նույնպես այս տարի կդառնար 75 տարեկան, նրա տարեդարձը կնշվի մարտի 15-ին:
Ապրիլի 4-ին և 27-ին միանգամից երկու հոբելյան ենք տոնելու` հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի 170 և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի 95-ամյակները:
Գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի 100-ամյակը կլրանա մայիսի 25-ին: Իսկ նշանավոր հայ դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը հուլիսի 4-ին կդառնար 80 տարեկան:
Դե իսկ հոկտեմբերի 3-ին Ռուսաստանում աշխատող ամենահայտնի հայ դերասաններից մեկը` Արմեն Ջիգարխանյանը կտոնի իր 75-րդ տարեդարձը: ****************************************
Համերգ` նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին
Փետրվարի 5-ին Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյակին: Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Վարդան Հակոբյանը: Համերգի ընթացքում կկատարվեն Էդգար Հովհաննիսյանի Սյուիտ “Մարմար” բալետից, Պասակալիա “Անտունի” բալետից, Ալեքսանդր Սպենդիարյանի “Երեք արմավենի” ստեղծագործությունը և Պրոկոֆևի “Ռոմեո և Ջուլիետ” բալետ, սյուիտ թիվ 1 և 2-ը:
Էդգար Հովհաննիսյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, պետական մրցանակի դափնեկիր, 32 տարեկանից՝ 1962-68թթ, ղեկավարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, 1970-74թթ. եղել է երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ավելի ուշ՝ 1986-92թթ., պետկոնսերվատորիայի ռեկտորն էր: 1998թ. Էդգար Հովհաննիսյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: ****************************************
Հունվարի 30-ին երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է
Երիտասարդների հովանավոր, սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը այս տարի նշվում է հունվարի 30-ին, ինչի առթիվ Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
Անցած տարի սկիզբ դրված ավանդույթի համաձայն` սիրո տոնը կնշվի Սիրահարների այգում, որտեղ կլինի համերգային ծրագիր, նվերներ, հյուրասիրություն, կժամանի ու բացիկներ կբաժանի սբ. Սարգսին խորհրդանշող ձիավորը:
Այս օրը Նկարիչներ միությունում կբացվի նաև նախապես հայտարարված երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որում կներառվեն Աստծո, հայրենիքի, ծնողների հանդեպ, ինչպես նաև փոխադարձ սիրո թեմաներով աշխատանքներ:
Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով, որոնցից հատկապես երիտասարդների շրջանակներում մեծ սեր է վայելում տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտելու սովորությունը, որը ենթադրում է երազահանդիպում ապագա ամուսնուն կամ կնոջը և նրա ձեռքից ջուր խմելը: Սիրելի ծեսերից է նաև փոխինձով մատուցարան դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Սուրբ Սարգիս զորավարը ամենասիրելի սրբերից է, ով իր որդու և հավատարիմ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն իր քրիստոնեկան հավատքի: Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրություններից իմանում ենք, որ Սուրբ Սարգիսը հովանավորել է անգամ Սասունցի Դավթին և Սասնա բոլոր հերոսներին և այն էլ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև սիրո մեջ: ****************************************
Սերժ Թանգյանը հերքել է “System of a Down”–ի վերամիավորման մասին պտտվող լուրերը
“System of a Down” խմբի մենակատար Սերժ Թանգյանը հերքել է խմբի վերամիավորման մասին պտտվող լուրերը:
“Խումբը անընդհատ ելույթների առաջարկներ է ստանում, սակայն մենք դեռևս այդ ուղղությամբ չենք մտածում: Այսօրվա դրությամբ դեռ ամեն ինչ նույնն է”,- հայտնել է երաժիշտը հարցազրույցներից մեկում:
Խմբի հնարավոր վերամիավորման մասին լուրերը ի հայտ եկան հունվարի սկզբին այն բանից հետո, երբ արդեն 5 տարի դադարի մեջ գտնվող խմբի անդամ Շավո Օդաջյանը իր միկրոբլոգում գրել է. “Տղաներ, պատրա՞ստ եք միանալու System-ին” ("Are u guys ready for System???"): Երբ այս արտահայտությունը հասել էր լրատվամիջոցներին, Օդաջյանը շտապել է հայտնել, որ իրականում խումբը չի պատրաստվում դեռևս վերամիավորվել և ներողություն է խնդրել ապատեղեկատվության համար:
Մինչ այդ Սերժ Թանգյանը շարունակում է իր անհատական երաժշտական գործունեությունը, մասնավորապես մարտի 9-ին կթողարկվի Օկլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրված "Elect the Dead Symphony" տեսա/ ձայնասկավառակները: Իսկ ամռան ամիսներին Թանգյանը պատրաստվում է թողարկել "Music Without Borders" նախնական անունը կրող իր անհատական ալբոմը: Բացի այդ երաժիշտը հուսով է, որ մինչև 2011 թվականի մարտ ամիսը ավարտին կհասցնի Պրոմեթևսին նվիրված մյուզիքլի բեմադրությունը: ****************************************
Ֆրիտյոֆ Նանսենի գրքերի շնորհանդեսը
Հունվարի 29-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Երևանի պետական համալսարանի առաջին պատվավոր դոկտոր, 20-րդ դարի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի գրքերի շնորհանդեսը:
Կներկայացվեն “Բնության գրկում”, “Ծովափոկերի և սպիտակ արջերի մեջ”, “Դեպի բևեռ”, “Շպիցբերգեն”, “Դեպի ապագայի երկիր”, “Դահուկներով Գրենլանդիայով. Էսկիմոսների կյանքը”, “Ֆրամը` բևեռային ծովում” գրքերի հայերեն թարգմանությունները, որոնցում ներկայացված են բևեռախույզ, գիտնական Նանսենի գիտահետազոտական ճանապարհորդությունները դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, ինչպես նաև օվկիանոսագիտական հետազոտությունները Նորվեգական ծովում և Ատլանտյան օվկիանոսում կատարած նավարկությունների ընթացքում:
Իսկ “Խաբված ժողովուրդ” գիրքը ներկայացնում է Նանսենի տպավորություններն ու խոհերը Հունաստան, Վրաստան և Հայաստան ճանապարհորդելիս: Բարձրարժեք են հատկապես նրա գնահատականները մեր ազգի պատմական ճակատագրի մասին: ****************************************
“Սասնա Ծռեր” հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմը էկրան բարձրացավ
Այսօր “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ երկար սպասված “Սասնա Ծռեր” հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի առաջին ցուցադրությունը: Մուլտֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը, բեմադրող-նկարիչը՝ Վարդան Զաքարյանը: Գլխավոր հերոսներին հնչյունավորել են դերասաններ Խորեն Աբրահամյանը, Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը և ուրիշներ: Մուլտֆիլմը նկարահանվել է “Սասնա ծռեր” էպոսի` Հովհաննես Թումանյանի մշակման հիման վրա, ընդհանուր տևողությունը 80 րոպե է:
Մուլտֆիլմի ստեղծման գաղափարը Արման Մանարյանի մոտ ծնվել է դեռևս 1995 թվականին, սակայն ֆինանսական միջոցների բացակայությունը ռեժիսորին ստիպել է որոշ ժամանակով ձեռնպահ մնալ մուլտֆիլմի նկարահանման գաղափարից:
2002 թվականից նկարահանման փուլ մտած մուլտֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 350 միլիոն դրամ, որի մեծ մասը տրամադրվել է պետբյուջեյից, լրացուցիչ ծախսերը իր վրա է վերցրել Գրանդ Քենդի ընկերությունը: Տարեկան նկարահանվել է 10 րոպեանոց մեկ սերիա, որի աշխատանքներին մասնակցել են նաև ռուս մասնագետներ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մուլտֆիլմը ամբողջովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, նկարահանումները կատարվել են հնչունային բարձր որակ ապահովող ամենավերջին տեխնիկայով, ինչը մուլտֆիլմին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային հեղինակավոր փառատոնների: Առաջինը իր ուժերը “Սասնա Ծռեր”–ը կփորձի Կաննի միջազգային կինոփառատոնում, մասնակցության հայտը հեղինակներն արդեն ներկայացրել են:
Գևորգ Գևորգյանի հավաստմամբ՝ կինոկենտրոնը ապագայում պատրաստվում է "Հայկական էպոսներ" շարքից նկարահանել նաև “Անահիտ” և “Արա Գեղեցիկ” լիամետրաժ մուլտֆիլմերը: ****************************************
Հանդիպում Դոն Ասկարյանի հետ
“Նարեկացի” արվեստի միությունը հունվարի 21-ից 25-ը կազմակերպում է "Հանդիպում կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանի հետ" խորագրով ծրագիր: Այն ընդգրկում է լուսանկարչական ցուցահանդես, ֆիլմերի ցուցադրություն և վարպետության դասեր: Ծրագրի շրջանակներում երիտասարդ ռեժիսորները և լուսանկարիչները հնարավորություն կունենան վարպետության դասերին մասնակցել իրենց ստեղծագործություններով:
Հանդիպումների ընթացքում կցուցադրվեն “Հայրիկ” /պրեմիերա/, “Արարատ”,
Երաժիշտները”, “Հին հռոմեական ճանապարհին”, “Ավետիք”, “Փարաջանով” ֆիլմերը: ****************************************
Ցուցահանդես Բրիտանական խորհրդի հավաքածուից.
"Rock, Paper, Scissors"
Rock, Paper, Scissors-ը Բրիտանական խորհրդի հավաքածուի մեջ տեղ գտած քանդակագործների` 1950-ականներից մինչև այսօր արված տպագրությունների ցուցահանդես է, որ կկայանա հունվարի 21-28-ը "Ալբերտ և Թովե Բոյաջյան" պատկերասրահում: Արվեստագետների համար տպագրության եղանակը` դա օֆորտ, մետաքսե տպագրություն, լինոգրավյուրա, թե լիտոգրաֆիա, քանդակագործների համար շարունակում է մնալ սեփական գաղափարները զարգացնելու և պորտֆոլիոն ընդլայնելու բավական տարածված մի միջոց: Ցուցադրանքում տեղ գտած աշխատանքները վերցված են հավաքածուի տպագրությունների հարուստ պահոցից՝ ներառյալ մի շարք նոր ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ:
Ցուցահանդեսը ներկայացնում է զանազան տպագրական եղանակներ՝ մեկնակետ ունենալով ականավոր քանդակագործներ Հենրի Մուրի և Էդուարդո Պաոլոցիի տպագրությունները, քանզի վերջիններիս ստեղծագործությունը գալու էր ոգեշնչելու հետագա սերնդի արվեստագետների գործերը:
Rock, Paper, Scissors-ի նպատակն է զննել, թե արվեստագետներն ինչպես են զարգացրել երկչափի և եռաչափի միջև փոխազդեցությունը, ինչպես նաև տպագրված նյութերի տրամադրած հնարավորությունները: Այն ցույց է տալիս, որ տպագրությունները ոչ միայն գործածվում են որպես քանդակային գործերի զարգացման էսքիզներ, այլև տրամադրում բնօրինակի վավերագրություն: ****************************************
Բժիշկ-երաժիշտների բացառիկ համերգը՝ Երևանում
Հունվարի 17-ին "Արամ Խաչատրյան համերգասրահում" տեղի կունենա Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը: Համերգի ընթացքում կհնչեն Ա. Հարությունյանի “Տոնական նախերգանք”, Պ. Չայկովսկու “Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար”, Լ. Բեթհովենի “Սիմֆոնիա թիվ 3” ստեղծագործությունները: Մոտ 400 երաժիշտներից բաղկացած նվագախմբից Երևանյան համերգին կմասնակցեն 80-ը, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից:
Ինչպես այսօր կայացած ասուլիսում ասաց նվագախմբի հիմնադիր Շտեֆան Վիլլիխը. "Այս նվագախմբի ստեղծման գլխավոր նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է", քանի որ համերգներից ստացված ողջ հասույթը տրամադրվում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներ ունեցող որևէ հաստատության, այս դեպքում՝ երևանյան համերգից ստացված հասույթը կփոխանցվի "Փրկություն" հաշմանդամ երեխաների կենտրոն ՀԿ-ին:
2007 թվականին այս նվագախումբը հիմնադրել է Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր սրտաբան Շտեֆան Վիլլիխը, ով հանդես է գալիս նաև որպես նվագախմբի դիրիժոր, մենակատարը` Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի 1-ին մրցանակակիր, Բելգիայի Էլիզաբեթ Թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակակիր /2005 թ./ Սերգեյ Խաչատրյանն է, ով այս օրերին համերգներով գտնվում է Ֆրանսիայում և շուտով կժամանի Հայաստան` առաջիկա համերգին մասնակցելու համար:
Բժիշկների համաշխարհային նվագախմբը տարեկան 2-3 համերգ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Առաջին համերգը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայում։
Նվագախմբի բժիշկ-երաժիշտները տվյալ երկրում համախմբվում են համերգից 4 օր առաջ, մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը նախորոք ծանոթանում է ներկայացվելիք ծրագրի իր հատվածին, այնպես, որ, նվագախմբի դիրիժոր Շտեֆան Վիլլիխի համոզմամբ, չորսօրյա ինտեսիվ փորձերը բավարար են համերգին լավ նախապատրաստվելու համար: ****************************************
Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
Հունվարի 15-ին Հայաստանի նկարիչների միության շենքում կբացվի նկարիչ-գրաֆիկ, գրքարվեստի վաստակաշատ գործիչ, «Զանգակ-97» հրատարակչության գեղարվեստական խմբագիր Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է նկարչի 70-ամյակի առթիվ:
Արա Բաղդասարյանի ստեղծագործական ժառանգությունը խիստ հարուստ է ու բազմազան՝ գրաֆիկական շարքեր, գեղանկարչական գործեր, ավելի քան 1000 անուն գրքերի եւ հրատարակչական այլ արտադրանքի ձեւավորում ու նկարազարդում: Նկարչի ստեղծագործական կյանքի ներկայիս փուլն ընթանում է «Զանգակ-97» հրատարակչության հարկի տակ, ուր նա հրատարակչության գեղարվեստական խմբագրի գործառույթներն ու տառաստեղծման ուղղությամբ գործունեությունը համադրում է գրքարվեստի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացման եւ ծավալուն մենագրությունների հեղինակման հետ:
Արա Բաղդասարյանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում և Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտում: Բազմազան է նկարչի ստեղծագործական կյանքի աշխարհագրությունը՝ Ծայրագույն հյուսիսից (ք. Վորկուտա, Ռուսաստան) մինչեւ Միջին Ասիա (ք. Տաշքենդ, Ուզբեկստան):
1978 թվականից Արա Բաղդասարյանը վերադարձել է Երեւան և ստեղծագործական աշխատանքը շարունակել հայրենիքում: Նկարիչների միության անդամ է (1979 թ.), Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս (1982թ.), պրոֆեսոր (1995թ.), որտեղ այժմ ղեկավարում է գրաֆիկայի ամբիոնը: ****************************************
Վախճանվել է հայազգի նշանավոր ջազմեն Գեորգի Գարանյանը
75 տարեկան հասակում սրտի կաթվածից վախճանվել է հայազգի ջազմեն, սաքսաֆոնահար Գեորգի Գարանյանը: Այս օրերին երաժիշտը հյուրախաղերով գտնվում էր Կրասնոդար քաղաքում:
Գարանյանը երաժշտական գործունեությունը սկսել է 1950 թվականներից` “Ոսկե ութնյակ” համույթի կազմում: Հետագայում` 60-ականներին ելույթ է ունեցել Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախմբում, որի շնորհիվ էլ ձեռք է բերել մեծ ճանաչում:
Գարանյանը ոչ միայն ճանաչված էր որպես երաժիշտ-կատարող, այլև որպես կոմպոզիտոր, նա երաժշտություն է գրել մի քանի տասնյակ ֆիլմերի համար: Գարանյանը հանդես է եկել նաև որպես ռադիո և հեռուստահաղորդավար` վարելով “Ջազ կլուբ Գեորգի Գարանյանի հետ” և “Ջեմ-5” հաղորդումները: Վերջինս եթեր էր հեռարձակվում ռուսական "Կուլտուրա" հեռուստաալիքով: ****************************************
Շնորհավոր Սբ. Ծնունդ եւ Ամանոր
«Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս». հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվեց հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագով։
Մայրաքաղաքում ամանորյա տոնական ծրագրի մեկնարկը տրվեց դեռեւս դեկտեմբերի 25-ին Հանրապետության հրապարակում. Երևանի քաղաքապետը ժ. 18:00-ին վառեց գլխավոր տոնածառի լույսերը, եւ ողջ քաղաքը լուսավորվեց տոնական գույներով ու ձևավորմամբ: 29 մետր բարձրությամբ, սոճու 5000 ճյուղերից, 4128 խաղալիքներով և 31200 լուսադիոդային լամպերով զարդարված տոնածառը լուսարձակեց ՀՀ Եռագույնը։ Լուսավորության համար առաջին անգամ կիրառվեց տեսաշարժանկարը: Հրավիրված ռուս մասնագետների ճաշակով ձեւավորված տոնածառը հրապարակում կմնա մինչեւ Հին նոր տարի՝ 2010թ. հունվարի 13-ը:
Մինչեւ հունվարի 12-ը Հանրապետության հրապարակում կշարունակվեն մանկական միջոցառումներ, շոուներ տեղադրված հեքիաթային տնակների, Ձմեռ պապ - Ձյունանուշների շուրջ, իսկ հունվարի 13-ին ժ. 22:00-ից մինչև 01:00-ն նախատեսված է տոնական համերգ` հայտնի երգիչների և խմբերի մասնակցությամբ, կեսգիշերին՝ շքեղ հրավառություն:
Այս տարի տոնական միջացառումների կազմակերպման համար Երևանի քաղաքային բյուջեից գումար չի ծախսվել, գումարները գոյացել են նվիրատվությունների շնորհիվ: ****************************************
Վիգեն Չալդրանյանի "Ձայն լռության" և "Հանապազ լույսի ճանապարհով" գրքերի շնորհանդեսը
Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի "Ձայն լռության" և "Հանապազ լույսի ճանապարհով" գրքերի շնորհանդեսը։ Հանդիպման ընթացքում կներկայացվի նաև Վ.Չալդրանյանի "Մաեստրո" ֆիլմի նկարահանման աշխատանքների հետ կապված մանրամասներ, հատվածներ ֆիլմից:
"Հանապազ լույսի ճանապարհով՚" և "Ձայն լռության" գրքերը Վ.Չալդրանյանի կյանքի և ստեղծագործական ուղու խճանկար-համայնապատկերն են, որտեղ զետեղված է հեղինակի "Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը" պիեսը: Գրքում ներառված են հայերեն, ռուսերեն և անգլերեն հոդվածներ` տպագրված հայաստանյան և այլ թերթերում:
Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին Երևանում: Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին ընդունվել է Հայֆիլմին կից կինոդերասանի ստուդիան: 1975թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ 1978թ. նկարահանել է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը` "Ոսկին ծիծաղում է"` Ջ.Լոնդոնի պատմվածքի մոտիվներով:
Վ.Չալդրանյանը նկարահանել է "Հեքիաթ", "Հոթել"Տատիկ"՚, "Ապրիլ", "Կինոյի տոն", "Մեղրի-87"՚, "Ձայն բարբառոյ…՚", "Երևան-Լոս Անջելես", "Երթամ պիտի հեռանամ…՚", "Հայեր", "Երևան-Լոս Անջելես-Երևան"՚, ՙ…Ես դարձա ի տուն", "Մեռոն", "Տեր ողորմեա", "Էմիլ Գազազ, ինքնադիմանկար", "Լռության սիմֆոնիա", "Քրմուհին", "Հյուրախաղեր Ճապոնիայում", "Մաեստրո՚ ֆիլմերը:
1994թ. "Ձայն բարբառոյ" ֆիլմի համար Վ.Չալդրանյանն արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի "Ոսկե մրցանակին":
1987թ. նրա "Ապրիլ" ֆիլմը Սվերդլովսկում 4-րդ համամիութենական կինոփառատոնում արժանացել է գլխավոր, Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնում` FIPRESCI, Կիևի "Երիտասարդություն" միջազգային կինոփառատոնում "Լավագույն խաղարկային ֆիլմ" անվանակարգում` գլխավոր մրցանակների, Բիլբաոյի (Իսպանիա) միջազգային և Մոսկվայի համամիութենական կինոփառատոներում՝ դիպլոմների: Վ.Չալդրանյանի ֆիլմերն արժանացել են նաեւ Միշել Լեգրանի անվան գլխավոր, "Ոսկե արծիվ" և բազմաթիվ այլ մրցանակների և դիպլոմների։ ****************************************
Ավետ Տերտերյան- 80
Դեկտեմբերի 27-ին “Ակումբ” -ում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-րդ տարելիցին: Համերգին մասնակցում են Աննա Մայիլյանը (մեցցո սոպրանո), Հայկ Մելիքյան (դաշնամուր): Տերտերյանի հոբելյանական համերգի ընթացքում կհնչեն Բախի, Հայդենի, Տերտերյանի ստեղծագործություններից, ինչպես նաև կցուցադրվի Գ. Ռոժդենստվենսկու “5-րդ սիմֆոնիա” ֆիլմ-շոուն:
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 29-ին Բաքվում և մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 11-ին: Իր առաջին երաժշտական դասերը ստացել է դեռևս վեց տարեկան հասակում: 1952-1957 սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում Երվանդ Միրզոյանի գլխավորությամբ, այնտեղ էլ նշանակվել է որպես երաժշտական տեսության ուսուցիչ:
Տերտերյանը առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ: Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոտիվների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն): Տերտերյանը հեղինակել է նաև երկու օպերա, բալետ, կամերային (այդ թվում 2 լարային կվարտետ), վոկալ ստեղծագործություններ և ֆիլմի համար երաժշտություն։
****************************************
“Իտալիան Բեմում` երաժշտության, պարի, պոեզիայի աշխարհ” համերգ-ներկայացում
Հայ-իտալական համագործակցության շրաջանակներում դեկտեմբերի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա "Իտալիան Բեմում` երաժշտության, պարի, պոեզիայի աշխարհ" համերգ-ներկայացումը: Ծրագրին կմասնակցեն թատրոնի, կինոյի և հեռուսատեսության դերասանուհի Ջուդիտտա Սալտարինին (բարիտոն), նվագակցող` մաեստրո Մաուրո Տրոմբետտան, էստրադային երգիչ Չեզարե Ռաննուչչի Ռաշելը, մեծն սոպրանո Մարտինա Բելլին, սոպրանո Աուրորա Չինելլին, տենոր Դոմինգո Ստազին, պարուհիներ` Մարթա Դե Յոաննան և Աուրորա Պիկան: ****************************************
Թանգարանային հուշանվերների ցուցահանդես
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում բացվեց թանգարանային հուշանվերների ցուցահանդես-Expo 2009-ը:Ցուցահանդեսի շրջանակում Վրաստանի արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին անցկացրեց նաեւ սեմինար "Մշակութային արդյունաբերության զարգացում" թեմայով:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Բրիտանական Խորհուրդը, Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի Պատմության, Փայտարվեստի թանգարանները, աջակցությամբ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերության: ****************************************
Հայաստանը կմասնակցի Բախի երաժշտության փառատոնին
Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության միջազգային փառատոն` “Սուրբ ծննդից սուրբ ծնունդ” խորագրով:
Փառատոնի ընթացքում ելույթ կունենան 107 երաժիշտներ` Ռուսաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Ամերիկայից, Անգլիայից, Իսրայելից, Ուկրաինայից և Հայաստանից: Փառատոնային ծրագրի մեջ ընդգրկված են ֆլեյտայի, ջութակի և լարային գործիքների համար գրված Բախի` վերջերս հայտնաբերված կոնցերտի ռուսաստանյան պրեմիերան, ինչպես նաև Ռոման Վիտյուկի N207 Հանդիսավոր խմբերգի թատերականացված բեմադրությունը:
Փառատոնի անվան ընտրությունը հիմնավորվել է համերգների անկացման օրերով. առաջին համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկ եկեղեցու Սուրբ ծննդյան տոնին, իսկ վերջին համերգը՝ հունվարի 7-ին՝ ուղղափառ եկեղեցու Սուրբ ծննդյան տոնի օրը:
Համերգները տեղի կունենան ռուսաստանյան մշակութային առաջատար այնպիսի կենտրոններում, ինչպիսիք են Կրեմլի Զիվորական սրահը, Տրետիկովյան պատկերասրահը, Պուշկինի անվան պետական գեղարվեստի թանգարանը, Պատմության թանգարանը և այլն:
Փառատոնի կազմակերպիչներն են երաժշտական մշակույթի զարգացմանը աջակցոց “Բելիկանտո” բարեգործական ֆոնդը: Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հաշմանդամ երեխաների օգնության ֆոնդին: ****************************************
Բժիշկների Համաշխարհային Նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը Երևանում
2010 թ. հունվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Բժիշկների Համաշխարհային Նվագախմբի բարեգործական բացառիկ համերգը: Նվագախմբի հիմնադիրը և դիրիժորն է Բեռլինի Շարիտե համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Շտեֆան Վիլլիխը, մենակատարը` Յան Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթի 1-ին մրցանակակիր, Բելգիայի Էլիզաբեթ Թագուհու անվան մրցույթի առաջին մրցանակակիր /2005 թ./ Սերգեյ Խաչատրյանը:
Ծրագրում` Ա. Հարությունյան /Տոնական նախերգանք/ Պ. Չայկովսկի /Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար /, Լ. Բեթհովեն / Սիմֆոնիա թիվ 3/:
Բժիշկների Համաշխարհային Նվագախմբը հիմնադրվել է 2007 թ-ին: ԲՀՆ-ի գլխավոր նպատակը բուժօգնության մատչելիության ապահովումն է և առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում:Համերգներից ստացված հասույթը ծառայում է տվյալ երկրի առողջապահական խնդիրներին:
Երևանյան համերգից ստացված հասույթը փոխանցվելու է "Փրկություն" հաշմանդամ երեխաների կենտրոն ՀԿ-ին:
****************************************
Հանդիպում Սոս Սարգսյանի հետ
Դեկտեմբերի 24-ին Նարեկացի արվեստի միությունը կազմակերպում է հանդիպում դերասան, բեմադրիչ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի հետ:
“Մտավորականի խոսքը միշտ էլ սպասված է ժողովրդի համար: Այսօր, սակայն, մենք առավել քիչ հնարավորություն ունենք հանդիպելու նրանց հետ, քանի որ ռադիոյի և հեռուստատեսության եթերները, բազմաթիվ ու բազմագույն ամսագրերը ավելի հաճախ նախընտրում են զրուցել միայն շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց նախաճաշի կամ ընթրիքի պարունակությամբ, հագուստի “ծննդյան վկայականով”, խոսել միանման տեսահոլովակների կամ դերերի “անզուգականության” մասին ու անվերջ հարցեր տալ նրանց “արվեստից”: Մինչդեռ մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր արվեստի ու արվեստագետի մասին այլ պատկերացումներ ունեն, այս տարածքում այլ կերպ են ապրում: Նրանց մենք ճանաչում ենք թատրոնից, ֆիլմերից, իրենց ստեղծագործություններից: Իսկ ինչպիսին են նրանք կյանքում, հնարավոր է` իրականում տարբեր են մեր ճանաչած կերպարներից”, - ասված է Նարեկացի արվեստի միության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Արդեն ավանդույթ դարձած նման հանդիպումները, զրույց-քննարկումները մշակութային գործիչների, տարբեր սերնդի արվեստագետների հետ նպատակ ունի ստեղծել հնարավորություն անմիջական մթնոլորտում զրուցելու արվեստի, արվեստագետի այսօրվա դերի, այս դաշտի խնդիրների ու արվեստագետ– հասարակություն կապի մասին: ****************************************
“Ռոք կարաոկե”
Դեկտեմբերի 25-ին “Aftershock” ակումբում հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա “Rock the Party” ռոք կարաոկե` կենդանի նվագակցությամբ: Ամանորյա տոներին նվիրված այս համերգի ընթացքում, ինչպես խոստանում են կազմակերպիչները, յուրաքանչյուր այցելու իրեն ռոք աստղ կզգա: Մասնակիցները կարող են կենդանի նվագակցությամբ 100 երգերից պատվիրել իրենց նախընտրած երգը և կատարել այն: Ծրագրում ընդգրկված են բոլոր ժամանակների լավագույն ռոք, բլյուզ և այլ ոճերի ստեղծագործություններ։ Ռոք կարաոկեն կուղեկցվի խաղերով ու այլ անակնկալներով:
****************************************
3 մրցանակ` Նարեկացի արվեստի միությանը
2009թ-ի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի «Նոկիա» համերգասրահում կայացավ “Armenian Music Awards”-ի՝ Հայկական երաժշտական մրցանակաբաշխութան 10-րդ արարողությունը, որի շրջանակներում Նարեկացի արվեստի միության երեք հրատարակություններ արժանացան լավագույն տիտղոսի տարբեր անվանակարգերում` «Օբերտոն»- Լավագույն դասական ալբոմ, «Լույս»-Լավագույն խմբերգային ալբոմ, «Նահապետ Քուչակ. հայրեններ» - Լավագույն ձեւավորում։
“OBERTON” ձայնասկավառակը միավորել է հինգ կոմպոզիտորների՝ Կոնստանտին Պետրոսյանի, Լեւոն Չաուշյանի, Երվանդ Երկանյանի, Ռուբեն Սարգսյանի եւ Վահրամ Բաբայանի գործերը: Նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործում է տարբեր երաժշտական ժանրերում: Ներկայացվող ստեղծագործությունները բազմիցս հնչել են համերգների ժամանակ եւ մեծ ճանաչում ունեն նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: OBERTON -ը ժամանակակից մոտեցումներով տարբեր ոճերի ստեղծագործությունների փունջ է` գրված դաշնամուրի, լարային քառյակի, կամերային եւ գործիքային նվագախմբերի համար:
Լավագույն խմբերգային ալբոմ ճանաչված “Լույս” ձայնասկավառակը թվով երրորդն է բացառապես կանացի ձայներից կազմված “Լույս” հնգյակի ձայնադարանում: Ձայնասկավառակը նվիրվել է Կոմիտասի ծննդյան 140-ամյակին:Երգացանկում ընդգրկված են հայ միջնադարյան հոգեւոր երգեր, հատվածներ Սուրբ Պատարագի երգեցողությունից, ժողովրդական երգերի, մասնավորապես՝ կոմիտասյան մշակումներ:
Լավագույն ձևավորման համար մրցանակի է արժանացել Լիլիթ Դանիելյանի “Նահապետ Քուչակ. հայրեններ” ձայներիզը: Երաժշտության հեղինակը Լիլիթ Դանիելյանն է, գործիքավորումը` Նարինե Զարիֆյանի: Այս ձայներիզը հայ միջնադարյան գրականության ամենագեղեցիկ էջերից մեկի` հայրենների ազդեցությամբ ստեղծված երաժշտական հավաքածու է: Այն ընդգրկում է ութ ստեղծագործություն. դրանցից վեցը հայրեններով գրված երգեր են, յոթերորդ երգը հեղինակի խոսքերով է, իսկ վերջինը գործիքային ստեղծագործություն է: Այստեղ կարծես զգացվում է միջնադարի շունչն ու ոգին: Երգերը կատարում է Լ. Դանիելյանը, մասնակցում են Ռուբեն Հախվերդյանը, Ալեքսան Հարությունյանը: ****************************************
Դասական երաժշտության երեկո
Դեկտեմբերի 23-ին Արամ խաչատրյան համերգասրահում մեկ ընդհանուր համերգային ծրագրի շուրջ կհամախմբվեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Համերգը կկայանա դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Համերգի մենակատարներն են` Կարինե Ավետիսյան (սոպրանո), Կատերինա Հորստկա, (սոպրանո), Լիլիթ Գրիգորյան (մեցցո սոպրանո), Սարգիս Աղամալյան (տենոր), կոնցերտմայստեր` Արամ Թյուրաբյան, երգեհոն` Հայկուհի Տոնիկյան:
Համերգի ընթացքում կհնչեն Չուhաճեանի, Կարա-Մուրզայի, Կոմիտասի, Հովհաննիսյանի, Չայկովսկու, Վիվալդիի, Վերդիի, Դեվիսի, Բյուրլեգի ստեղծագործություններից: ****************************************
“Ծղրութի Ավետարանը” գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Նիկոլայ Քոթանջյանի “Ծղրութի Ավետարանը” գրքի շնորհանդեսը: “Ծղրութի Ավետարանը” գիրքը վաղ միջնադարյան հայ գեղանկարչության համանուն նմուշի առաջին մենագրական ուսումնասիրությունն է, դրա մանրանկարների առաջին հրատարակությունը:Գրքում հեղինակը կարեւորում է ձեռագրի՝ որպես ամենավաղ պահպանված նկարազարդ Ավետարաններից մեկի մեծ նշանակությունը ոչ միայն հայ, այլև համաքրիստոնեական ձեռագիր մշակույթի պատմության համար, բացահայտում է ձեռագիրը զարդարող մանրանկարների հազվագյուտ գեղարվեստական արտահայտչականությունը, ընդգծում պատկերագրական տարբերակների ինքնատիպությունը, դիտարկում ձեռագրի կառուցվածքի արտասովոր առանձնահատկությունները, որում դեռ առկա է ձեռագրարվեստի հնագույն ժամանակների հիշողությունը գալարաթղթից դեպի մատյան անցման փուլում:
Եռալեզու (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն) գիրքը` “Ձեռագրի գեղարվեստական հարդարանքը և նրա հիշատակարանը”, “Մանրանկարների պատկերագրության առանձնահատկությունները”, “Մանրանկարների գեղարվեստական առանձնահատկությունները” բաժիններով, ներկայացնում է Ծղրութի Ավետարանի նշանակությունն ու դերը գրքարվեստի պատմության մեջ: Այստեղ ներկայացված են շուրջ 45 գունավոր վերատպություններ` “Համաբարբառի խորան, կանոն”, “Պայծառակերպություն”, “Մուտք Երուսաղեմ”, “Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ”, “Չորս Ավետարանիչները ձեռագրի պատվիրատուի և նրա որդու հետ”, “Աստվածամայրը մանկան հետ” և այլք, ինչպես նաեւ Ծղրութի Ավետարանի մանրանկարները, Ծղրութի Ավետարանին նմանատիպ ձեռագրերի մանրանկարները:
Նիկոլայ Քոթանջյանը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, հայ միջնադարյան գեղանկարչության պատմության ու տեսության հարցերին նվիրված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ, որոնց թվում են “Գույնը Հայաստանի վաղ միջնադարյան գեղանկարչությունում”, “Էջմիածնի Ավետարանը”, “Հայաստանի վաղ միջնադարյան որմնանկարչության հուշարձանները”, “Արուճի որմնանկարը”, “Անիի Տիգրան Հոնենցի կառուցած Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որմնանկարները” գրքերը:
****************************************
Ընտրվել է վերջին տասնամյակի լավագույն երգն ու ալբոմը
“Ռոլինգ Սթոուն” ամսագիրը ընտրել է անցյալ տասնամյակի 100 լավագույն երգերն ու ալբոմները: “Տասնամյակի լավագույն ալբոմ” անվանակարգում առաջին երեք տեղերը զբաղեցրել են բրիտանական “Radiohead” խմբի "Kid A", “The Strokes” խմբի "Is This It", և ամերիկյան “Wilco” ալտերնատիվ խմբի "Yankee Hotel Foxtrot" ալբոմները:
Առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1. "Kid A" - Radiohead (2000)
2. "Is This It" - The Strokes (2001)
3. "Yankee Hotel Foxtrot" - Wilco (2002)
4. "The Blueprint" - Jay-Z (2001)
5. "Elephant" - The White Stripes (2003)
6. "Funeral" - Arcade Fire (2004)
7. "The Marshal Mathers LP" - Էմինեմ (2000)
8. "Modern Times" – Բոբ Դիլան (2006)
9. "KALA" - M.I.A. (2007)
10. "The College Dropout" – Կանիե Ուեստ (2004).
Ըստ խմբագրականի` տասնամյակի լավագույն երգերի ցուցակը գլխավորում է “Gnarls Barkley” խումբը` իր "Crazy" երգով, ռեպ երգիչ Jay-Z-ի "99 Problems" կատարումը հայտնվել է երկրորդ հորիզոնականում, լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Բիյոնսը` իր "Crazy in Love"-ով:
Իսկ լավագույն երգերի ցուցակն այսպիսինն է.
"Crazy" - Gnarls Barkley (2006)
1. "99 Problems" - Jay-Z (2004)
2. "Crazy in Love" - Բիյոնս (2003)
3. "Hey Ya!" - OutKast (2003)
4. "Paper Planes" - M.I.A. (2008)
5. "Seven Nation Army" - The White Stripes (2003)
6. "Maps" - Yeah Yeah Yeahs (2003)
7. "Rehab" – Էմի Ուանհաուս (2006)
8. "Beautiful Day" - U2 (2000)
9. "Stan" - Էմինեմ (2000).
Նախկինում ամսագիրը ներկայացրել էր նաև իր ընթերցողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, ովքեր պետք է ընտրեին տասնամյակի լավագույն երգը, ալբոմը և խումբը: Արդյունքում բոլոր անվանակարգերի առաջին տեղում հայտնվել էր ամերիկյան “Green Day” փանկ խումբը: ****************************************
Նվեր Երևանին ու սիրահարներին.
այգում տեղադրվել է հայուհու քանդակ
Դեկտեմբերի 9-ին Սիրահարների այգում բացվեց հայուհու կերպարը խորհրդանշող “Արմենուհի” կերամիկական քանդակը, որի հեղինակն է Ժողովրդական նկարիչ, քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանը: Մոտ երկու մետր սլացիկ հասակ ունեցող հայուհու այս քանդակը, որը նախկինում ցուցադրվել էր ընդամենը մեկ անգամ, հեղինակի ընտանիքի կողմից նվիրաբերվել է Երևանին` իր տեղը գտնելով Սիրահարների այգում:
Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի անդամները, այգու բացման հենց առաջին օրերից, իրենց տաղանդավոր մոր և տատիկի աշխատանքներից մեկը այնտեղ տեսնելու մեծ ցանկություն են հայտնել և ի վերջո, երբ ստեղծվել է նման հնարավորություն, ընտրվել է հենց այս քանդակը, քանի որ, ըստ նրանց, հայուհուն խորհրդանշող այս նազելի կերպարը` իր ավանդական հագուկապով ու կեցվածքով, պետք է օգնի մարդկանց կյանքը առավել դրական ընկալել, ինչպես նաև հույս ունեն, որ այն կսիրվի այգի այցելող բոլոր նորապսակների կոմից: ****************************************
Մշակութային անցուդարձ
Մոտակա օրերին Երևանյան համերգասրահներում և մշակութային կենտրոններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` նվիրված հայազգի նշանավոր գործիչների կյանքին և գործունեությանը: Մասնավորապես դեկտեմբերի 10-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Թոքատում, Սեբաստիայում, Կ. Պոլսում նրա գրական և մանկավարժական գործունեությունը լուսաբանող վավերագրեր: Նույն օրը երիտասարդ թումանյանագետները Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում կանցկացնեն առաջին գիտաժողովը` նվիրված բանաստեղծի ծննդյան 140-ամյակին:
Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի գահակալության 10-ամյակին: Համերգին մասնակցում են վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Հովհաննես Չեքիջյան/:
Ծրագրում` Երկանյան, Կոմիտաս, Չուխաջյան, Սարյան, Խաչատրյան, Հովհաննիսյան, Մալեր: Մենակատարներ` Սիրանույշ Գասպարյան /սոպրանո/, Լիլիթ գրիգորյան /մեձո սոպրանո/, Ռուբեն Նուրիջանյան /տենոր/, Միքայել Հովակիմյան /բաս/, Անուշ Նիկողոսյան /ջութակ/, դիրիժոր` Ռուբեն Ասատրյան:
Դեկտեմբերի 12-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ավետ Տերտերյանի 80-ամյակին նվիրված համերգ` Ա. Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Ծրագրում` ռոմանսներ, սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, լարային կվարտետ թիվ 1, լարային կվարտետ թիվ 2, Հայկ Մելիքյան-համերգային պարաֆրազ Ա. Տերտերյանի "Կրակե օղակ" օպերայի թեմաներով, դաշնամուրային տրիո ձայնի հետ: Համերգին մասնակցում են Արմինե Գրիգորյանը, Կարեն Շահգալդյանը, Կարեն Քոչարյանը, Յանա Դարյանը, Արամ Ասատրյանը, Աննա Մայիլյանը, Հայկ Մելիքյանը: Համերգը կվարի արվեստաբանության դոկտոր Աննա Արևշատյանը:
Դեկտեմբերի 15-ին Հ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի "Այս հմուտ, հանճարեղ լոռեցին" գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է "Հ. Թումանյան-140" հոբելյանական ծրագրերի շրջանակներում:
****************************************
Համառ ֆրանսուհին “Խճճված Զուգահեռներ” ֆիլմին բերել է առաջին մեծ մրցանակը
Հայ-ֆրանս-նորվեգական “Խճճված զուգահեռներ” լիամետրաժ խաղարկային ֆիլմն արժանացել է նոյեմբերի 23-28-ը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում կայացած “Արևելք-Արևմուտք” 2-րդ միջազգային կինոփառատոնի 4 գլխավոր մրցանակներից մեկին` կնոջ լավագույն դերակատարման համար, որը շնորհվել է ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիթերին:
Ինչպես ներկայացրեց ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, Լորանս Ռիթերը թեև հրաշալի է դիտվում ֆիլմում, սակայն պրոֆեսիոնալիզմի պակասը և ֆրանսուհու համառ բնավորությունն անչափ դժվարացրել են նկարահանման աշխատանքները: Արդյունքում Լորանսը ֆիլմի կեսից պարզապես հեռացել է նկարահանման հրապարակից, իսկ թե ինչպես է ռեժիսորին հաջողվել ավարտին հասցնել ֆիլմը առանց գլխավոր դերասանուհու մասնակցության` Հովհաննես Գալստյանը հաճույքով է պատմում. “Մի դեպքում օգտագործել ենք մեկի ձեռքը, մյուսում` մազերի նույն գույնը, կամ մեկ այլ կնոջ մեջք”: Հենց նման դժվարություններով կերտված կերպարն է ստացել միջազգային փառատոնի գլխավոր մրցանակներից մեկ, որը այս ֆիլմի առաջին մեծ մրցանակն է:
Ֆիլմի արտադրությունը տևել է 5 տարի: Ֆիլմի համաշխարհային պեմիերան կայացել է Մոսկվայի 31-րդ Միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: 2010թ-ի հունվարին ֆիլմի Եվրոպական պրեմիերան կկայանա Ռոտերդամի 39-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում: Հայաստանում նույնպես ֆիլմի պաշտոնական վարձույթը կսկսվի 2010 թվականին:
2010թ–ից Հովհաննես Գալստյանը կսկսի և ամբողջ տարին կնվիրաբերի մեկ այլ համատեղ ֆիլմի` “Գաբրիելը և Մարի”-ի նախապատրաստական աշխատանքներին, որի նկարահանումները կմեկնարկեն 2011 թվականին: Սա ամուսնական հարաբերությունների ճգնաժամի, դավաճանության, սիրո և այդ սիրո համար պատասխանատվության թեմաներին անդրադարձող դրամա է` էֆտանազիայի խնդրի արտացոլմամբ: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես գալու համար ձեռք են բերվել նախնական համաձայնություններ Սիմոն Աբգարյանի, Վիկտորիա Տոլստոգանովայի, Սիրի Հելենե Մյուլլերի և այլ դերասանների հետ: Ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ներկայացվելու նաև Արսինե Խանջյանին: ****************************************
Դանիել Վարուժան-125
Դեկտեմբերի 10–ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվելու է Դանիել Վարուժանի ծննդյան 125 ամյակին նվիրված ցուցահանդես` ներկայացնելու եղեռնամահ գրողի կյանքը և գործն ամբողջությամբ` ծնունդից մինչև եղերական վախճանը:
Ցուցահանդեսում ներառված են Թոքատում, Սեբաստիայում, Կ. Պոլսում նրա գրական և մանկավարժական գործունեությունը լուսաբանող վավերագրեր: Կցուցադրվի մեծ բանաստեղծի ստեղծագործությունը` նրա հրատարակած ժողովածուների և թանգարանում պահվող ձեռագրերի հիման վրա: Կներկայացվեն նաև գրողի անձնական իրերը, լուսանկարները որոնցից շատերը հանրությանը ցուցադրելու են առաջին անգամ: Բանաստեղծը կներկայացվի նաև իր ժամանակակիցների և հետագա գրականագիտական մտքի հիման վրա: ****************************************
“Վարպետաց խոսք”.
վերափոխված ցուցադրություն ժողովրդական արվեստի թանգարանում
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը իր այցելուներին այսուհետ կներկայանա վերափոխված ցուցադրությամբ: Նոր ցուցադրության մեջ ներառված են գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող ստեղծագործություններ` գորգեր, կարպետներ, արծաթե, փայտե, կավե առարկաներ, ասեղնագործության նմուշներ, գեղանկարչական աշխատանքներ, որոնք լայն պատկերացում են տալիս հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի բոլոր տեսակների, ոճերի և նրանց ստեղծման աշխարհագրական ընդգրկումների մասին:
Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և կերպարվեստի տարբեր ժանրերին պատկանող ստեղծագործություններ:
Թանգարանի հավաքածույի կազմավորումը սկսվել է 1930-ական թթ. վերջին: Աշխատանքները ընթացել են անվանի արվեստագետներ Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Գ. Գյուրջյանի անմիջական օգնությամբ և խորհուրդներով: Նրանց ջանքերով ստեղծվել է ժողովրդական ստեղծագործության տուն, որի հիմքի վրա էլ հետագայում` 1978թ-ին, բացվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:
Թանգարանի շուրջ 11 հազար ցուցանմուշները ազգային մշակույթի արժեքներ են, որոնք մեզ են հաղորդում դարերի ընթացքում ժողովրդի ձեռք բերած փորձը, հնարավորություն են ընձեռում ծանոթանալ հայկական ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերին: ****************************************
Յան Գիլանի ռոքը շուտով օգնության կհասնի Հայաստանին
Այս տարի հոկտեմբեր ամսին իրականացված “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում Հայաստան էին ժամանել ռոքի համաշխարհային այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Յան Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսին, ինչը հիմք դարփավ, որպեսզի առաջիկայում կայանա աննախադեպ ռոք հանդիպում “Deep Purple” խմբի մենակատար Յան Գիլանի մասնակցությամբ. 2010 թվականի մարտի 26-27-ին ռոք լեգենդը բարեգործական 2 համերգային օր կնվիրի ռոքը նախընտրող հայ հանդիսատեսին, սակայն երաժիշտը հանդես կգա, ոչ թե “Deep Purple” խմբի, այլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երկու համերգներից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը:
Ինչպես ներկայացրեց միջոցառման կազմակերպիչ “Մեդիամաքս” գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, հենց երաժիշտներն են վերջին այցելության ժամանակ, ընտրել թիվ 6 երաժշտական դպրոցը և խոստացել աջակցել վերակառուցման հարցում:
Կայանալիք համատեղ համեգներին անհամբեր սպասում է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Վերջինս, թեև ռոքի մեծ սիրահար չէ, սակայն լավ հասկանում է, թե նման աշխարհառչակ երաժշտի ելույթը, որքան կարևոր է Հայաստանի համար: Թեև նվագախումը դեռևս ծանոթ չէ համերգային ծրագրին, և միայն մարտի սկզբից կսկսվեն նախապատրաստական աշխատանքները և փորձերը, այնուհանդերձ Էդուարդ Թոփչյանը պնդում է, որ ծրագիրը շատ հանրահայտ է, քան որ Յան Գիլանը արդեն փորձ ունի սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ ելույթների:
Կազմակերպիչները խոստանում են, որ երկու համերգների տոմսերը մատչելի կլինեն բոլորի համար: ****************************************
Ժան Միշել Ժառ.
Ֆոտոցուցահանդես «Քաղաքները հաﬔրգում»
Ֆրանսիացի աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր լեգենդար Ժան Միշել Ժառի հայկական ակումբը դեկտեմբերի 18-20-ը «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կազմակերպում է անվճար ֆոտոցուցահանդես` նվիրված Ժան Միշել Ժառի ստեղծած նոր հաﬔրգային ֆորմատին, որը Ժառը անվանում է «Քաղաքները հաﬔրգում»։
«Քաղաքները հաﬔրգում» անվանումը նշանակում է, որ այս ֆորմատով անցկացվող հաﬔրգի ժամանակ ողջ քաղաքը բառացիորեն գտնվում է հաﬔրգի ﬔջ։ Ժառի հաﬔրգների ժամանակ քաղաքները ոչ ﬕայն ներկա են գտնվում հաﬔրգին, բայց նաև դառնում են հաﬔրգի մասնակիցներ։ Հաﬔրգների ընթացքում շենքերը վերածվում են վիթխարի էկրանների և դեկորացիաների, որոնք օգնում են ոչ ﬕայն լսել Ժառի յուրօրինակ երաժշտությունը, բայց նաև տեսնել այն։ Ժառի բացօթյա հաﬔրգներին ներկա գտնվողները ﬕշտ հիանում են, բաց տարածությունները ձևավորելու և լուսավորելու Ժառի հմտությամբ։
«Քաղաքները հաﬔրգում» ֆորմատով անցկացված հաﬔրգներից չորսով Ժան Միշել Ժառը գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում։ 1979թ–ին Փարիզում Ժառի առաջին հաﬔրգին ներկա գտնվեց 1.000.000 մարդ։ 1986թ–ին ԱՄՆ–ի հաﬔրգին հավաքվեց 1.300.000 հանդիսատես։ 1990թ–ին 2.500.000 հոգի հավաքվեցին Փարիզի կենտրոնում` լսելու և տեսնելու Ժառի երաժշտությունը։ Իսկ 1997թ–ին Ժառը սահմանում է մարդկության պատմության ﬔջ երբևէ գրանցված աﬔնաֆանտաստիկ ռեկորդը. Մոսկվայի հաﬔրգին նա հավաքում է 3.500.000 հանդիսատես։
Ժան Միշելը իր հաﬔրգներով զարդարել է Եգիպտոսի բուրգերը, Սահարա անապատը, Էյֆելյան աշտարակը, Պեկինի «Արգելված քաղաքը», Աթենքի «Ակրոպոլիսը» և բազմաթիվ այլ խորհրդանշական վայրեր և կառույցներ։ ՄԱԿ–ը, ՅՈՒՆԵՍԿՕ–ն, ՆԱՍԱ–ն ﬕ քանիսն են այն կազմակեպրություններից, որոնց հրավերով Ժառը ներկայացրել է հաﬔրգներ։
«Քաղաքները հաﬔրգում» ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվեն ավելի քան 20 տարի վաղեմություն ունեցող 50–ից ավելi լուսանկարներ այս հաﬔրգներից։ ****************************************
“Գնանք Կորյունի մոտ` ազնվանալու…”, - ասել է Մինաս Ավետիսյանը
Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Նարեկացի արվեստի միությունում կբացվի “Կորյուն Նիկողոսյան-70” ցուցահանդեսը: 6 տարեկանից հաշմանդամ դարձած նկարիչն իր 37 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանքներ, որոնք ցուցադրվում են իր անունը կրող տուն-թանգարանում: Ավելի դիպուկ ոչ ոք չէր կարող բնութագրել Կորյունի արվեստը, քան դա արել է Մինաս Ավետիսյանը` այն անվանելով “ազնիվ արվեստ”:
Նիկողոսյանի կտավներից հոսում են թախիծն ու տխրությունը, որոնք ամփոփված են մարդկային պարզ դեմքերի, տխուր աչքերի, կանացի հնազանդ մարմինների, բանաստեղծական կերպարների և պարզ կենցաղային տեսարանների մեջ: Նկարիչը օգտագործել է տաք, վառ գույներ. հատկապես սիրում էր աշխատել կարմիրի, կապույտի և վառ դեղինի հետ:
Կորյուն Նիկողոսյանի աշխատանքները բաժանվում են 3-4 փուլերի. կյանքի վերջին շրջանում հասունության հասած նկարչի հոգևոր աշխարհի հարցադրումներն այլևս փիլիսոփայական էին:
Տուն-թանգարանի տնօրեն Աշոտ Նիկողոսյանին, ով նաև նկարչի եղբորորդին է, շատ է մտահոգում այն փաստը, որ, այսօր երիտասարդությունը շատ քիչ բան գիտի այս տաղանդավոր նկարչի դժվար կյանքի և գործունեության մասին, մինչդեռ ժամանակին հայ մեծանուն արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը և այլոք բարձր են գնահատել Կորյուն Նիկողոսյանի արվեստը: “Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն և աշխատելով միայն մոր օգնությամբ` այնուհանդերձ նկարչի աշխատանքներում չարության և դաժանության ոչ մի նշույլ չի նկատվում, ինչը կարող է լավ օրինակ լինել նման ծանր կյանք ունեցող յուրաքանչյուր մարդու համար”, - պնդում է Աշոտ Նիկողոսյանը:
Նարեկացի արվեստի միությունում ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 8-ը: ****************************************
Վերաբացվել է Վարպետի տուն-թանգարանը
Վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին իր դռները բացեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Մեկ տարուց ավելի տևած վերանորոգման աշխատանքներից հետո թանգարանն իր առաջին այցելուներին ներկայացավ հիմնանորոգված, բարեկարգ և նոր` երկու մասից բաղկացած գրական և հուշային ցուցադրությամբ:
Վերանորոգումները թանգարանի համար լուծեցին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ. ջրամեկուսացվել են պատերի հիմքերը, կրող պատերը լրացուցիչ ամրացվել են, մասնակիորեն վերանորոգվել է տանիքը, ամբողջովին փոխվել է սանհանգույցը, և որ, ամենակարևորն է, շենքում տեղադրվել է ջեռուցման համակարգ: Վերանորոգվել և թարմացվել է նաև ցուցադրվող կահույքը, որը կրկին իր տեղն է գտել տուն-թանգարանի հուզական և առանձնակի մասը կազմող հուշասենյակներում, որտեղ ամեն ինչ թողնված է այնպես, ինչպես եղել է Վարպետի օրոք:
Տուն-թանգարանի վերաբացման օրը թանգարանի տնօրեն Հ. Մելքոնյանը հյուրերին ներկայացրեց նաև Ավ. Իսահակյանի կյանքն ու գրական, հասարակական գործունեությունը, գրական ժառանգությունը` նորովի ցուցադրությամբ, հագեցած բնօրինակ նյութերով, որոնք ավելի լավ պատկերացում են տալիս Իսահակյանի, նրա ընտանիքի, շրջապատի և ապրած ժամանակաշրջանի մասին:
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1963թ-ի հոկտեմբերի 31-ին: Իսահակյանն այս առանձնատունը` որպես նվեր, կառավարության կողմից ստացել է 1945 թ-ին, երբ տոնվում էր վարպետի 70-ամյակը: Տան հուրասենյակում են կախված այն գեղանկարները, որոնք հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին: Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի` Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի “Էջմիածնի վանքի լճակը” կտավը, Փանոս Թերլեմեզյանի “Հայ աղջնակի դիմանկարը” և այլն: ****************************************
“non/fiction” տոնավաճառում ներկայացվել է Նաբոկովի վերջին սիրավեպը
Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում բացվել է ինտելեկտուալ գրականության “non/fiction” 11 միջազգային տոնավաճառը: Տոնավաճառի բացման հենց առաջին օրը տեղի է ունեցել Վլադիմիր Նաբոկովի` “Լաուրան և իր օրիգինալը” վերջին սիրավեպի շնորհանդեսը, որը Ռուսաստանում առաջին անգամ ներկայացվել է նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում:
"non/fiction" 11-րդ տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 6-ը, որի ընթացքում կներկայացվեն ավելի քան 280 հրատարակչություններ 18 երկրներից: Տոնավաճառի օրերին սպասվում են կլոր սեղաններ` գրողներ Դմիտրի Բիկովի, Օլգա Սլավնիկովի, Սերգեյ Լուկիանենկոյի, Լեոնիդա Յուզեֆովիչի մասնակցությամբ, բացի այդ, տոնավաճառ կայցելեն այնպիսի օտարազգի գրողներ, ինչպիսիք են Պաոլո Ջորդանոն, Ադամ Ֆունդզը և Ուվե Տելկամպը:
2009 թվականի “non/fiction”տոնավաճառի պատվավոր հյուրի դերում հանդես է գալիս Չեխիան, որի ներկայացուցիչներն են` պրոզայիկ Միխայիլ Վիվեգը և նկարիչ Պիտեր Սիսը: Տոնավաճառում կներկայացվի նաև չեխ նկարազարդողների աշխատանքների հավաքածուն` “ 2008 թվականի չեխական ամենագեղեցիկ գրքեր” խորագրով, ինչպես նաև չեխական գրականության ռուսական լավագույն թարգմանությունները:
Հրատարակչություններին զուգահեռ, տոնավաճաում կներկայացվեն մի քանի հատուկ նախագծեր, այդ թվում` մանկական գրականության ծրագիր և անտիկվար տոնավաճառ:
Ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 4-ին կհանձնվի նաև Անդրեյ Բելովի անվան գրական մրցանակներ: ****************************************
«ԿԻՆ» միջազգային 6-րդ կինոփառատոն
Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնի շենքում արդեն 6-րդ անգամ կանցկացվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը: Արդեն ավանդական դարձած կինոփառատոնը նպատակ ունի վերաիմաստավորելու կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանելու նրա խնդիրները, ձևավորելու մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը և փոխըմբռնմանը: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունների մուտքն անվճար է: ****************************************
Ալլա Տեր-Հակոբյան. հայ-ռուսական արմատներով բանաստեղծուհին ու նկարչուհին
«Արվեստանոցի դուռը բացեց ինքը` Սարյանը, միանգամից ներս չթողեց: Նայեց ինձ ու ասաց. «Դուք կամ պոետ եք կամ դաշնակահար, դուք ռուսական արյուն ունեք»,- ես ասացի` «այո», «դուք 23 տարեկան եք»,- հավելեց, ասացի` «ոչ», 29: «Շատ տարօրինակ է, դուք 29, իսկ ես 89 տարեկան եմ, կլոր 60 տարի տարբերություն կա մեր միջև»,- ասաց Սարյանը, խորը շունչ քաշեց ու ներս հրավիրեց»,- Մարտիրոս Սարյանի հետ իր առաջին հանդիպումը այսօրվա պես հիշում է գրող, բանաստեղծուհի և նկարչուհի Ալլա Տեր-Հակոբյանը:
Մոսկվայում ապրող ու ստեղծագործող ազգությամբ հայ Ալլա Տեր-Հակոբյանը նկարում է, բանաստեղծությունների և սիրավեպերի ժողովածուի հեղինակ է, նա հայերենից թարգմանել է բազմաթիվ գրքեր` ակնարկներ, բանաստեղծություններ, դասական գործեր ու ժամանակակից ստեղծագործություններ: Նրա բանաստեղծական թարգմանությունները առավել ամբողջական ներկայացված են «Հայաստանի ռիթմերն ու հանգերը» մեծածավալ աշխատությունում:
Հնդեվրոպական լեզուների նախահոր` սանսկրիտի հետ նրա ծանոթության արդյունքում ծնվել են «Հայկական ազգանունների հնագույն գաղտնիքները և արիական ռասսայի համառոտ պատմությունը», ինչպես նաև «Հայերեն լեզուն` Լեզուների Աստծո որդին» գրքերը:
Նյութը պատրաստեց Աննա Ակոպովան (Մոսկվա, Ռուսաստան) ****************************************
Հուշ-երեկո` Վարազդատ Հարությունյանի հիշատակին
Նոյեմբերի 26-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Վարազդատ Հարությունյանի 100-ամյակին նվիրված հուշ-երեկո: Գրադարանում կբացվի Վարազդատ Հարությունյանի անցած ուղին ներկայացնող ցուցահանդես, կներկայացվեն նրա գրական-գիտական գործերը: Հուշ-երեկոյի ընթացքում տեղի կունենա “Վաստակ և գնահատական” գրքի շնորհանդեսը, ինչպես նաև նրա մասին պատմող ”Հայը” ֆիլմի ցուցադրություն:
Միջոցառմանը կմասնակցեն ակադեմիկոսներ, գրականագետներ, գրադարանավարներ, Վ.Հարությունյանի հարազատները:
Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800–ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի:
Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը:
50 տարի ղեկավարել է Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի`Ճարտարապետների միությունը:
Վ. Հարությունյանը ծնվել է 1909թ. Վանում, մահացել է 2008-ի մարտի 20–ին Երևանում: ****************************************
Սկսվել են Վրաստանի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցու ամրակայման աշխատանքները
Օրեր առաջ գրեթե հիմնովին քանդվել է երկար ժամանակ անուշադրության մատնված Վրաստանի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: ՀՀ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը եկեղեցու փլուզման փաստի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Ռուռուային` խնդրելով պարզաբանել նախարարության դիրքորոշումը և տեղեկացնել ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու խնդրի լուծմանը:
Վրաստանի նախարարն հավաստել է, որ եկեղեցին իրոք գտնվում էր անմխիթար վիճակում և նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկել վերականգնման աշխատանքների ուղղությամբ, նաև Վրաստան հրավիրելով հայ վերականգնող ճարտարապետների` աշխատանքների բոլոր փուլերին մասնակցելու համար: Այս զրույցից հետո ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեիշվիլին հավաստել է, որ այսօր արդեն հրատապ իրականացվում են եկեղեցու ամրակայման աշխատանքները, դրանց հետևող նախագծային աշխատանքները կիրականացնի "Արքիտեքս" վերականգնողական ճարտարապետական արվեստանոցը: Իր հերթին Արև Սամուելյանը հավաստեց, որ վաղը նախարարության վերականգնող ճարտարագետը կմեկնի Վրաստան մասնակցելու նախագծային աշխատանքներին:
Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին կառուցվել է 1356 թ-ին, նորոգվել՝ 1752, 1860-ին: Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին:
****************************************
“Թավուտում”` հայ դերասաններ, ճապոնական կոլորիտ ու ստվերների խաղ
Ճապոնացի հայտնի գրող Ակուտագավա Ռյունոսկեի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Թավուտում» ներկայացումը Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմ կրկին կբարձրանա նոյեմբերի 18-ին և 30-ին: Բեմադրության հեղինակը Գուժ Թադևոսյանն է, պրեմիերան կայացել է այս տարվա հուլիսին, այն ընդգրկված էր նաև Հայֆեստ 2009-ի ծրագրում:
«Թավուտում» ներկայացման հիմքում պատմություն է անտառով գնացող ամուսինների մասին, ում հանդիպում է մի ավազակ, որը տիրանում է կնոջը, սպանում ամուսնուն և հետո փախչում: Իրադարձությանն ականատես չորս վկաները դատարանին ներկայացնում են անտառում կատարվածի իրենց տարբերակները` յուրաքանչյուրն իր ճշմարտության տեսանկյունից: Հայ երիտասարդ դերասանների կատարմամբ ճապոնական մոտիվներով այս ներկայացումը ճշմարտության ու դրա որոնումների մասին է…
****************************************
Միայն մեկ բացառիկ ջազ-երեկո Ջորջ Բենսոնի հետ
Նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միայն մեկ բացառիկ համերգով հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջազ կիթառահար Ջորջ Բենսոնը: Բենսոնի երևանյան շրջագայությունը կտևի մոտ 20 ժամ, որի ընթացքում երաժիշտը կհյուրընկալվի նաև “Մալխաս” ջազ-ակումբում` հանդիպելու հայ ջազմենների հետ:
Ըստ Ջորջ Բենսոնի պաշտոնական կայքէջի` Երևանյան համերգից հետո ջազ երաժիշտը մոտակա օրերին համերգներ կունենա նաև Մոսկվայում և Ադրբեջանում: Երևանյան համերգի տոմսերը արժեն 5-100 հազար դրամ: Ի զարմանս կազմակերպիչների` առաջին հերթին մեծ արագությամբ վաճառվել են ամենաթանկ արժողությամբ տոմսերը:
Բենսոնի հետ միասին երևանյան բեմում կլինեն Դեյվիդ Գարֆիելդը (դաշնամուր), Մայքլ Օնեյլը (կիթառ/վոկալ), Թեդդի կեմբլը (հարվածային գործիքներ), Ստենլի Բանկսը (բաս), Թոմ Հոլլը (ստեղնաշար):
Մասնագետները Բենսոնի հաջողության գրավականը համարում են նրա երաժշտական լայն ճաշակը, քանի որ Բենսոնը հավասարաչափ լավ տիրապետում է ինչպես ջազ, բլյուզ, այնպես էլ ռոք, սոուլ և փոփ երաժշտական ուղղություններին: Բենսոնը հայտնի է նաև որպես փոփ և R&B երգիչ, նրան մեծ հռչակ են բերել այնպիսի երգեր, ինչպիսիք են «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love(So Personal)», «In Your Eyes», «This Masquerade»: Բենսոնը արժանացել է 8 Գրեմմի մրցանակի, ընդ որում մրցանակները նրան տրվել են տարբեր անվանակարգերում` լավագույն փոփ-գործիքավորողից մինչև ջազ վոկալիստ:
Ջորջ Բենսոնը ծնվել է 1943 թ-ի մարտի 22-ին Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում: Որպես ջազ-կիթառահար երաժիշտը սկսել է հանդես գալ արդեն 21 տարեկանից: 1962թվականից սկսվել է երաժշտի պրոֆեսիոնալ գործունեությունը: Նա բազմիցս շրջագայել է Եվրոպական երկրներում, ձայնագրվել է նշանավոր երաժիշտների հետ: ****************************************
ԿԻԹԱՌԻ ՏՈՆ.
«Հայկական կիթառ -2009» երաժշտական փառատոնը Երևանում
Այսօր երեկոյան Մայր թատրոնի բեմում մեկնարկում է «Հայկական կիթառ -2009» երաժշտական փառատոնը: Փառատոնի նպատակն է Հայաստանում սկիզբ դնել կիթառի փառատոն, որին հայ տաղանդավոր կիթառահարները հնարավորություն կունենան ներկայանալ իբրև սոլո երաժիշտներ, կատարել իրենց սոլո ստեղծագործությունները: Փառատոնը հնարավորություն է ընձեռում նաև հայ կիթառահարներին և կիթառի երկրպագուներին ծանոթանալու այլ երկրներից հրավիրված կիթառահարների երաժշտությանն ու տեխնիկային:
Հայ անվանի կիթառահարներից բացի փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև փառատոնի հատուկ հյուրերը`Ռուսաստանի 10 լավագույն կիթառահարներից մեկը` մեր հայրենակից Մեյ Լիան (Յուրի Մայիլյան) և կանադացի վիրտուոզ կիթառահար Դեյվ Մարթոունը:
“Հինգ ժամ որակյալ հնչողություն և անմոռանալի երաժշտություն”,- խոստանում են կազմակերպիչները: Փառատոնի վերջում նախատեսված է jam session`իմպրովիզացիա. տեղում հորինված պարտիա, որի ընթացքում երաժիշտները «երկխոսության մեջ» են մտնում միմյանց հետ:
Մեյ Լիան (Յուրի Մայիլյան) ծնվել է Հայաստանում 1962թ. մարտի 10-ին: Առաջին անգամ կիթառը ձեռքն է վերցրել 9 տարեկանում: Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1984թ-ից. նվագել է «Օլիս», «Ասպարեզ», «Այաս», «Էքշն», «Բալերինա» խմբերում, Մոսկվա տեղափոխվելուց հետո նվագակցել է ռուսական էստրադային երգչուհիներ Օլգա Կորմուխինային և Ալլա Պուգաչովային: 1993թ. հրատարակել է Ռուսաստանում առաջին կիթառ նվագելու «Абсолютная техника и позиции» անվանումով տեսասկավառակը` 200.000 օրինակով: 1995-ին նրան հրավիրել են մասնակցելու Ռուսաստանի լավագույն 10 կիթառահարների «Այս կիթառներով տղաները» ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին, որտեղ ընդգրկվել են Մեյ Լիանի «I wanna get to Heaven» և «Bandit» ստեղծագործությունները: Մեյ Լիանի ձեռագիրը հեշտությամբ կարելի է ճանաչել իր արևելյան հնչյուններով, որոնք «Այաս» և «Ասպարեզ» խմբերի երաժշտության անբաժան մասն էին կազմում:
Դեյվ Մարթոունը կանադացի վիրտուոզ կիթառահար է` հայտնի է իր բազմաժանր ստեղծագործություններով և կատարման վարպետությամբ: Նա նվագել է այնպիսի
աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են Սթիվ Մուրսը, Ջենիֆեր Բաթենը, Փոլ Ջիլբերտը, Էնգուի Մալմսթինը, Մարտի Ֆրիդմանը, Սեմուր Դյունքանը, Գրեգ Հոուը, Ջո Սատրիանին, Չեստեր Թոմփսոնը, Մայկ Պորտնոյը, Գրեգ Բիսիոնեթը և Ջին Հոգլանը: 1995թ. ավարտելով Կանադայի Բերքլիի երաժշտական քոլեջը` Դեյվը հավաքել է իր առաջին «Մարթոուն» խումբը և նույն տարում թողարկել իր անդրանիկ ալբոմը: Դեյվ Մարթոունը տարբեր ամսագրերի կողմից ընդգրկվել է լավագույն ժամանակակից կիթառահարների ցուցակում: Մարթոունը ղեկավարում է Վանկուվերի «Tom Lee Music» –ի ռոք կիթառի 3 հայտնի դպրոցները:
****************************************
Էդգար Դեգայի “Պարուհիները” գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասումները
Сhristie's աճուրդի տան նախաձեռնած արդի արվեստի և իմպրեսիոնիստների աշխատանքների երկօրյա վաճառքի առաջին օրվա հասույթը կազմել է 65 մլն 674 հազար դոլար: Աճուրդի ամենաթանկարժեք նմուշը` Պաբլո Պիկասսոյի վրձնին պատկանող “Կնոջ դիմանկար”-ը, նկարիչը ստեղծել է 1943 թվականին շրջափակված Փարիզում: Այն նախապես գնահատվել էր 7-10 մլն դոլար, սակայն այդպես էլ չի գտել իր գնորդին: Հենրի Մատիսի` 3-4 մլն դոլար արժողությամբ գնահատված “Վարդ”-ը , նախապես հայտարարված էր որպես աճուրդի կենտրոնական ցուցանմուշներից մեկը, սակայն վերջինս ևս չի գտել իր գնորդին:
Աճուրդում իր նշանկությամբ երկրորդը ճանաչված Էդգար Դեգայի “Պարուհիները”, որը նախատեսված էր վաճառել 7-9 մլն դոլարի սահմաններում, գերազանցել է կազմակերպիչների սպասումները. այն վաճառվել է 10 մլն 723 հազար դոլարով: Դեգայի ստեղծագործությունների համար ռեկորդը սահմանվել էր Sotheby's աճուրդում, երբ անցյալ տարի նոյեմբերին Նյու Յորքում նրա “Հանգստացող պարուհի” –ն վաճառվեց 37 մլն դոլարով: Այցելուները թանկ են գնահատել նաև ռուս ավանգարդիստ Վասիլի Կանդինսկու “Մայրամուտը անկյունում” կտավը` դրա համար վճարելով 2 մլն 660 հազար դոլար` կազմակերպիչների նախատեսած 1,5-2,5 մլն-ի փոխարեն: ****************************************
Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմը` “ՄԱԵՍՏՐՈ”
Հոկտեմբերի 31-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի` “Մաեստրո”-յի պրեմիերան:
Գլխավոր դերում հանդես է եկել Միքայել Պողոսյանը,
Դերերում` Էկա Հորստկա, Ավետ Բարսեղյան, Կարեն Ջանիբեկյան և ուրիշներ
Ֆիլմում նկարահանվել են նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
****************************************
Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում
Հոկտեմբերի 26-29, 2-րդ համերգաշրջան
 Թատրոն` առանց թատրոնի. “Մեկ քառակուսի մետր” թատերական 4-րդ փառատոնը Երևանում
Նոյեմբերի 2-8-ը ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) անցկացվում է “Մեկ քառակուսի մետր” թատերական 4-րդ փառատոնը, որը կազմակերպիչներն անվանում են «թատրոն` առանց թատրոնի»: Փառատոնի գլխավոր նախապայմանն ու որոշիչ դրույթն այն է, որ բոլոր ներկայացումները չեն հատում մեկ քառակուսի մետրի սահմանը, տևում են ընդամենը 5-ից 45 րոպե, և չունեն խոսքի, ժանրի, ձևի, կերպարների քանակի սահմանափակումներ:
Այս տարի փառատոնին ներկայացված է 15 աշխատանք`բեմադրված Հովհաննես Թումանյանի, Կարինե Խոդիկյանի, Հովհաննես Շիրազի, Ժան Կոկտոյի և այլ դրամատուրգների ստեղծագործությունների հիման վրա, ընդհանուր առմամբ, ներկայացումներում ներգրավված է 18 դերասան:
Փառատոնի գլխավոր` “Հեղինակների ձայն” մրցանակին արժանանում է առավելագույն ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Քվեարկությունը տեղի է ունենում մասնակից բեմադրիչների միջև:
“Լավագույն մեկ քառակուսի մետր ներկայացում” անվանակարգում մրցանակը շնորհում է փառատոնի նախագահը` խորհրդակցելով ՆՓԱԿԹԱՏՐՈՆ ակտիվի հետ:
Մրցանակներ կհանձնվեն նաև “Լավագույն բեմադրիչ”, “Լավագույն դերասան” և “Լավագույն գրական հիմք” անվանակարգերում, որոնց հաղթողներին կորոշի հրավիրված ժյուրին: Այս տարի հրավիրված ժյուրիի կազմում ընդգրկված են ճարտարապետ, դերասան, ՆՓԱԿ համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը, կինոգետ, խմբագիր, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, թատերագետ, գրականագետ Նվարդ Ասատրյանը:
“Մեկ քառակուսի մետր” փառատոնն անցկացվում է 2005 թվականից: Փառատոնի հիմնադիր նախագահն է ՆՓԱԿ-ի կինոյի եւ թատրոնի բաժնի տնօրեն Գագիկ Ղազարէն:
Ներկայացումների մուտքն ազատ է:
****************************************
«Վիեննան ողջունում է Երևանին»
Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվում է «Վիեննան ողջունում է Երևանին» խորագիրը կրող հայ-ավստրիական երաժշտական առաջին փառատոնը: Երաժշտական երկխոսության նպատակը Վիեննայի և Երևանի միջև մշակութային կամուրջ կառուցելն է: Փառատոնի ինքնատիպ նախաձեռնություններից են նաև ժամանակակից կոմպոզիտորներ Ժան Սարգսյանի և Ռայներ Բիշոֆի հետ հանդիպումները:
Փառատոնին մասնակցում են ավստրիական ժամանակակից կատարողական արվեստի ներկայացուցիչներից Աննա Մարիա Փամմերը (սոպրանո), Գոթլիբ Վալլիշը (դաշնամուր), Վիեննայի «առոն» կվարտետը, ինչպես նաև հայաստանյան երաժիշտներ Գայանե Գեղամյանը (սոպրանո), Աննա Մանդալյանը (դաշնամուր) և Սուրեն Խորոզյանը (կլարնետ): Փառատոնի հովանավորը Վիեննայի քաղաքապետ դոկտոր Միխայել Հոյփլն է:
Աննա Մարիա Փամմերը Ցյուրիխի օպերային թատրոնի մեներգչուհի է, ով հանդես է եկել Զալցբուրգի երաժշտական փառատոնում և Լապցիգի օպերային թատրոնում: Նրա երգացանկում ընդգրկված են միջնադարից մինչև 21-րդ դարի ստեղծագործություններ: Մինչ այժմ նա թողարկել է 25 ձայնասկավառակ: Գոթլիբ Վալլիշը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է:
«Առոն» կվարտետը Վիեննայի Առնոլդ Շյոնբերգ կենտրոնի in Residence լարային կվարտետն է, որի դեբյուտը կայացել է 2001 թվականին` Նյու Յորքի «Քարնեգի Հոլ» համերգասրահում:
**************************************** «Երկար եմ սպասել». Ռազմիկ Ամյանի առաջին մենահամերգը Երևանում
Նոյեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Ռազմիկ Ամյանի «Երկար եմ սպասել» խորագիրը կրող մենահամերգը: Երգիչը արդեն երկու մենահամերգ է ունեցել արտերկրում, սա թվով` երրորդ, իսկ Երևանում առաջին մենահամերգն է: Կենդանի կատարմամբ, 100-ից ավելի պարուհիներով ու 13 պարային խմբերի մասնակցությամբ մենահամերգը խոստանում է, ըստ կազմակերպիչների, լինել “իսկական շոու”:
Հնչելու են 8 նոր և 16 հին երգեր, նաև` ռուսերեն և իտալերեն լեզուներով: Նոր երգերը ավելի պարային են 6/8-ի մեջ: “6/8-ը սխալ է ռաբիզ կոչելը, այն պարզապես տակտով երաժշտություն է”,- օրերս հրավիրված ասուլիսում ասաց Ռազմիկ Ամյանը:
Մենահամերգի ընթացքում կհնչեն նաև զուգերգեր Հռիփսիմե Հակոբյանի և Հայկոյի հետ: Ռազմիկ Ամյանին նվագակցելու են 19 երաժիշտներ, իսկ որպես բեքվոկալ` «Ջեզլ» խումբը, Վարդան Բադալյանը և Համլետը:
Մինչև տարեվերջ երգիչը նախատեսում է նոր ձայնասկավառակի և տեսահոլովակի թողարկում: Առաջիկայում Ռազմիկ Ամյանը պատրաստվում է նաև զուգերգ կատարել իր կնոջ հետ:
****************************************
«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում»
«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-29-ը արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարը, ինչի կապակցությամբ Հայաստան ժամանեցին մեծանուն երաժիշտներ Յուլիան Ռախլին (ջութակ), “Շանհայ քառյակ”-ը, Իվան Մոնիգետին (թավջութակ), Միխալ Կլաուզան (դիրիժոր), Ժան Մարկ Ֆեսարը (կլարնետ), Կխատիա Բունիաթիշվիլին (դաշնամուր), Անդրես Մուստոնեն (դիրիժոր): Հայաստանյան երաժիշտներից և նվագախմբերից մասնակցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը (գեղ.ղեկ. և դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Սերգեյ Սմբատյան), «Ալան Հովհաննես» կամերային նվագախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Մերուժան Սիմոնյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ և խմբավար Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ և խմբավար Հովհաննես Չեքիջյան), ՀՊՖՆ մենակատարներ Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Մարտին Ուլիխանյանը (կլարնետ):
Փառատոնի պատվավոր հյուրն է լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ում ստեղծագործությունները չորս օր անընդմեջ կատարվեցին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի ամփոփիչ համերգի ընթացքում 76-ամյա արվեստագետը ինքը կանգնեց խմբավարական վահանակի մոտ:
Հոկտեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրեց Հայաստանի Պատվո շքանշանով`«հայ - լեհական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար»:
****************************************
"Նռան հատիկ-2009"
Հոկտեմբերի 24-նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվում է արդեն ավանդական դարձած "Նռան հատիկ" մանկապատանեկան թատերական փառատոնի հանրապետական երկրորդ փուլը, որն այս տարի կայանում է 9-րդ անգամ: Փառատոնին հրավիրված է մասնակցելու 25 թատերախումբ, որից 12-ը` առաջին անգամ` այդ թվում և Սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից: Այս տարի “Նռան հատիկ”-ը նվիրված է Հովհ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին:
“Նռան հատիկ” փառատոնի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերին, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը:
Փառատոնի կարևոր խնդիրներից է թատերական արվեստի միջոցով նպաստել աճող սերնդի գեղագիտական ու բարոյական դաստիարակությանը` մայրենիի մաքրությունն ու անաղարտությունը դիտարկելով առաջնային խնդիր:
Փառատոնի յոթ օրերի ընթացքում մասնակից թատերախմբերը կներկայացնեն Հ. Թումանյանի հեքիաթների, ինչպես նաև Վ.Այգեկցու, Ժ. Մոլիերի, Մ. Ռեյի, Ա. Քալանթարյանի և այլոց ստեղծագորությունների հիման վրա բեմադրված ներկայացումները: Ներկայացումները տեղի են ունենում Երևանի "Մետրո" թատրոնի դահլիճում:
****************************************
Ռաֆայելի “Մուսան” արժե 26 միլիոն դոլար «Քրիստիս» աճուրդի տունը 2009 թվականի դեկտեմբերի 8-ին կայանալիք լոնդոնյան աճուրդի ժամանակ վաճառքի կհանի Ռաֆայել Սանտիի “Մուսայի գլուխը” ոչ մեծ կտավը, որը գնահատվել է 12-16 մլն ֆունտ ստերլինգ, այսինքն` շուրջ 20-26 մլն դոլար: «Ռոյթեր» գործակալության տվյալներով` մինչ այժմ հին վարպետների գրաֆիկական աշխատանքներից ամենառեկորդային գնով վաճառվել է Միքելանջելոյի “Հիսուսի հարությունը” աշխատանքը, որը 2000թ-ին վաճառվել է 8.1 մլն ֆունտ ստերլինգով, ինչպես նաև 2001 թ-ին վաճառված Լեոնարդո դա Վինչիի “Ձիավորն ու ձին” գրաֆիկական աշխատանքը:
“Մուսայի գլուխը” Վատիկանում Պապի պալատի սենյակներից մեկը զարդարող Ռաֆայելի “Պարնաս” մեծածավալ որմնանկարի կանացի ֆիգուներից մեկի էսքիզն է, որը նկարիչը ստեղծել է 1508-1511 թվականներին:
Դեկտեմբերիյան աճուրդի ժամանակ հին վարպետներից և 19-րդ դարի նկարիչներից «Քրիստիսը» վաճառքի կհանի նաև Ռեմբրանդտի վրձնին պատկանող տղամարդու դիմանկար (25 մլն ֆունտ) և 17-րդ դարի իտալացի մեծագույն նկարիչ Դոմենիկինոյի “Հովհաննես ավետարանիչ” կտավը, որը գնահատվում է 7-10 մլն ֆունտ:
****************************************
“Կոմիտաս” մատենագիտական ժողովածուի շնորհանդես
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ռաֆիկ Ղազարյանի “Կոմիտաս” մատենագիտական ժողովածուի շնորհանդեսը:
Գիրքը կազմված է 6 բաժիններից` “Տարեգրություն”, “Կոմիտասն է ասում”, “Գնահատանքի խոսք”, “Հուշեր”, “Կոմիտասը բանաստեղծություններում” և “Մատենագիտություն”:
“Կոմիտաս” մատենագիտական ժողովածուն պարունակում է երգահանի կյանքի և գործունեության համառոտ տարեգրությունը, նրա խոսքերը` երաժշտության, պարի, դաստիարակության, լեզվի մասին, ինչպես նաև հայ և օտարազգի մեծերի` Փանոս Թերլեմեզյանի, Ավ.Իսահակյանի, Ամեդե Գաստուեի և այլոց հուշերը և կարծիքները Կոմիտասի մասին: Ժողովածուն ներառում է նաև հարուստ փաստագրական նյութեր, Կոմիտասի ձեռագրեր, լուսանկարներ:
****************************************
Ամերիկյան վավերագրական ֆիլմաշար Երևանում
Հոկտեմբերի 16—ին Դեյվիդ Հոֆմանի “Սպուտնիկոմանիա” ֆիլմով Երևանում մեկնարկեց “Ամերիկյան վավերագրական ֆիլմաշար” խորագրով ցուցադրությունը: Մինչև նոյեմբերի 29-ը մոտ 30 ամերիկյան նոր ֆիլմերը կցուցադրվեն Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում և Մոսկվա կինոթատրոնում:
Ցուցադչոևթյան շրջանակներում Երևան են ժամանել ռեժիսոր Դեյվիդ Հոֆմանը և վավերագրական կինոյի մասնագետ Սանդրա Ռուչը, ովքեր հանդիպում, սեմինարներ ու վարպետության դասեր են անցկացնում ռեժիսորների և ուսանողների համար:
Ֆիլմաշարի բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Հայաստանյան ծրագիրը ֆիլմաշարի միջազգային ցուցադրության մասն է կազմում: Հայաստանում Ամերիկյան վավերագրական ֆիլմաշարի ցուցադրությանը աջակցում են ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային գործակալությունը, Արթֆիլմ Գալերին և Հայաստանի Ազգային պատկերասրահը: ****************************************
Հանդիպում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ
Այսօր Նարեկացի Արվեստի Միությունը կազմակերպում է հանդիպում, վարպետության դաս քանդակագործ նկարիչ, Կանադայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանի հետ:
Քանդակագործ և նկարիչ Արտո /Հարություն/ Չաքմաքչյանը ծնվել է 1933թ. Եգիպտոսում: Հայրը հայկական գրախանութ ուներ, պապը քանդակագործ էր: Արտոն սկսել է կավից քանդակներ անել դեռևս տասներկու տարեկանում: 1948թ. ընտանիքը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան: Այստեղ Արտոն ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարան, որտեղ հինգ տարի ուսանում է քանդակագործություն և գեղանկարչություն: Այնուհետև ուսումը շարունակում է Գեղարվեստի ինստիտուտում:
1961թ. Արտո Չաքմաքչյանը աշխատանքի է անցնում Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում, որպես հետազոտող: Այդ տարիներին նա ճանապարհորդում է Հայաստանում, ուսումնասիրում միջնադարյան հայկական վանքերի բարձրաքանդակները: Այս ճանապարհորդությունների ընթացքում կուտակված նյութը հիմք է հանդիսանում հետագայում տպագրված “Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը” աշխատության համար: 1962թ. Արտո Չաքմաքչյանը ստանում է Պրահայում անցկացրած խեցեգործության միջազգային ցուցահանդեսի դիպլոմ: 1964թ. նրա “Հիրոսիմա” քանդակն արժանանում է Մոսկվայի խաղաղության կոմիտեի մրցույթի առաջին մրցանակի: 1969թ. “Մայրը” և “Առնո Բաբաջանյան” քանդակների համար արժանանում է Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալի: Հետագայում այս գործերը ձեռք է բերում Տրետյակովյան պատկերասրահը:
Ա. Չաքմաքչյանը առաջիններից է, ով փորձել է կոտրել արվեստում տեղ գտած սոցռեալիզմի գաղափարական կարծրատիպերը և քանդակագործության մեջ գեղարվեստական արտահայտության նոր ձևերի հիմք դնել: Այդ իսկ պատճառով հալածվել է սովետական իշխանությունների կողմից: 1975թ.- ից Չաքմաքչյանի ընտանիքը տեղափոխվում է Կանադա` Մոնրեալ, որտեղ էլ ապրում են մինչ օրս: Այսօր Արտո Չաքմաքչյանը ժամանակ առ ժամանակ վերադառնում է հայրենիք, որը, ինչպես ինքն է ասում. “միշտ իր սրտում է, իր հետ”:
2007թ-ին որոշվեց Հյուսիսային պողոտայում տեղադրել նրա “Քայլող մարդը” քանդակը: Անցել է երկու տարի այդ որոշում-խոստումից...
****************************************
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը հյուընկալում է թավջութակահար Նատալյա Գուտմանին և ջութակահար Սվիատոսլավ Մորոզին
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով հանդես կգան հանրաճանաչ թավջութակահար Նատալյա Գուտմանը (Ռուսաստան) և նրա որդին` ջութակահար Սվիատոսլավ Մորոզը: Համերգին կկատարվի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը և Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Թավջութակահար Նատալյա Գուտմանը երաժշտական կրթությունը ստացել է իր պապի` Անիսիմ Բեռլինի և պրոֆ.Գալինա Կոզոլուպովայի ղեկավարությամբ` այն շարունակելով Մ.Ռոստրոպովիչի մոտ: Կրել է դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի և իր ամուսնու` ջութակահար Օլեգ Կագանի արվեստի ազդեցությունը: Ս.Ռիխտերը նրան անվանել է “երաժշտական ճշմարտացիության մարմնավորում”: 1967-ին շահել է Մյունխենի ARD մրցույթի 1-ին մրցանակը: Ելույթներ է ունեցել բոլոր մայրցամաքներում` “Vienna Philharmonic”, ”Berlin Philharmonic”, “London Symphony”, “Munich Philharmonic” և բազմաթիվ այլ նվագախմբերի հետ: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր փառատոների և համագործակցել է մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ: Գուտմանի հետաքրքրության կենտրոնում նաև կամերային երաժշտությունն է, որտեղ նրա արվեստակից ընկերները դարձան Մարթա Արգերիխը, Էլիսո Վիրսալաձեն, Յուրի Բաշմետը և այլոք: Իրականացրել է ժամանակակից կոմպոզիտորների գործերի բազմաթիվ պրեմիերաներ: Ա.Շնիտկեն նրան է նվիրել իր Թավջութակի սոնատը և Կոնցերտը: Բախի մենանվագ սյուիտների կատարումով հանդես է եկել Մոսկվայում, Բեռլինում, Մյունխենում, Մադրիդում, Բարսելոնայում և այլուր: Իր կատարումներով նշանավորել է Շումանի և Շոստակովիչի հոբելյանները: Ն.Գուտմանը Մոսկվայի և Շտուտգարտի կոնսերվատորիաների պրոֆեսոր է, վարպետության դասընթացներ է անցկացնում բազմաթիվ երկրներում:
Սվիատոսլավ Մորոզը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան` աշակերտելով Օլեգ Կագանին: Ելույթներ է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Օլեգ Կագանի, Սվյատոսլավ Ռիխտերի, Նատալյա Գուտմանի, Վիկտոր Տրետյակովի, Էդուարդ Բրուների, Քիմ Քաշքաշյանի և այլ մեծանուն երաժիշտների հետ, որպես մենակատար` “Berner Symphonie Orchestra”, “Constance Symphony Orchestra”, “Orquestra Sinfonica do Estado de Sao Paulo”, “Berlin Philharmonic”, և այլ հայտնի նվագախմբերի հետ: Մորոզը Չայկովսկու անվան դաշնամուրային տրիոյի անդամ է, որի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել Իտալիայում,Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
C
“Չինաստանի ուղին”. մրցույթ` նվիրված ՉԺՀ-ի 60-ամյակին
ՉԺՀ Դեսպանությունը ՀՀ-ում և “Զարդ” մշակութային հկ-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի ուսանողության համար, որի նպատակն է ավելի լավ ճանաչել Չինաստանի ինքնատիպ ուղին` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մրցույթը բաղկացած է 3 փուլից: Առաջին փուլի մասնակիցներին առաջարկվում է նախապատրաստել և zard.contest@gmail.com էլեկտրոնային հասցեով ուղարկել ստորև բերված 10 հարցերի պատասխանները: Լավագույն պատասխաններ ուղարկած մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ: Պատասխանները պետք է ուղարկել մինչև ս/թ նոյեմբերի 1-ը: Պատասխանների հետ պետք է ուղարկել նաև համառոտ տեղեկություններ և կոնտակտային տվյալներ մասնակցի մասին:
Մրցույթի 1-ին փուլի հարցեր
1.Երբ է ստեղծվել ՉԺՀ-ն: Որքան են ՉԺՀ-ի տարածքը և բնակչությունը:
2.Թվարկեք այն երկրները, որոնք ՉԺՀ-ի հետ ունեն ծովային և ցամաքային սահմաններ:
3.Թվարկեք ՉԺՀ-ի վարչական բաժանումների տեսակները:
4.Երբ են հաստատվել դիվանագիտական հարաբերությունները ՉԺՀ-ի և ՀՀ-ի միջև:
5.Որն է Չինաստանի ամենաբարձր կետը: Նշեք դրա բարձրությունը:
6.Որ գետն է համարվում հին չինական մշակույթի օրրանը: Որքան է գետի երկարությունը:
7.Թվարկեք Չինաստանի կայսերական դինաստիաները:
8.Թվարկեք Հին Չինաստանի մայրաքաղաքները:
9.Թվարկեք չինական կենդանակերպի 12 նշանները:
10.Թվարկեք Հին Չինաստանի առավել հայտնի գիտատեխնիկական նվաճումներից առնվազն չորսը:
Մրցույթի հաղթողները կստանան արժեքավոր նվերներ, այդ թվում համակարգիչ notebook:
****************************************
Գաֆէսճեան Արվեստի կենտրոնի բացումը` շուտով ու մեծ շուքով
Նոյեմբերի 7-ին և 8-ին տեղի կունենա Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնի երկար սպասված բացումը: Բացման արարողության մեկնարկը կտրվի նոյեմբերի 7-ին աննախադեպ հրավառությամբ նորաբաց Կասկադի Քանդակների Այգու տարածքում: Նոյեմբերի 8-ին ողջ օրվա ընթացքում սպասվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, հանդիպումներ, վարպետության դասընթացներ, գրքերի շնորհանդեսներ` ազատ մուտքով:
Հատկապես ուշագրավ է լինելու ժամանակակից ապակեգործական արվեստի աշխարհի լավագույն նմուշների, այդ թվում չեխ հանրահայտ ապակեգործ, նկարիչներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի` “Հայաստանի համար” ցուցահանդեսը Կենտրոնի “Սասունցի Դավիթ” սրահում:
Բացման շուրջօրյա միջոցառումները ներառում են Արշիլ Գորկու հատուկ հավաքածուի ցուցադրությունը, Գաֆէսճեան Քանդակների Այգու բացումը, Խանջյանի Տրիպտիխի վերանվիրաբերումը, ինչպես նաև բացառիկ լուսանկարների ցուցադրությունն ու մտերմիկ զրույցը բիթլերի նախկին կանանց հետ:
20-րդ դարի ամենաազդեցիկ խմբի` Լիվերպուլյան քառյակի անդամներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի կանայք` Սինթիա Լենոնն ու Փեթթի Բոյդը առաջին անգամ միասին միևնույն հարթակից կուղեկցեն հանդիսականին ու ունկնդրին դեպի իրենց հռչակավոր նախկին ամուսինների կյանքի և երաժշտության հայտնի ու անհայտ անկյուններ: Երեկոն կավարտվի հարց ու պատասխանով: Երեկոյի ավարտին ցանկացողները կարող են ձեռք բերել “Ջոն” և “Հիասքանչ երեկո” գրքերը` հեղինակների մակագրությամբ: Լենոնի մասին գրքում Սինթիան փորձել է ներկայացնել իրական պատմություն իրական Լենոնի մասին` երբեմն կատաղի, երբեմն մեղմ, երբեմն անհանդուրժող, երբեմն ուրախ, տաղանդավոր մարդու մասին, ով մեծ ազդեցություն է թողել ողջ աշխարհի վրա:
Նոյեմբերի 8-ին Գաֆէսճեան Արվեստի Կենտրոնի “Խանջյան” սրահում վարպետության դասընթացով հանդես կգա “New York Times” ամսագրի արվեստի քննադատ, ժամանակակից արվեստի բնագավառում ամենահեղինակավոր արվեստաբաններից մեկը` Մայքլ Կիմմելմանը, ով կներկայացնի նաև իր հեղինակած վերջին գիրքը: Մուտքը`տոմսերով:
Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամի մշտական հավաքածուի կորիզը կազմում է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի արվեստի հավաքածուն, որտեղ, բացի վերը նշված արվեստագետների հավաքածուներից, ընդգրկված են բազում երկրների արվեստագետների աշխատանքներ, այդ թվում` համաշխարհային համբավ վայելող Դեյլ Չիհուլիի, Լին Չադուիքի, Բարրի Ֆլանագանի տարբեր գործեր, Ֆերնանդո Բոթերոյի մեծածավալ բրոնզե ստեղծագործությունները:
Գաֆէսճեան թանգարան ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձեւերի ազգային կենտրոն: Նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսընի նախագծով կառուցվող թանգարանի շենքը և երկու տարվա շինարարական աշխատանքներից հետո լիովին վերափոխված Կասկադը հավակնում է դառնալ աշխարհի ամենահայտնի ժամանակակից արվեստի կենտրոններից մեկը:
****************************************
Հոկտեմբերի 25- 29-ը կանցկացվի «Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը “Կենդանիների դիմակահանդես-մրցույթ”
«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մեկնարկը կազդարարվի հոկտեմբերի 25-ին մեծ դիմակահանդես-երթով: Գույնզգույն կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ կխրախուսեն անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին: Դիմակահանդես-քայլերթը կսկսի Մատենադարանի մոտից ժամը 15:00-ին ու կավարտվի Շ. Ազնավուրի անվ. հրապարակում: Բնապահպանական կոչերով ու կարգախոսներով դիմակահանդեսի մասնակիցներին կուղեկցեն երաժշտական և կրկեսային խմբեր: Շքերթի ողջ ընթացքում երեխաները ծաղկի սերմեր կբաժանեն անցորդներին` նրանց էլ դարձնելով միջոցառման մասնակից: Դիմակահանդես-քայլերթի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել հասարակությանը այն պատասխանատվության մասին, որոնք մարդիկ կրում են իրենց շրջապատող աշխարհի համար: Քայլերթի մասնակիցներին Շ. Ազնավուրի անվ. հրապարակում կսպասեն պոլիէթիլենային աղբից պատրաստված Հայաստանի էնդեմիկ ոչնչացող կենդանատեսակների քանդակները:
Դիմակահանդես-մրցույթը բաց է բոլորի համար, նախապայմանը մեկն է` պատրաստիր քո դիմակը և մասնակցիր: Յուրաքանչյուր դպրոց կամ խումբ կարող է դիմակահանդեսին մասնակցելու հայտ ներկայացնել: Յուրաքանչյուր խմբի մասնակիցներ պետք է կրեն միանման հագուստներ, քանի որ դիմակահանդեսի մրցույթին մասնակցությունը խմբով է և ոչ անհատապես: Դպրոցական երեխաները, ինչպես նաև մշակութային կենտրոնների սաները պարտադիր պետք է ներկայանան իրենց ուսուցիչների/խմբավարների հետ: Խմբով մասնակցելու դեպքում մեծ է նաև հաղթելու հավանակությունը: Դիմակահանդեսի մասնակից խմբերն ու երաժշտական խմբերը մրցելու են միմյանց հետ, հաղթողին որոշելու է ժյուրին: Մասնակից դպրոցների սաները պետք է ներկայացնեն իրենց դիմակները և զգեստները մինչև հոկտեմբերի 15-ը:
Յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունի շահելու 200.000-ական ՀՀ դրամ ` Լավագույն բնապահպանական զգեստ և Լավագույն ստեղծագործական լուծում անվանակարգերում:
****************************************
Հայտնաբերվել է Լեոնարդո Դա Վինչիի անհայտ մի կտավ
Օքսֆորդի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Մարտին Քեմպը վստահեցնում է, որ իրեն հաջողվել է հայտնաբերել Լեոնարդո Դա Վինչիի վրձնին պատկանող անհայտ մի կտավ: “Վերածննդյան ժամանակաշրջանի հագուստով երիտասարդ աղջկա կիսադեմը” անունը կրող նկարի վրա հայտնաբերված մատնահետքը նման է Դա Վինչիի մատնահետքին:
Քեմպի խոսքերով` հատուկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նկարի վերին ձախ անկյունում գտնվող մատնահետքը մեծամասամբ համապատասխանում է Դա Վինչիի` Վատիկանի թանգարաններից մեկում պահվող, “Սուրբ Ջերոմ” (1451) կտավի վրա հայտնաբերված մատնահետքին: Դա այն ժամանակն էր, երբ նկարիչը դեռևս չուներ մեծ համբավ և հիմնականում աշխատում էր միայնակ` առանց օգնականների: Ուսումնասիրությունը պարզել է նաև այն, որ նկարի հեղինակը ձախլիկ է եղել, և որ այս կտավը ոճական նմանություններ ունի Լեոնարդոյի այլ աշխատանքների`մասնավորապես “ Կիսադեմից պատկերված կնոջ դիմանկարը” կտավի հետ:
33X24 չափսեր ունեցող նկարը կատարվել է պերգամենտի վրա: Ըստ պրոֆեսորի` թեև Դա Վինչիի աշխատանքների մեջ չկան այնպիսիք, որոնք նկարված լինեն պերգամենտի վրա, սակայն հայտնի է, որ իտալացի նկարիչը հետաքրքրվել է այս տեխնիկայով` այդ մասին հարցուփորձ անելով Ֆրանսիայի պալատական նկարիչ Ժան Պերեալին, երբ վերջինս ժամանել է Միլան:
Քեմպի կարծիքով նկարը ստեղծվել է մոտավորապես 1496 թվին, իսկ կտավում պատկերված է Բիանկա Սֆորցան` Միլանի հերցոգ Լոդովիկո Սֆորցայի դուստրը:
Նախկինում 19-րդ դարի սկզբի գերմանացի անհայտ նկարչին վերագրվող այս կտավը վաճառվել է 1998 թվականին Քրիստիս աճուրդի տանը, որի համար եվրոպացի կոլեկցիոներ Պիտեր Սիլվերմանը վճարել է 19 հազար դոլար: Եթե մասնագետներին հաջողվի ապացուցել, որ նկարի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է, ապա, ըստ կանխատեսումների, նկարի արժեքը կարող է հասնել մինչև 100 միլիոն ֆունտ ստերլինգի, այսինքն 157,84 միլիոն դոլարի:
****************************************
Գլաձորյան տոնակատարություններ
2009թ. հոկտեմբերի 10-ին Վայոց Ձորում տեղի բնակչության և նրանց միացած բազմահազար հյուրերի մասնակցությամբ տեղի ունենցաn Գլաձորի համալսարանի 725 և Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի ստեղծման 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումներ:
Տոնական միջոցառումների շարքը բացվեց “Գալաձորի համալսարան” պատմամաշակութային արգելոց-թանգարանի տարածքում մի փոքր էքսկուրսիայով, որից հետո տոնական ծրագիրը շարունակվեց Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի անվան զբոսայգում արդեն տվյալ մարզի համար ավանդույթ դարձած “Երգ ու բերքի” տոնական համերգով, անուշահամ մրգերով ու գինով ավանդական հյուրասիրությամբ:
Այնուհետև Եղեգնաձոր քաղաքի “Գիտելիք” համալսարանում կայացավ “Գլաձորի համալսարան” պատմամաշակութային արգելոց-թանգարանի հիմնադրման 25 ամյակին նվիրված գիտաժողովը: Տոնական միջոցառումների շարքը եզրափակեց Վայոց Ձորի գանձը համարվող Նորավանքի վանական համալիր այցելությամբ:
Գլաձորի համալսարանը հիմնադրվել է Վայոց Ձորի Թանահատի վանքում բարերար Խաղբակյան Պռոշ իշխանի օգնությամբ, սակայն մեծ է եղել նաև Սյունիքի թեմական իշխանության ազդեցությունն ու հովանավորչությունը: Համալսարանն աչքի է ընկել նաև իր ուսուցչական փառահեղ կազմով` Ներսես Մշեցին, ում անվան հետ է կապված համալսարանի հիմնադրումը, այնուհետ Եսայի Նչեցին :
25 տարի առաջ Գլաձորի համալսարանը կարծես նոր կյանք ու շունչ է ստանում: Հաջորդող սերունդներին մեր փառահեղ պատմությունն ու մշակույթը, մեր հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը փոխանցելու համար նոր հող է նախապատրաստվում: Վանքի տարածքում հիմնադրվում է համալսարանի պատմությունը ներկայացնող “Գլաձորի համալսարանի պատմության թանգարանը”:
Մելինե Մովսիսյան ****************************************
Հայաստանում Գերմանիայի մշակութային շաբաթներ -2009
Հայ-գերմանական մշակութային համագործակցությունն իրականացվում է 1995թ. ստորագրված "Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին" Համաձայնագրի հիման վրա:
Վերջին տարիների հայ-գերմանական մշակութային երկխոսությունը աչքի է ընկնում համագործակցության նոր ձևաչափերի առկայությամբ, ծրագրերի զգալի առատությամբ և ոլորտային բազմազանությամբ` համատեղ ծրագրեր, մշակութային փոխանակություններ, մասնակցություն փառատոներին:
Հայաստանում արդեն ավանդական դարձած Գերմանիայի շաբաթների շրջանակներում այս տարի մարտ ամսից մինչ այսօր Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում` Գյումրիում, Սիսիանում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում, Եղեգնաձորում, անց են կացվել տասնյակ ցուցահանդեսներ, դասական համերգներ, դասախոսություններ, ընթերցումներ, գիտաժողովներ, թատերական նախագծեր, որոնք իրենց շարունակությունը կունենան մինչև տարեվերջ:
Հոկտեմբերի 12-ին, կայացավ Հարավգերմանական երիտասարդական ջազային նվագախմբի “Dominik Wagner Quartett” անսամբլի և երգչուհի Կարոլին Բեխտլեի մասնակցությամբ ջազային համերգ "Ավանգարդ Ֆոլք" ակումբում: Հոկտեմբերի վերջին Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի լուսանկարների ցուցահանդեսը կբացվի Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում: Հոկտեմբերի վերջին տեղի կունենա նաև Գերմանական վավերագրական ֆիլմերի ցուցադրում "Արևորդի" փառատոնի շրջանակներում, ինչպես նաև Դիսկո-երեկո գերմանացի դիջեյի մասնակցությամբ: ****************************************
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ…
1968 թ., երբ Երևանը դարձավ 2750 տարեկան, Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշեց մեծ շուքով նշել այդ տոնը, որն այդուհետ կոչվեց “Էրեբունի-Երեւան”:
Լինելով Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցը` Երևանը, ի տարբերություն նշված քաղաքների, 21 դարի ծաղկուն և երիտասարդ քաղաքներից մեկն է: Մեր մայրաքաղաքն այսօր արդեն 2791 տարեկան է: Ո՞րն է Երևանի հավերժ երիտասարդության գաղտնիքը, դժվար է ասել…
Քաղաքի հիմնադիր ուրարտական արքա Արգիշտին` Մենուայի որդին, մեզ հասած սեպագիր արձանագրության մեջ նշել է, որ Էրեբունին կառուցել է որպես հզոր ամրոց, և անվանել այն Էրեբունի` Բիայնիլի երկրի հզորության համար և ի սարսափ թշնամական երկրների: Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ:
…1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին դարձավ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:
Սկսվեց “Վարդագույն քաղաք”–ի երկրորդ վերածնունդը: Զարկ տրվեց քաղաքաշինությանը` ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ: 70 տարիների ընթացքում Երևանը կառուցապատվեց, նոր տեսք ստացավ, որպեսզի 1991թ. սեպտեմբերի 21-ին արդեն ժամանակակից տեսք ունեցող Երևանը դառնար ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաքը:
Շնորհավոր ծնունդդ սիրելի Երևան` համայն հայության միակ օթևան…
Ստորև կարող եք ծանոթանալ այսօր նախատեսված տոնական միջոցառումների ժամանակացույցին:
Arit.am
****************************************
ՀայՖԵՍՏ 2009
Երևանում ավարտվեց ՀայՖԵՍՏ 7-րդ միջազգային թատերական փառատոնը
****************************************
Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում տրվել է Հերթա Մյուլերին
Գրականության ասպարեզում 2009 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է գերմանուհի գրող Հերթա Մյուլերը։
«Գրողն իր երկերում ամենայն մանրամասնություններով նկարագրել է առօրյա կյանքը լճացած դիկտատուրայի պայմաններում», - ասվում է Շվեդիայի ակադեմիայի տարածած հաղորդագրությունում։
Մյուլերը դարձավ Նոբելյան մրցանակին արժանացած 12-րդ իգական սեռի ներկայացուցիչը: Մինչ այդ նա արդեն արժանացել է մի շարք, այդ թվում Հենրիխ Կլեյստի, Ֆրանս Կաֆկայի, Յոզեֆ Բրոյտբախի անվան մրցանակներին: Իսկ ոչ պակաս հեղինակավոր Դուբլինյան մրցանակին Մյուլերը արժանացել է 1998 թ-ին` "Herztier” պատմվածքի համար: Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած նախորդ գերմանացին եղել է Գյունտեր Գրասսը` 1999 թ-ին:
Մյուլերը ծնվել է 1953 թ. Ռումինիայում` գերմանացիներով բնակեցված ավանում։
1982 թ-ին հրատարակել է իր առաջին պատմվածքը գերմաներեն լեզվով: 5 տարի անց ամուսնու հետ տեղափոխվել է Գերմանիա: Մյուլերի հաղթանակը վաղուց էր կանխատեսվել ուսումնասիրողների կողմից: Մյուլերը հիմնականում հայտնի է իր պրոզայիկ ստեղծագործություններով, սակայն 2000թ. նա լույս ընծայեց իր "Im Haarknoten wohnt eine Dame”բանաստեղծությունների հավաքածուն:
Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն` շուրջ 970 հազար եվրո: Մրցանակակիրների պատվին տրվելիք հանդիսավոր երեկույթը տեղի կունենա 2009 թվականի դեկտեմբերին` Ստոքհոլմում:
Անցյալ տարի գրականության ասպարեզում մրցանակին արժանացել է ֆրասիացի գրող Ժան Մարի Գյուստավ Լեկլեզոն, իսկ դրանից մեկ տարի առաջ` բրիտանացի գրող Դորիս Լեսսինգը: Գրականության ասպարեզում Նոբելյանը մրցանակը հանձնվում է 1901 թվականից: Մրցանակն իր պատմության ընթացքում միայն 7 անգամ չի հանձնվել` 1914, 1918, 1935, 1940, 1941, 1942 և 1943 թվականներին; Չորս անգամ մրցանակը տրվել է երկու գրողի միաժամանակ:
****************************************
Վրացական թատրոնը Երևանում
Շալվա Դադիանի Զուգդիդի և Կահա Բակուրադզեի շարժման թատրոն
****************************************
Վան Գոգի նամակները բացահայտել են պոստիմպրեսիոնիստի գրական ձիրքը
Իսկական գրական ձեռքբերում է անվանվել վերջերս լույս տեսած Վինսեթ Վան Գոգի նամակների հավաքածուն, որի հրատարակմամբ զբաղվել է Ամստերդամում գտնվող նկարչի թանգարանը: Թանգարանի աշխատակիցներից մեկի խոսքով` Վան Գոգը ունեցել է ձևականորեն ճշգրիտ և զվարճալի գրելաոճ: Վերջինս նաև նշել է, որ նամակների հրատարակումը նորից առաջ է բերել “Աղքատ և մերժված հանճարեղ խելագարի” մասին առասպելը:
Վեց հատորից բաղկացած նամակների հավաքածուն ներառում է 902 նամակ, որոնք գրվել են 1872-1890 թթ: Նամակներից 893 –ը պատկանում են նկարչին, մնացածը` հրատարակիչներին: Նամակների հրատարակման համար պահանջվել է 15 տարի: Հրատարակման կապակցությամբ Ամստերդամում գտնվող նկարչի թանգարանում բացվել է ցուցահանդես, որում ներկայացվել են ամենահետաքրքիր նամակները և դրանց հետ կապված նկարները, այդ թվում “ Կարտոֆիլ ուտողները” և “Սերմնացանը արևամուտին” կտավները:
Նամակների հրապարակումը ցույց է տալիս, որ Վան Գոգը շատ է մտորել արվեստի շուրջ, նրա նամակներից կարելի է ենթադրել, որ նա մանրամասնորեն է մտահղացել իր յուրաքանչյուր վրձնահարվածը:
****************************************
“Շղթաներ”`“Hay Fest“-ի շրջանակներում
Հոկտեմբերի 7-ին Երևանի Հ.Թումանյանի անվան պետական Տիկնիկային Թատրոնի մեծ դահլիճում “Hay Fest“ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կայացավ “Շղթաներ” բեմադրության պրեմիերան` ըստ Անրի Միշոյի համանուն էքսպերիմենտալ դրամայի: Բեմադրության հեղինակն է Յաննա Գաբրիելյանը: Պիեսի հեղինակը` Անրի Միշոն, ծնվել է 1899թ.-ին, Բելգիայում, սակայն համարվում է ֆրանսիացի բանաստեղծ: “Շղթաները” դրամա է մեկ գործողությամբ: Պիեսը գրված է աբսուրդի թատրոնի սկզբունքներով:
“Շղթաներ” դրաման առաջին հերթին որդիների և ծնողների կոնֆլիկտի մասին է: Ցանկացած մարդ կայանալու համար պետք է ազատվի ծնողների անառարկելի հեղինակությունից և ինքնուրույն որոշումների արդյունքում դառնա անհատ: Ծնողների և երիտասարդների տարօրինակ փոխհարաբերությունների տակ կարդացվում է սիրո պակասը թե’ ծնող երեխա, թե’ հակառակ սեռի նկատմամբ:
Ներկայացման “Շղթաներ” անվանումը պահպանելը պատահական չէ: Այս պիեսում շոշափվում է ծնողների կապանքներից երեխաների ազատագրվելու հարցը, սակայն կա մեկ իմաստ ևս. շղթայական կապ երիտասարդների և նրանց ծնողների սիրո պատմությունների միջև: Տղան և աղջիկը մեր աչքի առաջ անցնում են կյանքի այն ճանապարհը, որն աղջկա մայրը արդեն անցել է տղայի հոր հետ, պարզապես ճակատագրի բերմամբ նրանք բաժանվել են, չեն կարողացել պահպանել սերը, և երեխաներն էլ քույր և եղբայր չեն, այլ ժամանակին միմյանց սիրող մարդկանց զավակներ: Երիտասարդները չեն կրկնում ծնողների սխալները, նրանք ազատվում են ծնողների ճնշող կապանքներից և ընտրում իրենց ուրույն կյանքի ուղին` սեփական օրինակով ցույց տալով ճիշտ ճանապարհը:
Ներկայացումը բեմադրված է աբսուրդի թատրոնի սկզբունքներով, այն էքսպերիմենտալ է, բայց միևնույն ժամանակ դերասանական խաղում առկա են հոգեբանական թատրոնի տարրեր: Կային տեսարաններ, որոնց լուծումը տրվում էր պլաստիկ շարժման միջոցով կամ պարով: Առաջին տեսարանում կերպարներից մեկը խամաճիկ է, որը որոշում կայացնելով և սիրելով` դառնում է մարդ:
Բեմադրիչ Յաննա Գաբրիելյանը 2007թ.-ին ավարտել է Երևանի Կինոյի և
Թատրոնի Պետական ինստիտուտի դրամ. թատրոնի ռեժիսուրայի բաժինը:
****************************************
REANIMANIA
Երևանում մեկնարկել է REANIMANIA առաջին միջազգային անիմացիոն փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը:
****************************************
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոն
Երևանյան 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այս օրերին Երևանում են գտնվում մենակատարներ` տաղանդավոր երաժիշտ Ռադովան Վլատկովիչը, (Ավստրիա), աշխարհահռչակ տենոր Ջուզեպե Ջակոմինին (Իտալիա) և հայազգի մեծատաղանդ երգչուհի Կարինե Բաբաջանյանը, սոպրանո (Գերմանիա): ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին երաժիշտները կատարեցին Յ. Սիբելիուսի,Ռ. Շտրաուս “Գալարափողի կոնցերտ թիվ 1”
Պ. Չայկովսկի “Սիմֆոնիա թիվ 4” ստեղծագործությունները, իսկ հոկտեմբերի 4-ին հանդես կգան օպերային արիաներով: Իր սերնդի առաջատար երաժիշտներից մեկը` Ռադովան Վլատկովիչը հայտնի է որպես գալարափողի երաժշտության նվիրված տարածող և մանկավարժ: Ծնվել է 1962-ին Զագրեբում: Սովորել է Զագրեբի երաժշտական ակադեմիայում:Մասնակցել է Զալցբուրգի, Վիեննայի, Էդինբուրգի, Դուբրովնիկի փառատոններին, ելույթներ ունեցել Ամերիկայում, Ավստրալիայում, Իսրայելում, Կորեայում և Ճապոնիայում:
Իր ձայնագրած CD-ների համար արժանացել է Գերմանիայի քննադատների մրցանակին: Ձայնագրությունների թվում են Մոցարտի, Ռ.Շտրաուսի, Սեն-Սանսի, Բրիտենի, Լեոպոլդ Մոցարտի ստեղծագործությունները, որոնք Վլատկովիչը կատարել է հայտնի նվագախմբերի նվագակցությամբ` հռչակավոր դիրիժորների ղեկավարությամբ:
Ջուզեպե Ջակոմինին ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային թատրոններում` Նյու Յորքի Metropolitan, Լոնդոնի Royal Opera House Covent Garden, Միլանի Teatro alla Scala, Վիեննայի Wiener Staatsoper և այլն: Արժանացել է Իտալիայի բարձրագույն պարգևների և տիտղոսների` "Commendatore e Cavaliere dell'Ordine di S. Gregorio Magno"և այլն: Համարվում է Իտալիայի ժամանակակից լավագույն դրամատիկական տենորներից մեկը (դերերի թվում` Օթելլո, Ռադամես, Ալվարո, Անդրե Շենյե, Կավարադոսի, Կալաֆ, Կանիո, Մանրիկո, Դոն Խոսե, Սամսոն և այլն):
Կարինե Բաբաջանյանը ծնվել ե Երևանում: Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (պրոֆ. Տ.Սազանդարյանի դասարան)` ուսումը շարունակելով Հռոմում Միրելա Պարուտոյի ղեկավարությամբ: Իսահակյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիրն է և Ավստրո-Գերմանական մրցույթի (Երևան) և Համբուրգի "Competizione Dell Opera" մրցույթի (1998) հաղթողը: 1999-ից իր գործունեությունը շարունակել է Գերմանիայում: Մասնակցել է հեղինակավոր փառատոների Bregenz, Baden-Baden, Ruhr Trienale, Schleswig –Holstein և այլն: Կարինե Բաբաջանյանի երգացանկն ընդգրկում է ավելի քան 20 դերերգեր (Բաթերֆլայ, Տոսկա, Լեոնորա<Տրուբադուր>, Նորմա, Միմի, Լեոնորա <Ճակատագրի ուժը>, Մադալենա, Ամելիա, Դեզդեմոնա, Դոննա Էլվիրա, Ֆյորդիլիջի, Կոնտեսսա, Էլետրա, Նեդդա, Տատիանա, Յենուֆա և Մանոն Լեսկո): "Opernwelt" ամսագիրը 2001-ին նրան անվանել է տարվա լավագույն Մանոն Լեսկոն և Չո-չո Սանը:
****************************************
“Այս տանը 1921 թ. գարնանը իջևանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը”
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 8-ին նախկին Աստաֆյան, այժմ Աբովյան փողոցի 1/1 շենքի պատին փակցվելու է մարմարյա հուշաքար առ այն, որ 1921 թ. գարնանն այդ տանը շուրջ մեկ ամիս ապրել է Ամենայն հայոց բանաստեղծը:Հուշաքարի քանդակագործն է Սամվել Ղազարյանը, իսկ տեքստում նշված է.” Այս տանը 1921 թ. գարնանը իջևանել է մեծ գրող Հովհաննես Թումանյանը”
Հովհաննես Թումանյանը Երևանում եղել է հինգ անգամ և կարճ ժամանակով: 1895թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն: Նրա խնդիրն է եղել մի շարք վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին: Երևանում բանաստեղծն իջևանել է «Ֆրանսիա» հյուրանոցում:
Հաջորդ կարճատև այցը 1904թ էր, իջևանել է Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանի շենքում:
Երրորդը 1915 թվականին էր: Էջմիածնից գաղթականության հարցերով գալիս է Երևան: Մեծ դժվարություններով գաղթականների մի մասին միայն կարողանում են տեղափոխել մայրաքաղաք: Դարձյալ իջևանում է Առաջնորդարանում և մի քանի օր անցկացնում այնտեղ:
1921 թ. մարտին, հակասովետական խռովության օրերին, Թումանյանը նորից ժամանում է Երևան: Առաքելության նպատակն էր` դադարեցնել եղբայրասպան պատերազմը: Ժամանելուն պես Թումանյանին տանում են դաշնակցության «Հայաստանի փրկության կոմիտե»: Վրացյանը քաղաքում չէր, և կարգադրություն կար մինչև նրա վերադառնալը Թումանյանին հսկողության տակ պահել: Բայց ընդառաջելով բանաստեղծի ավագ դստեր` Աշխենի թախանձանքներին, Թումանյանին ենթարկում են տնային կալանքի դստեր` Աստաֆյան փողոցում գտնվող (Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի դիմաց) շենքի երկրորդ հարկի բնակարանում: Քանի որ հապաղելու ժամանակ չկար, իսկույն գործի անցնելով` Թումանյանը հանդիպումներ է ունենում Հովհաննես Քաջազնունու, Համո Օհանջանյանի, Վահան Մինախորյանի, հասարակական-քաղաքական այլ գործիչների հետ: Գլխավորն ու վճռորոշը, ինչ խոսք, Վրացյանի հետ վարած բանակցություններն էին: Աստաֆյան փողոցի այդ բնակարանում Թումանյանն ապրել է մինչև երևանյան իր առաքելության ավարտը`ճիշտ մեկ ամիս, մարտի 20-ից ապրիլի 19-ը:
1921 թ. սեպտեմբերին Թումանյանը կրկին գալիս է Երևան: Հայաստանի կառավարության առաջարկով ստանձնում է ՀՕԿ-ի նախագահի պաշտոնը: Կոմիտեի ողջ անձնակազմը, այդ թվում և Թումանյանը, այդ օրերին բնակվում է հայտնի գինեգործ և գինեվաճառ մեծահարուստ Կարապետ աղա Աֆրիկյանի` Էջմիածնի ճանապարհին գտնվող առանձնատանը:
****************************************
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Կայացավ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի 10-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգը և տրիոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:
Այդ առթիվ ARIT.am ստեղծագործական խումբը շնորհավորում է գործընկերներին
****************************************
“Ես Մարդ եմ” կինոփառատոնի մեկնարկը` Եղեգնաձորում Սեպտեմբերի 10-12-ը Եղեգնաձորում անցկացվեց “Ես մարդ եմ” կինոփառատոնը: Այն տեղի երիտասարդների համար մի պատուհան է դեպի աշխարհ, որ հնարավորություն է տալիս քննարկել սեփական խնդիրները` մեկ այլ ազգի խնդիրները դիտարկելով, վերջին 20 տարում սա միակ փառատոնն է, որ իրականանում է Եղեգնաձորում:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որտեղ անցկացվեց փառատոնը, հանդիսատեսը հիմնականում երիտասարդներ, ուսանողներ ու դպրոցի ավագ դասարանների սաներ էին: Արդեն 2-րդ տարին է, որ ”Յավուրյան” ստուդիան ստանում է փառատոնը Եղեգնաձորում իրականացնելու իրավունքը: Կազմակերպիչ Նանե Ասատրյանի /Բագրատունի/ կարծիքով, այն այս տարի առավել հետաքրքիր էր երիտասարդների համար, քանի որ ֆիլմերն ավելի դինամիկ ու համեմատաբար կարճ էին քան նախորդ տարի:
Հարավկովկասյան այս փառատոնը ունի կառուցվածքային առանձնահատկություն. ֆիլմերի դիտումները ենթադրում են քննարկումներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվում են ժյուրիի կողմից նախապես ընտրված արտասահմանյան հեղինակների /ոչ կովկասյան/ վավերագրական ֆիլմեր, որոնք հարավկովկասյան հանդիսատեսին փոխանցում են տեղեկատվություն ոչ միայն այլ երկրներում խաղաղության և մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և երևույթների մասին, այլև յուրաքանչյուրի համար առիթ հանդիսանում արտահայտելու իր կարծիքը, ծանոթանալու նոր տեսակետների և մոտեցումների:
Երրորդ տարին է, ինչ փառատոնը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվում է Հարավային Կովկասի ողջ տարածքում` Հայաստանում, Վրաստանում, Արդբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Հայավային Օսիայում և Աբխազիայում: Փառատոնի հայաստանյան մեկնարկը սկսում է Եղեգնաձորից, որից հետո այն անցկացվում է Վանաձորում, Նոյեմբերյանում, Կապանում և մայրաքաղաք Երևանում: Յուրաքանչյուր քաղաքում փառատոնը յուրահատուկ է, քանի, որ նախատեսված է տարբեր լսարանների համար: Ժյուրիի ընտրած 10 ֆիլմերից ցուցադրվում է 6-7 ֆիլմ: Յուրաքանչյուր քաղաքում իրականացվում են տարբեր մշակութային նախաձեռնություններ` “Շրջանակային ծրագրի” ներքո, Եղեգնաձորի դեպքում այս տարի ընտրվել է երիտասարդների մասնակցությամբ փոքրիկ ֆիլմի նկարահանում փառատոնի օրերին: ****************************************
«ՍՏՎԵՐ». ԴՊՐՈՑԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Հանրապետության բոլոր դպրոցականները հրավիրվում են իրենց ֆիլմերով, տեսահոլովակներով և լուսանկարներով մասնակցելու «ՍՏՎԵՐ» մրցույթ-փառատոնին, որը տեղի կունենա 2009թ. նոյեմբերին: Մրցույթ-փառատոնի պայմաններն են. ֆիլմերը, հոլովակները և լուսանկարները պետք է ներկայացնեն հեղինակի վերաբերմունքը կյանքի տարբեր ոլորտներում հանդիպող անարդարության դրսևորումների, անազնիվ արարքների և այլ տգեղ երևույթների նկատմամբ, որոնք մեկ բառով կարող են կոչվել «կոռուպցիա»: Ֆիլմերը կարող են լինել խաղարկային կամ վավերագրական, իսկ լուսանկարների մրցույթում ընդունվում են նաև կոլլաժներ: Տեսանյութը կարող է նկարահանված լինել նաև բջջային հեռախոսով: Եթե դու կամ քո ընկերն ունեք տեսախցիկ կամ ֆոտոխցիկ, սկսեք վերջապես օգտագործել դրանք: Քո ֆիլմը, հոլովակը կամ լուսանկարը կպատմեն այն, ինչը քեզ իրոք հուզում է. կարող ես ներկայացնել քո պատմությունը, ցույց տալ այն, ինչը քեզ դուր չի գալիս, պատմել, թե ինչպիսին կուզեիր տեսնել կյանքը քո շուրջը:
Մրցույթի վերջնաժամկետը 2009թ. նոյեմբերի 5-ն է: Հայտերը ներկայացնել ք. Երևան, ՀԱԹ, Րաֆֆու փողոց 57, «Մեդիա» մշակութային կենտրոն (Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց): Իսկ եթե դուք ունեք ասելիք, սակայն չունեք տեխնիկա, անպայման զանգահարեք կամ պարզապես ուղարկեք ձեր պատմությունը lilit@cpdd.am հասցեին մինչև հոկտեմբերի 15-ը:
Հոկտեմբերի 8-ին ժամը 12-ին “Մեդիա” մշակութային կենտրոնում կկայանա տեղեկատվական սեմինար:Լավագույն ֆիլմերի և լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և պատվոգրեր: ****************************************
Արամ Խաչատրյանի անվան տրիոն 10 տարեկան է. կկայանա նոր ձայնասկավառակի համերգ-շնորհանդես
Արամ Խաչատրյանի անվան տրիոն այս տարի նշում է իր հիմնադրման և գործունեության 10 ամյակը: Հոբելյանական տարին եռյակը կտոնի աշնանային համերգաշարով և նոր ձայնասկավառակի թողարկմամբ:
Սեպտեմբերի 26-ին ժամը 19-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա տրիոյի նոր ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը: Ծրագրում կհնչեն նոր ձայնասկավառակում ընդգրկված Ա. Բաբաջանյանի և Դ.Շոստակովիչի ստեղծագործությունները:
Համերգի մուտքն ազատ է: Համերգի հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին, ժամը 14-ին “Star City” խանութ-սրահում /հասցեն` Աբովյան 26/ կկազմակերպվի նոր թողարկված ձայնասկավառակի շնորհանդես-վաճառք, ձայնասկավառակը գնելիս ցանկացողները կստանան նաև տրիոյի անդամների ինքնագրերը:
Խաչատրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999թ-ին “Արսիկա” անունով:
2008թ-ից եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Կազմում հանդես են գալիս ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Արմինե Գրիգորյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:
Եռյակն իր գործունեության ընթացքում համերգներով է հանդես է եկել Հայաստանում, Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոների աշխարհի տարբեր երկրներում`"Schubertiade"` Լոզանում , "Festival de las Artes"` Կոստա-Ռիկայում , "Festival International Cervantino"` Մեքսիկայում և այլն: 2007թ-ի նոյեմբերին եռյակը մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում, նրանց ելույթները բազմիցս հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Վերջին երկու տարիներին համույթը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ. երաժիշտները վարպետության դասեր են անցկացնում ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ: Խաչատրյանի անվան եռյակը սերտորեն համագործակցում է նաև ժամանակակից կոմպոզիտորների հետ: Երաժշտական քննադատները բարձր են գնահատում երաժիշտների վիրտուոզ կատարումը, խորը երաժշտականությունը և ոճի զգացողությունը:
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել պաշտոնական կայքում` www.khachaturiantrio.com:
Տրիոյի նոր ձայնասկավառակի և համերգ-շնորհանդեսի մեդիա և PR գործընկերն է "Arit.am" ստեղծագործական խումբը ****************************************
Վերադարձի Դասական Երաժշտության Երրորդ Փառատոն “Արվեստների պատկերասրահ” մշակութային հիմնադրամը սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 24-ը ներկայացնում է Վերադարձի Դասական երաժշտության երրորդ փառատոնը: Վերադարձի փառատոն խորագրով ծրագրի իրականացման հիմնական նպատակը ընդգծված է հենց վերնագրի մեջ: Այն կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից և իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին: Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
Փառատոնի բացման հանդիսավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին Կամերային երաժշտության տանը: Համերգին մասնակցում են Շվեյցարիայից Ջուլիետ Գալստյանը /մեցո սոպրանո/, Գերմանիայից Միքայել Բալյանը /կլավեսին/, Վերադարձի Փառատոնային Բարոկ նվագախումբը, “Սանկտուս” վոկալ քառյակը: Համերգի դիրիժորն է Արամ Թալալյանը: Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` "Արամ Խաչատրյան" համերգասրահում:
**************************************** Ստեղծագործում են Շուշիի Պատանեկան ակումբի սաները Փայտարվեստի թանգարանը ներկայանում է մի յուրօրինակ ցուցահանդեսով, որտեղ ցուցադրված են Շուշի քաղաքի Պատանեկան ակումբի սաների աշխատանքները: Փոքրիկ կարպետների փոքրիկ հեղինակները, ուսումնասիրելով անցյալի մշակույթը, արվեստը, հին նախշաձևերը, նախշման սկզբունքները, չեն արտանկարել, այլ հորինել են նոր նախշեր և վերարտադրել որպես առարկա: Դասընթացների միջոցով ձևավորվում է աշխարհընկալում, սկսում են համակարգված տեսնել իրերը: Հին կարպետների ուսումնասիրությունը նպաստում է նաև գունային ճաշակի, նյութի հետ աշխատելու շնորհի ձևավորմանը, թելի և հյուսքի առանձնահատկությունների ընկալմանը;
Աշխատանքները դեռևս հեռու են կատարելությունից, բայց, այնուամենայնիվ, ունեն այն որակը, որ կարելի է ներկայացնել որպես երեխայի աշխարհընկալման արդյունք: Դիտողը ակամայից զգում է այն մեծ սերը, խնամքը, հոգատարությունը, որով արված են աշխատանքները:
Բացելով այս ցուցահանդեսը` կազմակերպիչները հույս ունեն, որ նոր սերունդը, հաղորդակից լինելով անցյալի ավանդույթներին և փորձելով կենդանացնել հինը` իր հերթին կյանքի կկոչի հայկական ավանդական մոտեցումները:
“Ցավոք մեր անփութության և օտարամոլության պատճառով կենցաղից դուրս է մղվել կարպետահյուս իրերի գործածությունը: Իսկ այս փոքրիկ ցուցահանդեսը դիտողին վերադարձնում է մի աշխարհ, որտեղ կարպետներ հյուսվել և կիրառվել են հին տներում` հանդիսանալով ազգային մշակույթի անբաժանելի հոգևոր մաս”,- ասված է թանգարանի մամլո հաղորդագրության մեջ:
**************************************** Եվրոպական ժառանգության օրեր
“Ծիր կաթին” 1991 թվականից սկսած` Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամեն տարի սեպտեմբերին` հանգստյան օրերին, կազմակերպվում է եվրոպական ժառանգության օրեր, որին մասնակցում են եվրոպական մշակութային համաձայնագիրը ստորագրած 49 պետություններ:
Սեպտեմբերի 19-20-ը թանգարաններում Եվրոպական ժառանգության օրերի այս տարվա “Ծիր կաթին” խորագրին համապատասխան` կազմակերպվելու են տոնական միջոցառումներ, նոր ցուցադրություններ, մասնավորապես, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի “Տիեզերքի սիմվոլները” ցուցահանդեսը, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա` “Ծիր կաթին”, “Վահագնի ծնունդը” ջութակի կոնցերտ երաժշտական երեկոն, Հ. Թումանյանի թանգարանը պատրաստել է ուխտագնացություն դեպի Դսեղ` “Շրջագայություն բանաստեղծի սիրած վայրերը” խորագրի ներքո, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում կներկայացվեն “Պատմական Հայաստանի հուշարձանները” լուսանկարների ցուցադրությունը, Երևանի պատմության թանգարանում կբացվի “Մարդը և տիեզերքը” մ.թ.ա. 1-ին հազ.-ի հնագիտական նյութերի ցուցադրություն:
Այս տարի ՀՀ Կառավարության 2009 թ. հունիսի 26-ի N 853-Ն որոշմամբ` Սյունիքի մարզի Զորաց քարեր բնակատեղին, որը հասարակությանը հայտնի է նաև Քարահունջ անունով, ստացավ պատմամշակութային արգելոցի կարգավիճակ` համալրելով պետության կողմից հատուկ պահպանվող արգելոցների ցանկը:
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 20-ին կազմակերպվում է Երևանից այցելություն Սիսիան` Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց, որի տարածքում ելույթ կունենա “Կարին” ազգագրական երգի ու պարի համույթը: Այնուհետև, մարզի բնակիչները և Երևանից ժամանած այցելուները ներկա կգտնվեն Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում ներկայացվող “Մեր հոբելյարները” ցուցահանդեսի բացմանը և “Հացի տոն” ավանդական միջոցառմանը:
**************************************** “Գաբոնե” պատկերասրահը` "ART VILNIUS'09"-ում Եվրամիության որոշմամբ Վիլնյուսն այս տարի ոչ միայն Լիտվայի, այլ 2009 թվականի ընթացքում նաև ողջ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է հռչակվել: Մեծածավալ միջոցառումների շարքում Բալթյան երկրների համար հատկապես աննախադեպ էր հուլիսի 8-12-ը տեղի ունեցած առաջին միջազգային գեղարվեստական տոնավաճառը, որը կրում էր "ART VILNIUS'09" խորագիրը: 4 օր շարունակ լիտվական “Լիտէքսպո” ցուցադրությունների և կոնֆերենց հանդիպումների կենտրոնը շնչում էր ժամանակակից արվեստով, որին մասնակցում էին Լիտվայի և հարևան երկրների նշանավոր և նորաբաց 100 ցուցասրահներ` 31 երկրներից` այդ թվում, Լատվիայից, էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Հայաստանից և այլն:
"ART VILNIUS'09"-ին Հայաստանը ներկայացրել է “Գաբոնե” պատկերասրահը: Ինչպես Arit.am-ին ներկայացրեց պատկերասրահի արտ-մենեջեր Սյուզան Մկրտչյանը. “Պատկերասրահը ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ստացել է հենց կազմակերպիչների կողմից, ովքեր, շրջելով հայաստանյան ցուցասրահներով, ընտրել են “Գաբոնե” պատկերասրահը”: Պատկերասրահը Վիլնյուսում ներկայացել է երեք հայ նկարիչների` Արարատ Սարգսյանի, Գարիկ Կարապետյանի և Նարեկ Ավետիսյանի աշխատանքներով: Սյուզան Մկրտչյանի փոխանցմամբ` ցուցահանդեսը կազմակերպված էր բարձր մակարդակով, ուներ օրական մոտ 5000 այցելու: Մեծ էր հետաքրքրությունը նաև հայկական տաղավարի շուրջ, որն աչքի էր ընկնում իր այցելուների մեծաքանակությամբ, ինչն էլ ապահովել է հայկական տաղավարի տեղը ցուցահանդեսի ֆավորիտների շարքում:
Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է նաև երիտասարդ նկարիչների միամսյա դասընթաց, որին մրցութային կարգով կարող էր մասնակցել ընդհամենը 20 երիտասարդ: “Գաբոնե” պատկերասրահը մրցույթին էր ներկայացրել երիտասարդ նկարիչներ Վահագն Համալբաշյանի և Լիլիթ Վաղարշյանի թեկնածությունները, ովքեր, հաղթահարելով մրցույթի բոլոր նախընտրական փուլը, մասնակցել են մեկասյա դասընթացին:
“Գաբոնե” պատկերասրահը ցուցահանդեսի ընթացքում ստացել է նմանատիպ այլ ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ:
**************************************** Աննա Մարիա Կյուրին` «Բաց երաժշտություն» փառատոնում Սեպտեմբերի 17-ին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա «Բաց երաժշտություն» փառատոնի հերթական համերգը` մասնակցությամբ Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի (գեղ. ղեկ. և գլխ. դիրիժոր Արամ Ղարաբեկյան): Համերգի մենակատար` Աննա Մարիա Կյուրի (մեցցո սոպրանո, Իտալիա): Երեկոյի ընթացքում կհնչի համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունների ընտրանի` Չայկովսկի, Բերնստայն, Պիացոլլա, Տոստի, Արլեն, Գերշվին, Վիվալդի:
Աննա Մարիա Կյուրին ավարտել է Ա. Բոյտոյի անվան Պարմի կոնսերվատորիան: Երգչուհին արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակներին, այդ թվում` Չայկովսկու անվան մոսկովյան մրցույթի մրցանակին: Երգչուհու հրաշալի ձայնի տոնայնությունը նմանապես լավ է հնչում իտալական այնպիսի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններում, ինչպիսիք են Վերդին, Բելլինին, Պուչինին, Բիզեյի “Կարմեն”-ում և Սեն-Սանսի “Սամսոն և Դալիլա”-յում, ինչպես նաև Վագների երաժշտական դրամաներում: Աննան մեծ ուշադրություն է դարձնում նաև կամերային վոկալ երաժշտությանը. նա հրաշալի է կատարում Ռախմանինովի ռոմանսերը, Մալերի և Լիստի երգերը: Երգչուհին բազմիցս հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում `La Scala (Միլան), Fenice (Վենետիկ), Massimo (Պալերմո) և այլն:
**************************************** Արշակ Ֆեթվաճյան` Ազգային պատկերասրահում
Ազգային պատկերասրահում բացվել է նշանավոր հայ գեղանկարիչ Արշակ Ֆեթվաճյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Արշակ Ֆեթվաճյանը ծնվել է 1866թ., սովորել Տրապիզոնի Ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարանում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987), 1887-1891թթ. սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին: 1891թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին: 1891-1895թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ-Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների:
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ` ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ: Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում: Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ: Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ: Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում: Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի Ազգային պատկերասրահին:
Ֆեթվաճյանին են պատկանում նաև Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու որմնանկարչական և քանդակագործական ձևավորումները, Կարսի Ս. Գրիգոր եկեղեցու բեմը և դուռը, Հայաստանի առաջին Հանրապետության 50, 100 և 250 ռուբլի անվանագնով թղթադրամների ձևավորումը, Հայաստանի առաջին Հանրապետության առաջին փոստային նամականիշների ձևավորումը:
**************************************** Non-stop` Միշել Լեգրանի կողմից
Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին մեկ բացառիկ մենահամերգով հանդես եկավ ֆրանսիացի երաժիշտ, դաշնակահար, գործիքավորող, կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Համերգը տևեց ի 90 րոպե`non-stop ձևաչափով: Լեգրանի հետ հանդես եկավ նաև կոմպոզիտորի քույրը` նշանավոր երգչուհի Քրիստիան Լեգրանը, կինը` տավիղահար Կատրին Միշելը: Երևանյան համերգի ժամանակ Լեգրանը կատարեց այն ստեղծագործությունները, որոնք նա գրել է ֆիլմերի և մյուզիքլների համար, իսկ երաժշտություն նա գրել է մոտ 200 ֆիլմի համար:
Իր առաջին երաժշտական կրթությունը Լեգրանը ստացել է հորից` Ռայմոնդա Լեգրանից: Մայրը` հայուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր: Լեգրանի մուտքը դեպի երաժշտության մեծ աշխարհ տեղի ունեցավ 1950-ական թվականներին, երբ ԱՄՆ-ում համերգային շրջագայության ժամանակ հոլիվուդյան «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի համար գրեց իր ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը` «Շերբուրգյան հովանոցներ»-ը, որը նրան բերեց համաշխարհային ճանաչում:
Երաժիշտը 3 անգամ արժանացել է “Օսկար” և 5 անգամ “Գրեմմի” մրցանակներին`”Լավագույն երաժշտություն” անվանակարգերում: Թեև, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց երաժիշտը, այդ մրցանակները նրա կյանքում մեծ արժեք չունեն, դրանք, երաժշտի համար, պարզապես գեղեցիկ արձանիկներ են: Մաեստրոն խոստովանում է, որ մեծ դժվարությամբ է ընդունում ժամանակակից երաժշտական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, օրինակ նա բոլորովին չի հավանել “Փարիզի Աստվածամոր տաճար” մյուզիքլը, որը նրա կարծիքով բոլորովին էլ նման չէ մյուզիքլի, այլ պատմությունից զուրկ երգերի հավաքածու է: Իր հարցազրույցներից մեկում Լեգրանը այսպես է արտահայտվել ժամանակակից կոմպոզիտորների մասին. ”Այսօր իմ շունն էլ կարող է համակարգչի վրա մեկ-երկու ստեղն սեղմելով երաժշտություն գրել, որը բավականաչափ հարմոնիկ կլինի, իսկ նման շներ աշխարհում շատ կան, այլ է խնդիրը իսկական կոմպոզիտորների մոտ, ովքեր, թեև երկար են մտատանջվում, սակայն արդյունքում ստեղծում են իրական երաժշտություն":
**************************************** “ReAnimania” Երևանյան առաջին միջազգային անիմացիոն կինոփառատոն
Հոկտեմբերի 3-6-ը տեղի կունենա “ReAnimania” Երևանյան առաջին միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որին կմասնակցեն շուրջ 250 ֆիլմեր 31 երկրներից` Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան, Միացյալ Թագավորություն, Հնդկաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իտալիա, Մալի, Լիտվա, Խորվաթիա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Սլովենիա, Ավստրալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Լիբանան, Սիրիա, Ճապոնիա, Պորտուգալիա, Էստոնիա, Իսրայել, Շվեդիա, Իրան, Արգենտինա, Կանադա, Եթովպիա, Բելգիա:
Ըստ փառատոնի կազմակերպիչների` “ReAnimania” –ի առաքելությունն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ եւ հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։
ReAnimania-ն կազմված է հետևյալ ծրագրերից` Պրեմիերաներ, Մրցութային ծրագիր, որին կմասնակցեն 5 լիամետրաժ և 100–125 կարճամետրաժ, ուսուցողական, ավարտական ֆիլմեր, Հատուկ ծրագիր, որի շրջանակներում կայանալիք հետահայաց ցուցադրությունների համար հեղինակները կներկայացնեն գերմանական անիմացիայի 100-ամյակին նվիրված ծրագիր: Կկազմակերպվի նաև հայկական անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` նվիրված առաջին հայկական անիմացիոն “Շունն ու կատուն” ֆիլմի էկրան բարձրանալու 70 ամյակին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաև սեմինարներ և կբացվեն ցուցահանդեսներ:
Փառատոնը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կինոփառատոնների հետ ինչպիսիք են “Annecy” անիմացիայի կինոփառատոնը, Շտուտգարտի կինոփառատոնը, Aardman Studio-ն և այլն:
“Մեր ձեռքբերումներն ապացուցում են, որ ReAnimania Երևանյան առաջին միջազգային անիմացիոն կինոփառատոնը վաղուց հասունացել է և կծառայի իր նպատակին՝ աշխարհին ցույց տալու, որ Հայաստանը պատրաստ է իրեն դրսևորելու որպես անիմացիայի մասնագետների կենտրոն և դառնալու հանդիպման վայր՝ միմյանց կապելով գեղարվեստական Արևելքն ու Արևմուտքը, ինչպես դա կատարել է դարեր շարունակ` գտնվելով Մետաքսի ճանապարհի խաչմերուկում”,-ասված է փառատոնի մամլո հաղորդագրության մեջ:
****************************************
ReadingFest-process Արդի հայ դրամատուգիայի բաց փառատոն “…ժամանակի և իմ մասին”
ՀՀ մշակույթի նախարարությունը և Ազգային Թատերական Ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ) հայտարարում են ReadingFest-process` արդի հայ դրամատուրգիայի բաց փառատոնին մասնակցելու դիմում հայտերի ընդունում: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ դրամատուրգներ, սցենարիստներ:
Հեղինակների համար չկան տարիքային, սեռային, սոցիալական պատկանելության և մասնագիտության սահմանափակումներ: Սահմանափակումներ չկան նաև ստեղծագործությունների համար ընտրված լեզվի, ժանրի և ծավալի դեպքում:
Փառատոնը բաղկացած կլինի նաև “Այլընտրանքային ծրագրից”, որտեղ կներկայացվեն այն աշխատանքները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող մասնակցել փառատոնին:
Ըստ կազմակերպիչների` նման փառատոն ունենալը կնպաստի արդյունավետ ստեղծագործական հանդիպումներին, կենդանի և ինքնատիպ մտածողությամբ օժտված հեղինակների և տաղանդավոր բեմադրիչների համագործակցությանը:
"ReadingFest-process"-ը ծրագրված է որպես գործընթաց, այլ ոչ ամենամյա ակցիա, ուստի փառատոնի հեղինակները հորդորում են շտապել, քանի որ ժամկետն ու ընթերցումների քանակը (առավելագույնը 12 ընթերցում) սահմանափակ են:
****************************************
Նվիրատվություն Հայաստանի պատմության թանգարանին
Այսօր, պաշտոնական արարողությամբ, մասնակցությամբ ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, Հայաստանի պատմության թանգարանին և Հայաստանի ազգային արխիվին էին հանձնվել ՀՀ ազգային հերոսներ Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի գործունեությունը լուսաբանող մեծաքանակ վավերագրեր, որոնք, հայ ժողովրդի պատմության ճակատագրական շրջադարձերի բերումով գտնվում և պահպանվում են Բուլղարիայի Հանրապետության արխիվների պետական գործակալության պահոցներում (Բուլղարիայի ազգային արխիվ և Վելիկո Տիրնովոյի ռազմա-պատմական արխիվ): ****************************************
Շեքսպիրյան փառատոնն արդեն Վ. Փափազյանի անվամբ
Սեպտեմբերի 8-20-ը Երևանում կրկին անցկացվում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Այս տարվանից փառատոնը կրում է հանրաճանաչ դերասան Վահրամ Փափազյանի անունը: Վերջին երկու տարիներին փառատոնը ընդլայնել է իր շրջանակները: Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես են գալու թատերախմբեր` Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից և Իրանից:
Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով նախատեսված են նաև Ալեքսանդր Կալյագինի «Ուբյու թագավոր» և Իրինա Բրուկի «Դոն Կիխոտ» ներկայացումների ցուցադրությունները: Վերջինս կինոյի և թատրոնի հայտնի ռեժիսոր Փիթեր Բրուկի և դերասանուհի Նատաշա Պարիի դուստրն է: Այս տարի Շեքսպիրյան միջազգային փառատոնն իր ներկայությամբ կպատվի Լեհաստանի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անջեյ Ժուրովսկին, ով սեպտեբերի 9-17-ը Հայաստանի թատերական գործիչների միությունում կներկայացնի Շեքասպիրյան ներկայացումների տեսագրությունների ցուցադրություններ` իր մեկնաբանություններով:
Հայաստանում է նաև աշխարհահռչակ թատերական ռեժիսոր, Վրաստանի Շ. Ռուսթավելու անվ. Ազգային թատրոնի գեղ. ղեկավար` Ռոբերտ Ստուրուան: Փառատոնային ներկայացումները տեղի կունենան Պատանի հանդիսատեսի թատրոնում, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական դրամատիկական թատրոնում, Հ. Պարոնյանի անվ. թատրոնում, Գ. Սունդուկյանի անվ. ազգային թատրում և Թատերական գործիչների միությունում:
****************************************
Շուտով կմեկնարկի Հայ Ֆեստ-2009-ը
“ՀայՖեստ” Միջազգային կատարողական արվեստների փառատոնը այս տարի արդեն յոթերորդ անգամ կմեկնարկի հոկտեմբերի 2-ին և կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Փառատոնին կմասնակցեն մոտ 50 հեղինակավոր թատերախմբեր` 35 երկրներից: փառատոնին ներկա կգտնվեն նաև պատվավոր հյուրեր, անվանի փառատոների ղեկավարներ, պրոդյուսերներ:
Ինչպես ներկայացնում են կազմակերպիչները, փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը և նպաստել թատերական արվեստի զարգացմանը, որոնք իրականացվում են արդի լավագույն թատերախմբերին Հայաստան հրավիրելու ճանապարհով, փառատոնի շրջանակներում վարպետության դասընթացներ և սեմինարներ կազմակերպելով, թատերական նոր ուղղությունների և արտահայտամիջոցների որոնմամբ և այլ:
Այս տարի ևս փառատոնը կազմված կլինի 2 ծրագրից՝ հիմնական և ֆրինջ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես փառատոնի մեջ կընդգրկվեն Մանկական և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնն ու Հայկական ուսանողական և երիտասարդական ծրագիրը՝ Արմ Ֆեստը:
“ՀայՖեստ” փառատոնը հիմնադրվել է 2003թ. և համարվում է նախկին ԽՍՀՄ տարածքի գլխավոր թատերական փառատոնը Մոսկվայից հետո: ****************************************
Վաճառքի է հանել "Popoff" պատկերասրահի ռուսական հավաքածուն
Քրիստիս աճուրդի տունը հոկտեմբերի 12-13-ին Լոնդոնում կիրականացնի ռուսական արվեստի ուսումնասիրման ամենանշանավոր կենտրոններից մեկի` Փարիզի "Popoff" պատկերասրահի հավաքածուից դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների և գեղանկարների վաճառք: Աճուրդի կհանվեն ընդհանուր թվով 550 աշխատանք, այդ թվում` 18-19-րդ դարերի ճենապակյա իրեր, ջրանկարներ:
Ամենահետաքրքիր իրերի թվում մասնագետները հատկապես առանձնացնում են 1778 թ-ին պատրաստված ճենապակյա իրերի հավաքածուն,, որը պատրաստվել է Ֆրիդրիխ 2-րդ-ի կողմից հատուկ Կնյազ Պյոտրի համար (200-300 հազար ֆունտ ստերլինգ), 1760 թ-ին պատրաստված երեք սկուտեղ, որը պատվիրել է Եկատերինա 2-րդ-ը Գրիգորի Օրլովի համար (60 հազար ֆունտ ստերլինգ):
Ջրաներկ աշխատանքները վաճառքի կհանվեն հոկտեմբերի 13-ին, որոնց մեջ են հայտնվել Ալեքսանդր Պուշկինի կնոջ` Նատալյա Գոնչարովայի դիմանկարը, որը նկարել է Վլադիմիր Գաուն(120-160 հազար ֆունտ), Պյոտր Սոկոլովի վրձնած Ալեքսանդր Ֆյոդորովնայի (Շարլոտա Պրուսկայա)`Նիկոլայ 1-ին-ի կնոջ դիմանկարը (100-150 հազար ֆոևնտ), Ջովաննի Պաչինիի` Գրաֆինիա Սամոյլովայի սանուհու դիմանկարը, որը Կարլ Բրյուլովի աշխատանքն է (100-120 հազար ֆունտ): ****************************************
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 3-րդ համերգաշրջան
Բացման օրը հանդես կգա ալտահար Քիմ Քաշքաշյանը
Շուտով` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավանդական դարձած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը մուտք կգործի իր երրորդ համերգաշրջան: Փառատոնն իր սկիզբը կազդարարի սեպտեմբերի 11-ին Արամ խաչատրյան համերգասրահում` ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար հանդես կգա աշխարհի բեմերում իր ինքնատիպ կատարումներով հանդիսատեսի ջերմ ծափահարություններին արժանացած տաղանդաշատ ալտահար Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ): Կհնչեն Տ. Մանսուրյանի “Պարտիտը” և “Թիվ 2 կոնցերտը` ալտի և նվագախմբի համար”, ինչպես և Դ. Շոստակովիչի “Թիվ 5 սիմֆոնիան”: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Քիմ Քաշքաշյանը իր սերնդի առավել հայտնի, կայացած երաժիշտներից է:
“San Francisco Chronicle”-ի բնորոշմամբ.” Սա մի երաժիշտ է, որի մտքի խորաթափանց մշտական պրպտուն աշխատանքը միավորվում է հնչերանգի անսահման գեղեցկության հետ”: Իսկ “The New York Times”-ը առանձնացնում է նրա հարուստ, արտահայտիչ տեմբրը և գրավիչ արտիստականությունը:
Վերջին համերգաշրջանում Քաշքաշյանը որպես մենակատար հանդես է եկել Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ: Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում:
Ք. Քաշքաշյանի “ECM” ֆիրմայում կատարած ձայնագրությունները բացահայտում են նրա հետաքրքրությունն երի լայն շրջանը` Բախի վիոլա դա գամբայի համար գրված գործերից մինչև 20-րդ դարի դասականների ալտի կոնցերտները, ալտի և հարվածայինների համար փոխադրությունները (այդ թվում հայկական հնագույն երգերի մշակումներ): Որպես պրոֆեսոր Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգում և Բեռլինում: 2000 թ-ից ալտ և կամերային երաժշտություն է դասավանդում Բոստոնի “New England Conservatory”-ում: Քիմ Քաշքաշյանը ավարտել է Peabody կոնսերվատորիան` աշակերտելով Վոլթըր Տրեմփլերին և Քարեն Թութըլին:
****************************************
"Թումանյանական հեքիաթի օր" Մեկնարկում է տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
Այս տարի ևս, արդեն չորրորդ անգամ սեպտեմբերի 5-11-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնը` "ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը", կազմակերպում է "Թումանյանական հեքիաթի օր" խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն, որը հյուրընկալելու է թատրոններ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, ինչպես նաև արտասահմանյան երկրներից` Սլովենիայից, Լիտվայից, Հունգարիայից, Վրաստանից:
Տիկնիկային թատրոնների միջազգային 4-րդ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2009թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում` գրողի հուշարձանի մոտ: Բացման արարողությունից հետո կսկսվի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որին կհաջորդեն փառատոնի առաջին ներկայացումները: Նույն օրը երեկոյան կտրվի տոնական շքեղ հրավառություն: Հաջորդ օրերին փառատոնի ծրագիրը կշարունակվի Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում, իսկ փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:
Փառատոնի օրերին կտրվեն նաև տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կբացվի տիկնիկների ցուցահանդես, կգործեն ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր: ****************************************
"Յոթ զգացողություն"` "Փոքր թատրոնում”
"Փոքր թատրոնը" իր աշնանային թատերաշրջանը կբացի թատերասեր հասարակայնության և մասնագիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն ձեռք բերած հայ-իտալական "Յոթ զգացողություն" յուրօրինակ ներկայացմամբ, որը հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերի 29-ին, 30-ին և հոկտեմբերի 2- 7-ը:
Գեղագիտության ազգային կենտրոն "Փոքր թատրոնի" և իտալական "Վերսիլիադանցա" մշակութային ընկերության համատեղ ջանքերով իրականացված թատերական այս նախագծի բեմադրիչն է ԳԱԿ-ի գեղարվեստական ղեկավար` Վահան Բադալյանը:
Ներկայացման երևանյան առաջնախաղը տեղի է ունեցել 2008 թ-ի հոկտեմբերին, իսկ Ֆլորենցիայինը` նույն թվականի դեկտեմբերին` "Գոլդոնի" թատրոնում:2009 թ. հունիսին "Յոթ զգացողություն" ներկայացումը հաջողությամբ մասնակցել է Սիբիուի 16-րդ միջազգային փառատոնին` արժանանալով հանդիսատեսի և թատերագետների բարձր գնահատականին:
Ներկայացման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ուսանողների համար կկազմակերպվեն ժամանակակից պարի, թատերական արվեստի մասնագիտական դասընթացներ, որոնք կանցկացվեն իտալացի մասնագետների կողմից: Այդ օրերին նախատեսվում են նաև իտալական ժամանակակից գրականության թեմաներով դասախոսություններ, "Luce Armena" ֆոտոալբոմ- գրքի շնորհանդես և լուսանկարների բացօթյա ցուցադրություն:
****************************************
ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆԻ ԵՐԵԿՈ.
Գերմանիայից հատուկ www.arit.am-ի համար
„Դեղինը լավատեսության, հաղորդակցության գույն է“:
„Դեղինը թեև Վան Գոգի ու Դա Վինչիի գույնն է, բայց ես այն նախանձի հետ եմ ասոցացնում“:
„Ինձ համար էլ ամառն է դեղին“,_ ասում է երրորդ գերմանացին, ում հոբբին նկարելն է:
Շուրջ 36 000 բնակչություն ունեցող Նիեդերկասսել քաղաքի „Nachlese“ գինետան հարևանությամբ արվեստի հնագույն նմուշներ են վաճառում, իսկ հենց պանդոկում կազմակերպված միջոցառումների ժամանակ ոչ պրոֆեսիոնալ նկարիչների նկարներ են աճուրդի հանվում:
„Մշակույթը միացնում է մարդկանց: Տեսեք դուք հայուհի եք, ես Թուրքիայից եմ եկել, արվեստագետները գերմանացիներ են, բայց մենք բոլորս հասկանում ենք միմյանց ու գնահատում ենք արվեստը“,_մեզ հետ զրույցի ընթացքում ասաց գինետան սեփականատիրոջ կինը` Ֆիլիզ Սուրեն-Միշելսը (Filiz Süren-Michels):
Բուժքույր Սոնիա Գրինգսը արվեստագետների հետ մեկ բաժակ գինու շուրջ հաճույքով է զրուցում. “Դա շատ հետաքրքիր է ու բացի այդ սթրեսային առօրյայից դուրս գալու լավագույն միջոցներից մեկը“,_ ասում է նա:
Մի խումբ երաժիշտներ նվագում են, մյուսները` երգում, բանաստեղծները ներկայացնում են իրենց ստեղծագործություները. բոլորը գոհ են ու երջանիկ:
Մամուլի մի տեսակ, Վան Գոգի հանրահայտ նկար, մաշկի գույնը փոխող հիվանդություն, չինական հայտնի գետ բնութագրելուց բացի, դեղին գույնը մեկ նախանձ է խորհրդանշում, մեկ էլ ջերմություն, արև ու հաղորդակցություն: Գերմանական փոստի խորհրդանիշն էլ է դեղին:
Իսկ ինչպե՞ս ենք մենք` հայերս անցկացնում մշակութային երեկոները:
Երբևէ "Ամառ,արև և դեղին" խորագրով երեկո կկազմակերպե՞նք դեղին գույնին նվիրված...
Անի Մաթևոսյան
Գերմանիա
****************************************
“Ես մարդ եմ”
Սեպտեմբերին Հայաստանում արդեն երկրորդ անգամ կմեկնարկի մարդու իրավունքներին և խաղաղությանը նվիրված «Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան ոչ մրցութային եռօրյա կինոփառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն արտասահմանյան վավերագրական ֆիլմեր, իսկ ցուցադրումից հետո հանդիսատեսների հետ կկազմակերպվեն քննարկումներ: Փառատոնը կազմակերպվում է «Բաց հասարակություն-Վրաստան» եւ Հարավային Կովկասում գործունեություն ծավալած գերմանական Հենրիխ Բելի անվան հիմնադրամների աջակցությամբ: Փառատոնի նպատակն է հարավկովկասյան հեռավոր քաղաքների և գյուղերի բնակչությանը ծանոթացնել այլ երկրներում նկարահանվող փաստավավերագրական ֆիլմերին, դրանցում արծարծվող խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում են պատերազմական եւ հետպատերազմական պայմաններում ապրող մարդկանց, պատերազմի հետևանքները հաղթահարելուն, հակառակորդ կողմի հետ շփման նոր ձևեր գտնելուն և այլն: Ժյուրիի ընտրած գրեթե բոլոր ֆիլմերում արծարծվում է հաշտության ու հակամարտությունների լուծման թեման:
Ամեն տարի Խաղաղության և մարդու իրավունքների կովկասյան կինոփառատոնին ներկայացվում են մինչև տասներկու փաստագրական ֆիլմեր, որոնք ընտրվում են Պրահայում անցկացվող «Մեկ աշխարհ» կինոփառատոնի մասնակից ֆիլմերից: Փառատոնին կներկայացվեն փաստագրական ֆիլմեր Իսրայելից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Թայլանդից և Խորվաթիայից:
Ֆիլմերն ամեն մի պետությունում ներկայացվելու են այդ երկրի պետական լեզվով:
Հայաստանում փառատոնը կմեկնարկի Եղեգնաձոր քաղաքում, այնուհետև ցուցադրություններ կլինեն Վանաձորում, Նոյեմբերյանում, Կապանում և Երևանում, որից հետո փառատոնը կուղևորվի Ստեփանակերտ: ****************************************
Սեպտեմբերի 2-ին կբացվի աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր կինոփառատոնը. Ատոմ էգոյանը դուրս է մնացել փառատոնից
Վենետիկի 66-րդ կինոփառատոնը այս տարի ընդլայնել է իր սահմանները, միայն գլխավոր մրցույթում մասնակից ֆիլմերի քանակը հասել է 24-ի, այն դեպքում, երբ այդ թիվը նախորդ տարիներին չէր գերազանցում 20-ը:
Փառատոնի այս տարվա գլխավոր սենսացիան փաստավավերագրող Մայքլ Մուրի նոր` “ Կապիտալիզմ. Սիրային պատմություն” սկանդալային վավերագրական ֆիլմն է, որում ներկայացված են համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջացման պատճառներն ու թողած հետևանքները:
Ծանրակշիռ Մայքլ Մուրի հետ գլխավոր մրցանակի` “Ոսկե առյուծ”-ի համար կպայքարեն նաև սկսնակ ռեժիսոր Թոմ Ֆորդը իր “ Միայնակը” ֆիլմով, փորձառու Վերներ Հերցոգը` ‘Վատ լեյտենանտ” ֆիլմով, որի գլխավոր դերում հանդես է եկել Նիկոլաս Քեյջը, ինչպես նաև ֆրանսիացի ռեժիսորներ Կլեր Դենին` “Սպիտակ նյութ” թրիլերով և Պատրիս Շերոնը` “ Հետապնդում” ֆիլմով:
Դեռևս Մուսոլինիի օրոք հիմնադրված Վենետիկի փառատոնը այս տարի հիմնովին փոփոխման է ենթարկվել: Փառատոնի տնօրեն Մարկո Մյուլլերի որոշմամբ մրցույթից դուրս են մնացել այնպիսի փառատոնային ռեժիսորներ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Ֆրանսուա Օզոնը, Բրյունո Դյումոնը: Փոխարենը մրցութային ծրագրի մեջ են ներառվել այնպիսի ռեժիսորներ, ում աշխատանքները նման փառատոններում, սովորաբար, անտեսվում են: Օրինակ` այս տարի հիմնական մրցութային ծրագրի մեջ է ներառվել նաև հռչակավոր ռեժիսոր Ջորջա Ռոմերոն, ով ֆիլմեր է նկարահանում միայն զոմբիների մասին, բացառություն չէ նաև փառատոնին ներկայացվելիք նրա` “ Մահացածների ողջ մնալը” նոր ֆիմը:
Բացի գլխավոր մրցույթից փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև “Հորիզոններ” ոչ մրցութային ծրագիրը, որի ընթացքում սովորաբար էկրան են բարձրանում ֆիլմեր` համաշխարհային մեծության գերաստղերի մասնակցությամբ: Այս տարի ոչ մրցութային ծրագրում կցուցադրվեն Ջորջ Քլունիի և Քևին Սփեյսիի` “Այծերի վրա աչքները պլշած տղամարդիկ”, Ռիչարդ Գիրի “Լավագույնները Բրուկլինում” և Մեթ Դեյմոնի “Իրազեկիչը” ֆիլմերը:
****************************************
Պիկասոյի փարիզյան թանգարանը փակվել է վերանորոգման համար
Օգոստոսի 24-ին Փարիզում գտնվող Պաբլո Պիկասոյի թանգարանը փակվել է վերանորոգման համար, որը կտևի 2 տարի:
Կատարվելիք աշխատանքները գնահատվել են 43 միլիոն դոլար, որոնց մի մասը թանգարանը ձեռք կբերի այն ժամանակավոր ցուցադրությունների հաշվին, որոնք կկազմակերպվեն տարբեր երկրներում և քաղաքներում:
Թանգարանի բացումը տեղի կունենան 2012 թ-ին: Այդ ընթացքում թանգարանի ցուցասրահները կմեծացվեն մոտ 2 անգամ: Եթե մինչ այդ թանգարանը տարեկան ընդունում էր կես միլիոն այցելու, ապա վերանորոգումից հետո այդ թիվը կկրկնապատկվի:
Փարիզում Պիկասոյի թանգարանը բացվել է 1985 թ-ին Մարե թաղամասում գտնվող 18 դարի կառույցում: Թանգարանի ֆոնդերում պահվում է մոտ 5000 գեղանկար, քանդակ, կերամիկական իրեր, ինչպես նաև լուսանկարներ և փաստաթղթեր: Թանգարանի վերջին աշխատանքային օրը այցելուների թիվը կազմել է ավելի քան 5800 մարդ: ****************************************
Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ է դարձել պրոպոֆոլի մեծ չափաբաժինը
Մասնագետները պնդում ենմ, որ Մայքլ Ջեքսոնի արյան մեջ հայտնաբերվել է պրոպոֆոլի մահացու չափաբաժին: Փոփ արքայի մահվան պատճառ է դարձել “դեղահաբերի մահացու խառնուրդը”` այդ թվում պրոպոֆոլի առկայությունը:
Ինչպես հայտնի է, Ջեքսոնի անժամանակ մահվան հանգամանքները պարզելու նպատակով երկու դատական փորձաքննություն է անցկացվել, որոնց արդյունքները, սակայն, նախկինում չէին հրապարակվել, թեև այն կարծիքը` ըստ որի երգչի մահվան պատճառը ուժեղ դեղահաբերի ներարկումն է, լրատվամիջոցներում ի հայտ էր եկել Ջեքսոնի մահից անմիջապես հետո:
Փորձաքննության շրջանակներում հարցաքննության է ենթարկվել նաև Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը, ով եղել է երգչի կոքին` վերջինիս կյանքի վերջին ժամերին: Մյուրեյը հայտնել է, որ Ջեքսոնն անքնությամբ էր տառապում, ինչի համար ընդունում էր ուժեղ դեղահաբեր` այդ թվում և պրոպոֆոլ: Համաձայն Մյուրեյի վկայության` մահվան օրը մի քանի այլ դեղերի հետ միասին Մայքլին ներարկել է 25 միլիգրամ պրոպոֆոլ: Բժիշկը հայտնել է, որ անընդհատ հետևել է երգչի ինքնազգացողությանը, սակայն, երբ նրանից հեռացել է ընդհամենը 2 րոպեով, վերջինիս շնչառությունը կանգ է առել: Իր վկայության ընթացքում բժիշկ Մյուրեյը հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ պրոպոֆոլի վերջին ներարկումը կատարել է Ջեքսոնի բազմաթիվ խնդրանքներից հետո: ****************************************
“Time” ամսագիրը ընտրել է լավագույն կիթառահարներին
Ամերիկյան “Time” ամսագիրը ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն 10 կիթառահարների իր տասնյակը;
Ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է Ջիմմի Հենդրիքսը, ով, հեղինակների կարծիքով, հրաշալի էր տիրապետում իր երաժշտական գործիքին և վարպետորեն կարողանում էր միմյանց հետ համատեղել բլյուզ, ռոք և այլ ուղղությունների երաժշտություններ:
Երկրորդ հորիզոնականում է “Guns N'Roses” խմբի նախկին երաժիշտ, այժմ “Velvet Revolver” խմբի անդամ Սլեշը` Սոլ Հադսոնը, ով հայտնի է նաև իր գլխարկով: Երրորդ հորիզոնականը եզրափակում է Բի ԲԻ Քինգը, ում կիթառը հնչում է ինչպես “ Բլյուզ երգող կնոջ ձայն”:
Չորրորդ տեղը զբաղեցրել է Կիտ Ռիչարդսը` “The Rolling Stones”-ից, ով հեղինակել է կիթառի համար գրված ամենահայտնի ռոքնռոլյան երաժշական մոտիվները:
Հինգերրորդ հորիզոնականում է հայտնվել ամենամելոդիկ երաժիշտներից մեկը` Էրիկ Քլեպթոնը, ով իր երաժշտական գործունեության ընթացքում հանդես է եկել այնպիսի խմբերում, ինչպիսիք են “The Yardbirds”, “Cream”, “Blind Faith” և “Derek and the Dominos”:
Վեցից տասներորդ տեղերում հայտնվել են Ջիմմի Փեյջը, Չակ Բերին, Լես Պոլը, Ինգվին Մալմստինը և Պրինսը: Հետաքրքիր է, որ տասնյակը կազմողները չեն սահմանափակվել միայն տասը հորիզոնականներով, և վերջում ավելացրել են նաև տասնմեկերորդը, որը բաժին է հասել “Ramones” փանկ խմբի անդամ Ջոննի Ռամոնին: ****************************************
«Լենդ Արթ» լուսանկարների ցուցահանդես` Նարեկացի Արվեստի միությունում
Օգոստոսի 25-ին Նարեկացի Արվեստի Միության ցուցասրահում կբացվի տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող «Լենդ Արթ» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Ինտեգրում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Արվեստի այս ուղղությունը ծագել է նախորդ դարի 60-ական թվականների վերջին Միացյալ Նահանգներում: Հասարակության կողմից այն ընդունվեց 1968-ին, երբ Նյու Յորքի Դուան պատկերասրահում մեկնարկեցին Լենդ Արթին նվիրված մի շարք ցուցահանդեսներ:
20-րդ դարն իր բոլոր գիտատեխնիկական նվաճումներով, լայնածավալ քաղաքաշինությամբ և պատերազմներով էապես փոխեց արվեստը և հեռացրեց այն բնությունից։ Լենդ Արթի հիմնական գաղափարն է` ստեղծել արվեստի գործեր` օգտագործելով բնության կողմից տրված բոլոր բարիքները` չվնասելով շրջակա միջավայրը:
Լենդ Արթը միայն արվեստ չէ, այլև գաղափարախոսություն, որը կոչված է վերականգնելու արվեստի, բնության եւ մարդու ներդաշնակությունը։ “Մենք գնում ենք ստեղծելու արվեստի գործեր առանց ներկերի, վրձիների և այլ արհեստական պարագաների”:
Լինելով նոր գաղափար ժամանակակից արվեստի մեջ՝ Լենդ Արթն ունի շատ հին պատմություն: Մարդկության զարգացման սկզբնական փուլերից մեզ են հասել բազմաթիվ պատկերներ, որոնք պահպանվել են քարանձավների պատերին և այս պատկերները պատմության մեջ Լենդ Արթի առաջին օրինակներն են։ Չնայած, որ շարժումը նորություն է արվեստի մեջ, այն պարզ է ընկալման համար և հասկանալի է նույնիսկ արվեստից հեռու մարդկանց: Հողը, ջուրը, քարը և բույսերը դրա բաղկացուցիչ մասն են:
«Ինտեգրում» երիտասարդական հասարակական կազմակերպության շուրջ համախմբված երիտասարդները որոշել են Լենդ Արթի միջոցով համախմբել հայ երիտասարդներին բնության և մարդու ներդաշնակության գաղափարի շուրջ, ինչպես նաև նրանց ուշադրությունը սևեռել Հայաստանի բնապահպանական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդրի վրա:
Նախորդ մի քանի ամիսների ընթացքում ցուցահանդեսի մասնակից հայ և օտարերկրացի ուսանողները հաճախել են Հայաստանի զանազան վայրեր՝ փորձելով ստեղծել Լենդ Արթի նմուշներ և ներկայացնել դրանք հասարակությանը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ օգոստոսի 31-ը:
****************************************
“Գրքի միջազգային ցուցահանդես – տոնավաճառ”` Մոսկվայում
2009 թ. սեպտեմբերի 2-7-ը Մոսկվայում կանցկացվի ամենամյա` թվով 22-րդ "Գրքի միջազգային ցուցահանդես - տոնավաճառը", որին Հայաստանը ավանդաբար 11 տարի անընդմեջ մասնակցում է պետական մակարդակով: Այս տարի մոսկովյան ցուցահանդես - տոնավաճառում Հայաստանը կներկայանա ավելի քան 150 անվանում գրքով /մոտ 100-ը պետպատվերով հրատարակված գրականություն, մնացյալը` մասնավոր հրատարակչությունների տպագրություններ/:
ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաև "Էդիտ Պրինտ", "Անտարես", "Ոսկան Երևանցի" հրատարակչությունների ներկայացուցիչները: Հայկական տաղավարում հիմնականում կներկայացվեն վերջին 2 տարիներին հրատարակված Հայաստանի մշակույթը, ժառանգությունը ներկայացնող, թարգմանական, մանկական, ալբոմային գրականություն: Տաղավարում տեղադրված կլինեն նաև հայ տպագիր գրքի 500 ամյակը նշանավորող պաստառներ:
Ցուցահանդեսի շրջանակներում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա “ԱՊՀ երկրների գրքարվեստ” միջազգային մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը: Հայաստանի Հանրապետությունից 2 գիրք միջազգային այդ մրցանակաբաշխությունում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի. "Արվեստի գիրք" անվանակարգում` Վան Խաչատուրի "Գույնը 14-19 դդ. հայ ճարտարապետության մեջ" ուսումնասիրություն - ալբոմը և Գագիկ Բաղդասարյանի "Երևան"` Երևանի անցյալն ու ներկան պատկերող ալբոմը:
Հայկական պատվիրակությունը այդ օրերին կմասնակցի նաև "Գրքի միջազգային ցուցահանդես - տոնավաճառի" շրջանակներում կազմակերպվող մի շարք կոնֆերանսների, կկայանան մասնագիտական աշխատանքային հանդիպումներ արտերկրի տարբեր գրատների ու հրատարկչությունների ներկայացուցիչների հետ: ****************************************
Ինտերակտիվ արվեստի փառատոն
Սեպտեմբերի 22-26-ը “Փոփոխությունների թատրոն” մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց` Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից:
Ինտերակտիվ “Ֆորում թատրոն” մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր և քաղաքական գործիչ Ավգուստ Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարևոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Ֆորում թատրոնն իր հանդիսականներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, ինտերակտիվ կապ հաստատել կերպարների հետ և կենդանի խաղի միջոցով իրատեսական լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակներում:
Փառատոնի նպատակը շարքային քաղաքացիներին հասարակական ոչ ֆորմալ քննարկումներին ներգրավելն է` ինտերակտիվ ֆորում թատրոնի միջոցով ստեղծած անկաշկանդ ու կառուցողական մթնոլորտում: Միաժամանակ նախագիծը նպատակ ունի խթանել Հայաստանում և մասնակից երկրներում “Ֆորում թատրոն” մեթոդի արմատավորումն ու տարածումը` փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև համագործակցության հեռանկարների ստեղծման ճանապարհով:
Փառատոնի շրջանակներում հանրությանը կցուցադրվի չորս ինտերակտիվ ֆորում ներկայացումներ` նվիրված կանանց իրավունքներին, հանդուրժողականությանը, բազմակարծությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Ինտերակտիվ արվեստի փառատոնն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի և Բրիտանական Խորհրդի աջակցությամբ: ****************************************
Ջեքսոնի դիմանկարը պատկերող Էնդի Ուորհոլի կտավը վաճառվել է մի քանի միլիոն դոլարով
Նշանավոր գեղանկարիչ էնդի Ուորհոլի վրձնին պատկանող Մայքլ Ջեքսոնի դիմանկարը օգոստոսի 18-ին վաճառվել է նյույորքյան աճուրդներից մեկի ժամանակ: Թե ինչ գնով է վաճառվել և ով է ձեռք բերել կտավը, անհայտ է, միայն նշվում է, որ դիմանկարի համար անհայտ գնորդը վճարել է միլիոնավոր դոլարներ, այն դեպքում, երբ կտավի մեկնարկային գինը եղել է 800 հազար դոլար:
Ուորհոլը այս դիմանկարը ստեղծել է 1984 թվականին: Նկարի նախկին սեփականատերը, ում ինքնությունը նույնպես գաղտնի է պահվում, այն ձեռք էր բերել 2009թ-ին Սոթբիս աճուրդի ժամանակ` 278,5 հազար դոլարով:
Սկզբանական շրջանում նկարի վաճառքը պետք է տեղի ունենար հուլիսի 12-ին, սակայն վաճառքը հետաձգվել է նրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրության հետևանքով, ինչի պատճառը Ջեքսոնի անժամանակ մահն էր:
Ներկայումս Ուորհոլի ամենաթանկ աշխատանքը համարվում է “Կանաչ մեքենայի վթարը” կտավը (1963 թ.), որը Քրիսթիս աճուրդում վաճառվել է 71,1 միլիոն դոլարով:
****************************************
Հայ մշակույթը Էհդենի և Բուրջ Համուդի միջազգային փառատոներում
Լիբանանում` ս.թ. օգոստոսի 6-ից անցկացվող Էհդենի ամենամյա միջազգային փառատոնի կազմկոմիտեի նախաձեռնությամբ փառատոնային 4 օրեր հատկացվել էին Հայաստանի մշակույթին: Կազմակերպիչների հրավերով Հայաստանից հանդես են եկել "Բամբիռ" երաժշտախումբը և խաչքարագործ Պարույր Պարուրյանը, ով ստեղծագործել է "Մարդկությանը կտակած Հայաստանի ժառանգություն. մշակութային հատուկ ժառանգություն" թեմայով և հանդիսատեսի առջև արարվող իր աշխատանքով հիացրել հազարավոր այցելուների:
"Բամբիռ" երաժշտական խումբը այդ օրերին համերգային ծրագրով հանդես է եկել նաև Բուրջ Համուդ քաղաքում, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակներում անցկացվում էր մշակութային-կրթական ծրագիր` տաղանդաշատ երիտասարդներին խրախուսելու նպատակով:
****************************************
"Ոսկե Ծիրան"-ը անիվների վրա` Ջավախքում
"Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնը արտափառատոնային ծրագրում արդեն 2-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: "Փառատոն անիվների վրա" ծրագրի շրջանակներում օգոստոսի 13-15-ը Ախալքալաքում ցուցադրվեցին 6-րդ "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին` այդ թվում միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակին արժանացած վրաց ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի "Մյուս ափը" ֆիլմը, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի "Սահման"-ը:
Ծրագիրը բացվեց օգոստոսի 13-ին Սերգեյ Փարաջանովի գլուխգործոց "Նռան գույն"-ի ցուցադրությամբ` նվիրված ֆիլմի ստեղծման 40 ամյակին:
Նշված ֆիլմերից բացի, Ախալքալաքում ցուցադրվեցին նաև հայկական և վրացական վավերագրական ֆիլմեր: Բոլոր ցուցադրությունները կայացան քաղաքի մշակութային կենտրոնում:
"Ոսկե Ծիրան"-ը Ջավախքում" ծրագիրը իրականացվում է փառատոնի պաշտոնական գործընկեր Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի, ինչպես նաև Վրաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: ****************************************
Էմիլ Գազազի նոր ժամանակաշրջանը` Ակադեմիա պատկերասրահում
Ակադեմիա պատկերասրահում բացվել է Էմիլ Գազազի` «Էմիլ Գազազ. նոր ժամանակաշրջան» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Airian Dome of Fine Art կազմակերպությունը: Ցուցահանդեսում տեղ կգտնեն Գազազի վերջին տարիների աշխատանքները, որոնք առաջին անգամ են ներկայացվելու հայ հանդիսատեսին: Ցուցահանդեսում մեծ թիվ են կազմում գծանկար աշխատանքները, ընդգրկված է նաև 3 քանդակ:
Հայ գեղարվեստի եվ քանդակագործության ասպարեզում իր ուրույն տեղն ունեցող Էմիլ Գազազը` արվեստի մասին իր յուրօրինակ պատկերացումներով խախտում է բոլոր հավանական կարծրատիպերը: Նրա վրձնահարվածների արդյունքում ծնված կերպարները, իրավամբ, անկրկնելի և անզուգական են. չափազանց հետաքրքիր է արվեստագետի գունային ընկալումը և երանգների հետ խաղալու հմտությունը: Դեռ 2005—ին «Արամե» պատկերասրահում Էմիլ Գազազի գործերի առաջին ցուցադրությունը գրավել էր ավելի լայն շրջանակների ուշադրությունը, քանի որ մինչ այդ գյումրեցի արվեստագետը ծանոթ էր նեղ մասնագիտական շրջաններին։ 2003 և 2007թթ-ին Ֆլորենցիայում տեղի ունեցած միջազգային բիենալեում Էմիլ Գազազը արժանացել է«Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում և հայրենիքում նա ներկայացավ իբրեւ միջազգայնորեն կայացած և ճանաչված արվեստագետ։
Էմիլ Գազազը ծնվել է Գյումրիում 1953 թվականին : 1965-1972 թվականը ուսանել է Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա մինչև 1979թ-ը՝ Երեվանի պետական գեղարվեստի ինստիտուտում: Գազազը այժմ բնակվում եւ ստեղծագործում է Լոս Անջելեսում։
****************************************
«Երևանը լուսանկարներում. 19-րդ դարի վերջ 20-րդ դարի 1-ին կես»
Օգոստոսի 5-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևանը լուսանկարներում» ցուցահանդեսը, որը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի 1-ին կեսի Երևանը, ընդգծում այն ճանապարհը, որով անցել է մեր հնամյա մայրաքաղաքը նշված ժամանակահատվածում: Լուսանկարների հավաքածուն արտացոլում է Երևանի քաղաքական անցուդարձը, տնտեսական զարգացումը, քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, գիտամշակութային ու մարզական կյանքը և այլն:
Ցուցահանդեսը բաղկացած է երեք բաժիններից. առաջին բաժնում ընդգրկված են տնտեսությունը (արհեստներ, առևտուր, արտադրություն), կրթությունը, մշակույթը ներկայացնող լուսանկարներ, ինչպես նաև նահանգային վարչության ծառայողների, գավառապետերի աշխատողների խմբանկարներ, երկրորդ բաժնում Երևանյան փողոցների, հասարակական շենքերի, կամուրջների, բակերի լուսանկարներ են` տվյալ ժամանակաշրջանի իրենց անվանումներով, իսկ երրորդ բաժնում`Երևանի քաղաքական և տնտեսական կյանքում կարևոր դեր խաղացած տոհմիկ ընտանիքների և նրանց սերունդներին պատկանող ընտանեկան և անհատական լուսանկարներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչների կարծիքով այս ցուցադրությունը յուրատեսակ կապ կստեղծի անցյալի ու ներկայի միջև, և ծանոթությունը նրա հետ կունենա ճանաչողական մեծ նշանակություն թե' երևանցիների, թե' Երևան այցելած հյուրերի համար:
“Երևանը լուսանկարներում” ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը:
****************************************
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԴՊՐՈՑ
«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչունային օպերատորներ և պրոդյուսերներ: Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Դիմել կարող են`
- երիտասարդ մասնագետներ համապատասխան բուհական կրթությամբ
- մասնագիտական ԲՈՒՀ-երի ավարտական կուրսի ուսանողներ (միայն ԲՈՒՀ-ի ռեկտորատից կինոդպրոցի դասընթացների մասնակցելու թույլտվություն ունենալու դեպքում)
- անհրաժեշտ նախապայման է ունենալ առնվազն մեկ կարճամետրաժ ֆիլմում աշխատելու փորձ
- անգլերենի իմացությունը` ցանկալի
Ընդունելությունը` հարցազրույցով:
Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը, որը կարող եք գտնել www.gaiff.am կայքից կամ ստանալ էլ-փոստով: Լրացված հայտը ուղարկել filmschool@gaiff.am, իսկ ֆիլմի տեսասկավառակը (DVD) «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոց, #3 Մոսկովյան փողոց, 0001, Երևան, Հայաստան հասցեով` «Կինոդպրոցի ընդունելության հայտ» վերտառությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-10-42:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը:
**************************************** Նոր ալիք` հայկական կինոյում
ANGRY STUDIO-ն կինոսերներին է ներկայանում նոր նախագծով` կարճամետրաժ ֆիլմերի նոր ու խայտաբղետ հավաքածուով` 8 գեղարվեստական ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծված է առանձին ռեժիսորի կողմից՝ անհատական մոտեցմամբ. 3 դրամա, 2 կատակերգություն, 1 դետեկտիվ, 1 հոգեբանական միստիկ թրիլեր ու ևս 2 արտհաուսային աշխատանք׃ Ֆիլմերում նկարահանվում են ինչպես արդեն ծանոթ և սիրված դերասաններ, այնպես էլ նորահայտ դեմքեր׃
Մեր թիմը նպատակ ունի կինեմատիկ կամ սինեմատիկ ալիք բարձրացնել՝ մի փոքր լճացման իրավիճակում գտնվող հայկական կինոյում׃ Մեր ցանկությունն է նաեւ գեղարվեստական արժանիքներից բացի արտադրանքը հանդիսատեսին գրավիչ դարձնել մատչելիությամբ׃ Օրինակ, պլանավորել ենք ֆիլմերի DVD սկավառակները վաճառել անհամեմատ ցածր, եթե կուզեք՝ հակաճգնաժամային գներով, - ասում է
նախագծի պրոդյուսեր ու ստուդիայի համահիմնադիր Վահան Գասպարյանը׃
Նախագծի աշխատանքները սկսվել են մայիս ամսից: ****************************************
Երբ տեսախցիկը ռեժիսորն է, իսկ կյանքը` գլխավոր դերակատարը
Կատվի ցատկի երկարությունը, ծուղակն ընկած ճանճի թևիկների անարդյունավետ թափահարումը, պարան ցատկող մերկ կնոջ մարմնի շարժումներն ու սևամորթ տղամարդու հանգիստ քայլվածքը մեկ բառով կարելի կոչել շարժում կամ գործողություն: Շատերս խորությամբ չենք մտածում այս երևույթների շուրջ և դրանք դիտարկում ենք որպես իրական դրվագներ կյանքից: Սակայն կա մարդկանց մի խումբ, որոնք լուրջ ուսումանասիրություններ են անում մեզ համար պատահական այս դրվագների շուրջ և այդ կադրերը վերածում ամբողջական մի ֆիլմի:
Այդպիսի մարդկանցից մեկն էլ ազգությամբ թուրք Արազ Օզգունն է, ով “Ուտոպիանա” մշակութային-ստեղծագործական հ/կ-ի հրավերով ժամանել էր
Երևան ` “Այցելելով Արխիվ” նախագծի շրջանակներում “Ազգագրական ֆիլմի ստեղծում տեղաբնիկների համար” թեմայով սեմինար ու աշխատանքային հանդիպում անցկացնելու համար: Նա մասնագիտությամբ մեդիա արվեստագետ-գիտնական է, (սա նոր մասնա,իտություն է, որ առաջացել է Տեղեկատվական Տեխնոլո,իաների զար,ացման արդյունքում), ապրում է Նյու-Յորքում, թվային մեդիա և մեդիա տեսություն դասավանդում Նյու Յորքի Նյու Սքուլ համալսարանի Մեդիա գիտությունների ֆակուլտետում, այս պահի դրությամբ աշխատում է “ժամանակակից արվեստի արտադրության քաղաքական տնտեսություն” թեզի վրա:
“Ազգագրական ֆիլմի հիմնական տրամաբանությունը փորձը` ամենօրյա սոցիալական դաշտն ու հարաբերությունները, ֆիքսելն է, ֆիքսել այնպես, ինչպես դրանք կան,- ասում է Արազն ու ավելացնում,- ի տարբերություն կինոյի որևէ այլ ժանրի կամ ձևի` ներկայացուցչության հարցը դառնում է ազգագրական ֆիլմի հիմնական խնդիրներից մեկը: Մենք փորձում ենք ազգագրական ֆիլմի պրակտիկան տեղավորել ավելի լայն փաստագրական, վավերագրական ֆիլմի շրջագծում:
Հետ դեպի Լյումիեր եղբայրների ժամանակաշրժանը, երբ գնացքի ընթացքի մեջ կա ոչ միայն շարժում, այլ կյանք` գնացքի կյանքը, թե ինչպես նա մի կետից հասավ մյուս կետը: Կամ հետ դեպի Չարլի Չապլինի դարաշրջանը, երբ մարդու քայլվածքը, հայացքը ու սայթաքելը կինո է, ընդ որում այնպիսի կինո, որ ֆիլմարտադրության տեխնոլոգիական զարգացումների բումի դարաշրջանում շարունակում է համարվել դասական կինոարտադրություն, քանզի այն արհեստական ու շինծու չէ, այլ ցույց է տալիս իրականությունը` տխուրը, ուրախը, կեղտոտն ու անարդարը:
Իհարկե, թուրք մասնագետի սեմինարը պատրաստված ունկնդրի համար էր, քանզի խորը փիլիսոփայական վերլուծությունները իրական կյանքի ու կինոյի խաչմերուկում ձանձրալի ու, գուցե, աբսուրդ կհնչեին մարտաֆիլմի, դետեկտիվի ու մելոդրամա ֆիլմերի սիրահարների համար: “Իհարկե գեղարվեստական ֆիլմը միշտ գերադասելի է մեծ հանրություան համար, -ասում է Արազ Օզգունը, - մարդիկ հեքիաթ են ուզում, մարդկանց բավարարում է իրականությունը կյանքում: Իսկ ամենամեծ իրականությունն էլ այսօր այն է, որ այս ամենը հասկանալով, վավերագրական ֆիլմերն էլ են այսօր արդեն բեմադրված սցենարով են ընթանում”:
Հայկական կինոարտադրության պատմությունը հարուստ չէ փաստավավերագրական, ֆիլմերով, առավել ևս ազգագրական մոտիվներով ֆիլմերով, ու կարդալ դասախոսություն մի երկրում, որտեղ տեսությունը գործնականակում կիրառելի կարող է չդառնալ, թերևս, այնքան էլ արդյունավետ աշխատանք չէ: Չենք սխալվի, եթե ասենք, որ հայ արվեստագետներից շատերն, ովքեր այսօր, մեծ դժվարությամբ ֆիլմ նկարահանելու հնարավորություն են ձեռք բերում, առաջնահերթ մտածում են իրենց ստեղծագործությունը երկրից դուրս ներկայացնելու մասին, ու այս պարագայում կա մտավախություն, որ ազգագրականը հետաքրքրի չի լինի ուրիշների համար: “Այս ամենը պետք է հետաքրքրի երիտասարդներին, կոնկրետ այս դաշտը բաց է նրանց համար` ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու համար”,- ասում է ազգությամբ թուրք արվեստաբանը` պատրաստակամ լինելով հետաքրքիր առաջարակ ստանալու դեպքում համագործակցել հայ երիտասարդ ռեժիսորների հետ ու, ինչու չէ, ստեղծել հայկական թեմայով ազգագրական ֆիլմ:
Ա. Մկրտչյան ****************************************
Ավետ Տերտերյան - 80
Հուլիսի 29-ին լրանում է 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյակը: Նրա սիմֆոնիկ ստեղծագործությունը հայ կոմպոզիտորական դպրոցի պատմության մեջ նոր և համարձակ էջ բացեց:
Ավետ Տերտերյանը (ի ծնե` Ալֆրեդ Տերտերյան) ծնվել է 1929թ-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Երաժշտության իր առաջին դասերը ստացել է դեռ 6 տարեկանում: Երաժշտական կրթությունն ստացել է Բաքվի երաժշտական ուսումնարանում (1948թ), այնուհետև շարունակել է ուսումը Երևանում` նախ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսանել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարանում: Ի դեպ, հենց վերջինս է Տերտերյանի Ալֆրեդ անունը վերափոխել հայկական Ավետ անվան:
Տաղանդավոր պատանին 1956թ հաղթող է ճանաչվել Մոսկվայում կայացած “Երիտասարդ կոմպոզիտորներ” մրցույթում: Նրա բազմաթիվ մրցանակների շարքը համալրում են 1962թ-ին ”Կոմպոզիտորների միության” մրցույթի առաջին մրցանակը, 1977թ.-ին Հայաստանի պետական մրցանակը 3-րդ սիմֆոնիայի համար, 1993թ-ին` Արամ Խաչատրյանի մրցանակը, ինչպես նաև 1984թ-ին Հայաստանի և 1991թ-ին Խորհրդային Միության ժողովրդական արտիստ պատվավոր կոչումները:
Տերտերյանը գրել է 8 սիմֆոնիա, 2 օպերա, 1 բալետ, կամերային գործեր, երաժշտություն ֆիլմերի ու դրամատիկական ներակայացումների համար: Նրա ստեղծագործությունները հնչել են Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի եւ ԱՄՆ-ի հայտնի համերգասրահներում ու երաժշտական փառատոներում:
Ավետ Տերտերյանը ծավալել է բուռն հասարակական, ինչպես նաև մանկավարժական գործունեություն, դասավանդել է Երևանի և Եկատերինբուրգի կոնսերվատորիաներում: Նա Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ էր: Ավետ Տերտերյանը մահացել է 1994թ դեկտեմբերի 11-ին` Եկատերինբուրգ կատարած իր վերջին այցի ժամանակ: Այնտեղ հայ կոմպոզիտորի պատվին կազմակերպվել էր երաժշտական փառատոն, իսկ Եկատիրինբուրգի ամենամյա երաժշտական փառատոնը նրա մահից հետո կոչվում է Տերտերյանի անունով:
Այսօր էլ Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները պարբերաբար ընդգրկվում են հայ և արտասահմանյան կոլեկտիվների թատերական և համերգային երկացանկերում: 2008թ. դեկտեմեբրի 1-ին և 2-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Տերտերյանի “Երկրաշարժ” (1984) օպերայի երևանյան պրեմիերան: «Երկրաշարժի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2003թ. մարտի 16-ին Գերմանիայում` Մյունխենի Guertnerplatz պետական թատրոնում: 2003թ. բեմադրությունն արժանացել է «Ոսկե աստղ» մրցանակի, իսկ 2004թ. ստացել է Վոլֆ Էբերմանի անվան միջազգային մրցանակ: ****************************************
“Բաց երաժշտություն փառատոն”` երաժշտական նոր տոն
Հուլիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում կմեկնարկի “Բաց երաժշտություն փառատոն”, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Փառատոնի նախաձեռնողները վստահեցնում են, որ 24 օր՝ ժամը 21:00-ից մինչև 22:30-ը, երևանյան երեկոները կողողվեն բարձրակարգ երաժշտությամբ:
“Բաց երաժշտություն փառատոնն” իր ծավալով, համերգային ծրագրերով և բազմաժանրությամբ հայաստանյան իրականության մեջ աննախադեպ է:
Փառատոնը բաղկացած է հայկական, դասական և համաշխարհային երաժշտությանը նվիրված 23 առանձին համերգներից, որոնց ընթացքում ելույթ կունենան ոչ միայն հայ երաժշտության ամենավառ ներկայացուցիչները, այլև մեր ժամանակների համաշխարհային հռչակ վայելող արտասահմանյան երաժիշտներ, խմբեր ու կատարողներ:
****************************************
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Հայաստանում
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը հուլիսի 26-31-ը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Չարենցավան:Կազմակերպիչների կարծիքով հյուրախաղերը նոր լիցք կհաղորդեն Հայաստան-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը` նպաստելով սփյուռքում գործող մշակութային և ստեղծագործական կազմակերպությունների ներկայացումը Հայաստանում:
Հյուրախաղային ծրագրում ներառված են` Գ. Սունդուկյան “Խաթաբալա”, Հ. Պարոնյան “Պաղտասար աղբար”, Սայաթ-Նովա “Աշխարհումըս իմըն դուն իս”, Յ. Օ Նիլ “Սերը ծփիների տակ”: ****************************************
Լոնդոնի թանգարանը`iPhone-ում
Լոնդոնի ազգային թանգարանը այցելուների համար iPhone –ում բացել է իր սեփական էջը, ինչը ժամանակակից տեխնիկայի այս միջոցին տիրապետողներին հնարավորություն կտա մանրամասնորեն ուսումնասիրել թանգարանի հավաքածուի 250 ամենահայտնի կտավները: Առաջարկվում են նաև ձայնա և տեսագրություններ, որոնցում ընդգրկված են հարցազրույցներ և պատմություններ արվեստի գործերի մասին:
Թանգարանի մինի-հավաքածուի մեջ ներառված են ամենանշանավոր արվեստի ստեղծագործությունները, այդ թվում` Բոտիչելիի, Ռենուարի, Վան Գոգի, Ռեմբրանդտի, Վան Էյկի աշխատանքներ:
Նկարները կարելի է դիտել ինչպես պատահական, այնպես էլ հատուկ հերթականությամբ` ըստ թեմատիկայի բաժանված 12 խմբի:
Լոնդոնի ազգային թանգարանի ներկայացուցիչների խոսքերով իրենց հավաքածուն դեռևս միակն է աշխարհում, որը նման յուրօրինակ կերպով է ներկայանում իր այցելուներին:
****************************************
Հանդիպում համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալփերի հետ
Հուլիսի 19-ին “Նարեկացի” արվեստի միությունը հյուրընկալել էր համշենահայ կինոռեժիսոր Օզջան Ալփերին: Ցուցադրվեց “Սոնբահար” / ”Աշուն” ֆիլմը, որից հետո Ալփերը զրուցեց հանդիսատեսի հետ` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին: Զրույցն ընթացավ համշենահայ բարբառով, ինչը ավելի ջերմ ու զգայուն մթնոլորտ ստեղծեց դահլիճում:
“Համշենի բարբառը իմ մայրենի լեզուն է: Այն գրական հայերենից մի քիչ տարբերվում է, բայց իրականում երկուսն էլ նույն լեզուն են` տարբեր զարգացումներով: Այս ֆիլմը իմ հոգուց է բխել. 1992 թ-ին, երբ սովորում էի համալսարանում, առնչվել եմ ազատության ձգտող, ձախակողմյան գաղափարներ կրող մարդկանց, որոնցից շարտերն իմ ընկերներն են”:
“Աշուն”-ը ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է և արդեն հասցրել է մեծ հեղինակություն վայելել աշխարհի տարբեր երկրներում: Այն պատմում է Յուսուֆ անունով մի երիտասարդի մասին, ով ուսանողական տարիներից սկսել է պայքարել սոցիալիզմի և ազատ գաղափարախոսության համար: Այն մարդկային կյանքի, հույսի և կորցրած տարիների մասին տխուր և գեղեցիկ ֆիլմ է:
Այն հարցին, թե ինչ ընդհանրություններ կան իր և իր հերոսի միջև, Ալփերը պատասխանեց. “Ես Յուսուֆի պես ծանր վիճակում չեմ եղել, բայց ունեմ քաղբանտարկյալ ընկերներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է Յուսուֆ լինել”:
Ալփերը ավելացրեց նաև, որ իր ֆիլմերի միջոցով փորձում է փրկել և վերապրեցնել Համշենի լեզուն և մշակույթը:
Հիշեցնենք նաև, որ Օզջան Ալփերի “Աշուն” ֆիլմը այս տարի ներկայացված էր “Ոսկե ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնի “Խաղարկային ֆիլմեր” անվանակարգում և արժանացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահի հատուկ մրցանակին: ****************************************
Ավարտվեց “Ոսկե ծիրան”-ը 6-րդ “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնն ավարտված է, 5 միջազգային ժյուրիների անդամները հրապարակել են այս տարվա հաղթող ֆիլմերի անունները:
Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ
1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին “Մյուս ափը” ֆիլմի համար
2. Հատուկ մրցանակ “Արծաթե ծիրան” մրցանակ լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային “Քերծվածք” ֆիլմի համար
3. Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ Օզջան Ալփերին “Աշուն” ֆիլմի համար
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ
1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդին “Բիրմացի վիջեjը. ռեպորտաժ փակ երկրից” ֆիլմի համար
2. Հատուկ մրցանակ “Արծաթե Ծիրան” Սերգեյ Բուկովսկուն “Ողջերը” ֆիլմի համար
3. Ժյուրիի հատուկ մրցանակ հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին “Մալեգաոնի գերմարդիկ” ֆիլմի համառ
Հայկական համայնապատկեր մրցույթ
1. “Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ Արկա Մանուկյանին “Սիրով և երախտագիտությամբ” ֆիլմի համար
2. Ժյուրիի դիպլոմ Լևոն Քալանթարին “Կովկասի ազգականուհին” ֆիլմի համար
3. Ժյուրիի դիպլոմ Ֆրեդերիկ Բալեգջյանին “Մեր աշխարհը” ֆիլմի համար
FIPRESCI-ի` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը
• Օզջան Ալփերին “Աշուն” ֆիլմի համար
Էկումենիկ ժյուրիի մրցանակը
• Գեորգի Օվաշվիլիին “Մյուս ափը” ֆիլմի համար ****************************************
Բարի երթ “Ոսկե ծիրանին”
Հուլիսի 12-ին Սբ. Զորավոր եկեղեցում ծիրանօրհնեքի և ծիրանի օղու համտեսին Մոսկվա կինոթատրոնում հաջորդեց “Ոսկե Ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր` Հայաստանից և այլ երկրներից: Կարմիր գորգի ավանդական արարողակարգից հետո սկսվեց միջոցառումը, որի ժամանակ “Ոսկե ծիրանին” բարի երթ մաղթեցին ինչպես պետական այրեր, այնպես էլ փառատոնի կազմակերպիչներն ու պատվավոր հյուրերը: Բացման ելույթներն ու բարեմաղթանքները մեկընդմեջ ընդմիջվում էին համերգային փոքրիկ համարներով և տեսանյութերով:
Նշանավոր հյուրերի թվում էին լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկին, ում ֆիլմերը ընդգրկված են այս տարվա հետահայաց ցուցադրությունների շարքում: Նշանավոր հյուրերի շարքում էին նաև ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը և ֆրանսահայ անվանի կինոարտադրող Ալեն Թերզյանը, ովքեր, փառատոնի բացումից առաջ հանդես եկան մամուլի ասուլիսով` ներկայացնելով փառատոնի բացման ֆիլմի` “Մերձավոր շրջապատ”-ի ստեղծման պատմությունը: Ալեն Թերզյանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատմել է, թե որքան մեծ է եղել հուզմունքը, երբ ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել իր հայրենիքում: Լորան Տյուելը ասուլիսում նշել է, որ իր նպատակը այս ֆիլմով հայկական ընտանիքի ներքին միությունն ու միասնությունը ցույց տալն էր, և այս դեպքում նշանակություն չունի լավ, թե՞ վատ, և, որ հենց այդ միությունն է գրավել նրան:
Բացման արարողության ընթացքում ներկայացվեցին նաև տարբեր մրցույթներում ընդգրկված ժյուրիի պատվավոր անդամները, հիշեցնենք, որ օրինակ Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր, փառատոնի պատվավոր հյուր Կոհեյ Օգուրին, կազմում ընդգրկված են նաև Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը, կինոպրոդյուսեր Պակո Պոշը Իսպանիայից, դերասան և սցենարիստ Էրիկ Պողոսյանը ԱՄՆ-ից, վրացի ռեժիսոր Նանա Ջորջաձեն և կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: ****************************************
«Սիրահարների այգում» երիտասարդները ո՛չ կասեն ՁԻԱՀ-ին
Հուլիսի 10-ին ժամը 19:00-ին «Սիրահարների այգում» տեղի կունենա «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով բացօթյա համերգ, որի ժամանակ ելույթ կունենան “THE BOPS”, “ANOTHER STORY”, “ARSA”, “FAIR WIND” և “EVA” խմբերը: Համերգը կազմակերպում է Հայկական Կարմիր խաչ ընկերության Երիտասարդական բաժինը, որն արդեն չորրորդ տարին է, ինչ իրականցնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր, որոնք ներառում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սպորտային ակցիաներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներ պարունակող տեղեկատվական նյութերի տարածում, համերգներ ՀՀ մշակույթի ճանաչված գործիչների ներգրավմամբ:
Ըստ համերգի կազմակերիչների` հանրաճանաչ մարդիկ մեծ վստահություն ու հավատ են ներշնչում հասարակությանը` հետևաբար նրանց հեղինակավոր խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես երիտասարդների վարքագծի ձևավորման գործում: Համերգի ժամանակ ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի շուրջ 150 երիտասարդ կամավորներ կիրականացնեն լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ: Համերգի ընթացքում կհնչեն ուղերձներ, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր և պահպանակներ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով այսօր ողջ աշխարհի համար արտակարգ իրավիճակ է ստեղծել, որը սպառնում է միլոնավոր մարդկանց կյանքին, ազդում է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառների, հասարակության բոլոր շերտերի և տարրերի վրա: Այսօր աշխարհում շուրջ 40 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի` գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաև Հայաստանին: Հաշվարկային տվյալներով ՀՀ բնակվում է մոտ 3000 ՄԻԱՎ վարակակիր: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:
****************************************
"Ցմահ բանտարկյալներ". աբսուրդ տրագիկոմեդիա Վարդան Պետրոսյանն իր նոր՝ "Ցմահ բանտարկյալներ" ներկայացումը բնութագրում է որպես "աբսուրդ տրագիկոմեդիա": Պիեսի և երաժշտական ձևավորումը` Վարդան Պետրոսյանի, բեմադրությունը` Տիգրան Գասպարյանի: Այսօրվա իրական կյանքը դերասան Վարդան Պետրոսյանը բեմ է բարձրացնում աբսուրդի հասնող չափազանցությունների միջոցով:
Ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանի հետ "ցմահ բանտարկյալներ" են խաղում նաեւ դերասաններ Գեւորգ Մինասյանը եւ Մելիք Վարդանյանը: Ներկայացումը "բանտարկված հասարակությանը" ներկայացնում է 3 հավաքական, ընդհանրացված կերպարների միջոցով. թալանող օլիգարխ, խեղճ ու իրավազուրկ ժողովուրդ և լուծումներ փնտրող մտավորական:
Ներկայացումը աբսուրդի, գրոտեսկի լեզվով անդրադառնում է նաև մարտի 1-ի եւ դրան հաջորդած դեպքերին, ձերբակալված ընդդիմադիր գործիչներին, վերջին դատական գործընթացներին:
"Սա երգիծական ապտակների ներկայացում չէ, այն առավել խոհական ու բանաստեղծական է: Եվ քանի որ ես շոշափում եմ շատ դաժան թեմա, փորձել եմ գտնել նաեւ գեղարվեստական ձեւի հավասարակշռություն: Ես խոսում եմ շատ մեծ թախիծով, բայց որպեսզի պահպանեմ հավասարակշռությունը, անընդհատ զվարճացնում եմ մարդկանց: Սա շատ ծիծաղելի ներկայացում է",- ասում է դերասան Վարդան Պետրոսյանը:
"Ցմահ բանտարկյալներ" ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայանա հուլիսի 17-ին, 18-ին եւ 19-ին՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ի դեպ, առաջիկայում սպասվում է նաև մասնագիտությամբ նկարիչ Վարդան Պետրոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-ներկայացումը:
****************************************
Օրիգամի` հայ երեխաների ձեռքերով
“Խաղաղության լապտեր” խորագիրը կրող հայ-ճապոնական քաղաքական-մշակութային խոշոր ծրագրի շրջանակներում հուլիսի 11-ին Գեղագիտության ազգային կենտրոնում առաջին անգամ Հայաստանում հայ հանդիսատեսի դատին կներկայացվեն ճապոնական ձեռարվեստի` օրիգամիի յուրահատուկ նմուշներ: Բոլոր աշխատանքները կատարված են Գեղագիտության կենտրոնի սաների ձեռքերով: Օրիգամին թղթի պլաստիկայի յուրօրինակ արվեստ է, որը ծնվել է Ճապոնիայում և այժմ մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում:
Նույն օրը Գեղագիտության կենտրոնի Փոքր թատրոնում կկայանա դասական ճապոնական քնարերգության թատերականացված բեմադրություն` “Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ…” վերնագրով:
“Խաղաղության լապտեր” ծրագիրը, որն իրականացվում է 2005 թ-ից, մեծ արձագանք է ստացել Ճապոնիայում: Սա ամբողջ աշխարհում աննախադեպ խաղաղության ակցիա է, որն իրականացրել են հայ երեխաները:
****************************************
“Ոսկե ծիրան”. օրագիր Հուլիսի 12-19-ը կայանալիք “Ոսկե ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքերը շարունակվում են:
Արդեն հայտնի են “Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումի ընտրական փուլի արդյունքները, որին կմասնակցեն ավելի քան 40 նախագծեր: Այս տարի համատեղ արտադրության ֆորումի անցկացման ձևը մի փոքր փոխվել է. նախատեսված են երկու հիմնական միջոցառումներ` «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության դասընթացը, որը կհյուրընկալի 10 նախագիծ տարածաշրջանային երկրներից /Հայաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա, Էստոնիա/ և Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմի վավերագրական ֆիլմերի զարգացման դասընթաց` նախատեսված 6 վավերագրական նախագծերի համար: Վերջիններս նպատակ ունեն դառնալ հայ-թուրքական համատեղ արտադրություն:
Կինոփառատոնի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընգրկվել են 11 ժապավեններ, դրանք կդատի 6 հոգանոց ժյուրին, որի կազմում են ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր, փառատոնի պատվավոր հյուր Կոհեյ Օգուրին, Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը, կինոպրոդյուսեր Պակո Պոշը Իսպանիայից, դերասան և սցենարիստ Էրիկ Պողոսյանը ԱՄՆ-ից, վրացի ռեժիսոր Նանա Ջորջաձեն և կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
6-րդ “Ոսկե Ծիրան”-ը նախատեսել է նաև հարուստ Ռետրոսպեկտիվ ծրագիր: Հետահայաց ցուցադրությունների շարքում ընդգրկվել են մեր ժամանակների 3 մեծանուն ռեժիսորների ֆիլմեր, ովքեր ներկայացնում են 3 տարբեր աշխարհամասեր` ամերիկացի Ռոբ Նիլսոնը, լեհ Յեժի Սկոլիմովսկին և ճապոնացի Կոհեյ Օգուրին: Հեղինակները կլինեն փառատոնի պատվավոր հյուրերը և կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրություններին:
“Ոսկե Ծիրան”-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաև հայ կինոյի մեծ անուններին` հետահայաց ցուցադրություններով նշելով “Հնձան”, “Աշնան արև”, “Տերը” ֆիլմերի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի և “Տժվժիկ”, “Մորգանի խնամին”, “Հեղնար աղբյուր”, “Ընկեր Փանջունի” ֆիլմերի ռեժիսոր Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները:
Արդեն մի քանի տարի է “Ոսկե ծիրան”-ն իրականացնում է “Մեկ օր Եվրոպայում” արտամրցութային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մեկական երեկո դիտել լավագույն եվրոպական ֆիլմեր: Այս տարի տարի հուլիսի 14-ը կլինի ֆրանսիական կինոյի օր, իսկ 17-ը` գերմանական:
Փառատոնն այս տարի նոր, ավելի մեծ ծավալի համագործակցություն է սկսում Հայաստանում Լեհաստանի դեսպանատան հետ: Նրանց աջակցությամբ հուլիսի 16-ին “Ոսկե ծիրան” փառատոնը կունենա նաև “լեհական օր”: Բացի այդ, կկայանա աշխարհահռչակ լեհ ռեժիսոր, լեհական դասական կինոյի ներկայացուցիչ Յեժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Լեհական ֆիլմերը Հայաստանում ցուցադրելու հարցում “Ոսկե Ծիրան”-ին աջակցել են լեհական կինոինստիտուտն ու կինոդարանը:
Կշարունակվի նաև “Արաբական գիշերներ” ծրագիրը, որը Եգիպտոսի և Լիբանանի դեսպանատների աջակցությամբ ամեն երեկո ներկայացնում է Եգիպտոսի, Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի ռեժիսորների ֆիլմերը:
“Ոսկե ծիրանն” արդեն տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում է Հայաստանում գործող մի շարք երկրների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են առավելապես Հայաստան հրավիրվող բազմաթիվ հյուրերի այցելությունները կայանալուն և փառատոնի տարածաշրջանային ծրագրերին:
****************************************
Մինասի հոբելյանական տարին մոտենում է ավարտին
2008թ-ի հուլիսի 20-ին լրացավ Մինաս Ավետիսյանի 80-ամյակը, ինչի առթիվ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, մասնավորապես` Մինասի “Թորոս Ռոսլինի ծնունդը” որմնանկարի վերականգնողական աշխատանքների առաջին և երկրորդ փուլերը, որոնք իրականացվել են Հռոմի Պալացցո Սպինելլի արվեստի և վերականգնողական աշխատանքների ինստիտուտի երեք մասնագետներ, ովքեր Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից բարեհաջող հանել են որմնանկարը և տեղափոխել Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարան: Վերականգնողական աշխատանքերի երրորդ` ավարտական փուլը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 23-ին, երբ կրկին Հայաստան ժամանեն իտալացի մասնագետները:
Մինասի հոբելյանական տարվա միջոցառումների շարքին էր պատկանում նաև Ազգային պատկերասրահում Մինասի հոբելյանական ցուցահանդեսի բացումը:Այս տարի նույն ցուցահանդեսը կբացվի նաև Մոսկվայում և Իտալիայում:
Հոբելյանական այս շարքի բաղկացուցիչ մաս է կազմում նաև 2009 թ. հուլիսի 20-ին` Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը, Երևանի Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը, որով էլ կեզրափակվի Մինաս Ավետիսյանի հոբելյանական տարին: Հայաստան կժամանի հայտնի երաժիշտ Պիեր Դոմինիկ Պոնելը (Գերմանիա), ում “Մինասին” ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի հանդիսատեսին` Հայաստանի մենակատարների պետական նվագախմբի կատարմամբ: Այս համերգով էլ Հայաստանում կավարտվի Մինասի հոբելյանական տարվա միջոցառումների շարքը, սակայն այն նոր սկիզբ կստանա 2009թ-ին հոկտեմբերին Ռուսաստանում և 2010 թ-ի գարնանը` Իտալիայում:
****************************************
Մասնագետները հայտնաբերել են Միքելանջելոյի անհայտ դիմանկարը
Միքելանջելո Բուանորոտիի վերջին աշխատանքը համարվող “Սուրբ Պետրոսի խաչելությունը” որմնանկարի վերականգնողական աշխատանքների ընթացքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ նկարիչը որմնանկարի վրա թողել է ինքնատիպ ստորագրություն`ինքնադիմանկարի տեսքով: The Independent թերթը պարզաբանում է, որ նկարի ձախ հատվածում` 2 ձիավորների միջև երևացող մուգ կապույտ գլխաշորով երրորդ ձիավորը հենց Միքելանջելոն է:
Որմնանկարը ստեղծվել է 1545-1550 թվականներին, գտնվում է Պաոլինի մատուռում` Վատիկանի Առաքելական պալատի` այցելությունների համար փակ հատվածում: Մատուռի հնգամյա վերականգնողական աշխատանքերը, որոնք ընդգրկել են նաև Միքելանջելոյի 2 որմնանկարները, ավարտվել են 2009 թ-ի հունիսի 30-ին:
Կարծիք կար, որ Պետրոս Առաքյալին նվիրված որմնանկարներից մեկում Միքելանջելոն արդեն հանդես եկել էր ինքնադիմանկարով, սակայն հետագայում այն հերքվել էր: Ըստ մեկ այլ տեսակետի` Սիքստինյան տաճարը զարդարող “Ահեղ դատաստան” որմնանկարում Միքելանջելոն պատկերել է իր սեփական ծաղրանկարը. Սուրբ Բարդուղիմեոսը բռնել է մաշկազերծ եղած մի մարդու, ում այլանդակված դեմքը, ըստ մասնագետների, պատկանում է Միքելանջելոյին:
****************************************
“Կարպիս Փափազյան” մրցանակ՝ Ցվետանա Պասկալևային
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա “Կարպիս Փափազյան” ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը, որի նախաձեռնողը Հայաստանի Բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն է: 2009թ-ի “Կարպիս Փափազյան” մրցանակը կշնորհվի կինովավերագրող, լրագրողուհի Ցվետանա Պասկալևային` արցախահայության պայքարի ճշմարտացի և ամբողջական լուսաբանման իր քաջության, ինչպես նաև Հայաստանին իր անմնացորդ նվիրվածության համար: Միջոցառման ծրագրում ընդգրկված են Ցվետանա Պասլաևայի` “Իմ թանկագին ողջեր և մեռածներ” ֆիմի ցուցադրությունը, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, Ավետ Տերտերյանի սիմֆոնիա թիվ 3:
1988-ից հանձնվող ամենամյա «Կարպիս Փափազյան» մրցանակը տրվում է օտարազգի այն գիտնականներին, քաղաքական գործիչներին, մշակույթի ներկայացուցիչներին, մտավորականներին, ովքեր երկարամյա գործունեությամբ փաստել են իրենց նվիրվածությունը Հայոց հարցին:
Տարբեր տարիների հիշյալ մրցանակը ստացել են ճանաչված անուններ Իտալիայից, Անգլիայից, Ավստրիայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Իրանից, Ռուսաստանից:
1988-ին մրցանակը տրվել է Թեսսա Հոֆմանին, այնուհետև տարբեր տարիների 5000 ամերիկյան դոլար մրցանակային պարգևը ստացել են Իվ Թեռնոնը, Ահմադ Նուրիզադեն, Կիմ Բակշին, Հերման Գոլցը, Քերոլայն Քոկսը, ավստրիացի ամուսիններ Հելմուտ եւ Հայդե Բուշհաուզեները և այլ երախտավորներ:
****************************************
“Փոփ-արքայի” սիրտը կանգ առավ
Լոս Անջելեսի իր տանը սրտի կաթվածից մահացել է փոփ երաժշտության արքա 50-ամյա Մայքլ Ջեկսոնը: Բժիշկներին չի հաջողվել փրկել երգչի կյանքը, վերջինս մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով:
Վերջին տարիներին Ջեքսոնը դադարեցրել էր համերգային գործունեությունը առողջական խնդիրների պատճառով: Բազմաթիվ պլաստիկ վիրահատությունները վերջնականապես քայքայել էին երգչի առողջությունը: Ինչպես հայտնի է, նա փոխել էր ինչպես իր մաշկի գույնը, այնպես էլ դիմագծերը, ինչի արդյունքում ստիպված էր երկար ժամանակ դիմակ կրել :
Իր երաժշտական գործունեությունը Մայքլ Ջեքսոնը սկսել է 4 տարեկանից`ելույթ ունենալով “The Jackson Five” խմբի կազմում: 1970-ականների կեսերին, երբ խմբի աստղը աստիճանաբար սկսեց մարել, Ջեքսոնը սկսեց հանդես գալ որպես մենակատար: Շատ շուտով Մայքլը մեծ հաջողությունների է հասնում, նրա երգերը սկսում են գլխավորել ամերիկյան առաջատար հիթ-շքերթները:
1982թ-ին թողարկված “Thriller” ալբոմի համար նա 8 անգամ արժանացել է “Գրեմմի” մրցանակին, բացի այդ “Thriller”-ը գրանցվել է Գինեսի գրքում, որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող ալբոմ: Մինչև այսօր ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 26, իսկ աշխարհում` 60 միլիոն օրինակ: 2009 թ-ին MTV-ի հանդիսատեսը "Thriller"-ը ճանաչել է որպես “ Պատմության մեծագույն ալբոմ”
Այս ամառ Ջեքսոնը, ում հաճախ էին տեսնում հաշմանադամի սայլակով, նպատակ ուներ համերգներով հանդես գալ Լոնդոնում` այդպիսով տոնելով իր վերադարձը դեպի երաժշտական ակտիվ գործունեություն:
****************************************
Պիկասսոյի “Թրով տղամարդը” վաճառվել է 9,5 միլիոն դոլարով
Հունիսի 23-ին Լոնդոնում` “Քրիստիս” աճուրդի տանը կայացած իմպրեսիոնիստների և մոդեռնիստների աշխատանքների վաճառքի գումարը կազմել է 37,2 միլիոն ֆունտ ստերլինգ, որը հավասար է 61,2 միլիոն դոլարի:
Ամենաթանկ աշխատանքը դարձել է Կլոդ Մոնեի “Մոնսոյի զբոսայգում” կտավը, որը վաճառվել է 6,313 միլիոն ֆունտ կամ 10,36 միլիոն դոլարով: Պաբլո Պիկասսոյի “Թրով տղամարդը”, որի նախնական գինը ամենաբարձրն էր` 5-7 միլիոն ֆունտ ստերլինգ, վաճառվել է ընդհամենը 5,753 միլիոն ֆունտով, որը կազմում է 9,44միլիոն դոլար: Պիկասսոյի ևս մեկ աշխատանք` “ Նստած մերկը և ֆլեյտահարը” վաճառվել է 3,4 միլիոն ֆունտով (5,58 միլիոն դոլար):
Աճուրդի ավարտից հետո պարզ է դարձել, որ “Քրիստիս”-ին հաջողվել է վաճառել աճուրդի հանված 40 աշխատանքներից միայն 30-ը: Կտավները հիմնականում ձեռք են բերել Մեծ Բրիտանիայի կոլեկցիոներները:
****************************************
“Ալմաստ” ` օպերային թատրոնում
Հունիսի 27-ին և 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պրեմիերան (2 գործողությամբ), որի բեմադրող ռեժիսորն է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Իսահակյանը, բեմադրող դիրիժորը` ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, պարերի բեմադրիչ` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմադրության և զգեստների նկարիչ` ՌԴ վաստակավոր նկարիչ Վյաչեսլավ Օկունև, խմբավարը` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, դիրիժոր` Հարություն Արզումանյանը:
“Ալմաստ” օպերան, որը գրվել է Հ. Թումանյանի “Թմկաբերդի առումը” պոեմի հիման վրա, իր մեջ արտացոլում է հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարը: Օպերան հոգեբանական-փիլիսոփայական բնույթի երաժշտական դրամա է: Առաջին անգամ բեմադրվել է 1930 թ-ին Մոսկվայի Մեծ թատրոնի ֆիլիալում, ապա նաև Օդեսայում, Թիֆլիսում, Նովոսիբիրսկում:
Հայաստանում բեմադրվել է 1933թ-ին` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բացման օրը: Վերաբեմադրվել է 1939-ին, 1969-ին և 1971-ին:
Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է: Առաջինը փորձ կատարեց օգտագործել հայկական ժողովրդական երգերի մեղեդիները սիմֆոնիկ ստեղծագործությունների մեջ: Առավել հայտնի ստեղծագործություններն են "Ալմաստ" օպերան և "Երևանյան էտյուդներ" սիմֆոնիկ սյուիտը:
****************************************
Ժան Ռենոն` հայ գանգստերի դերում
Հուլիսի 12-ին “Ոսկե Ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի “Մերձավոր շրջապատ” (le Premier Cercle) ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:
95 րոպեանոց այս թրիլլերը հայազգի Մալաքյան հանցախմբի մասին է, որը իշխում է Ֆրանսիայում հարավում: Հանցախմբի ղեկավարը Միլո Մալաքյանն է, ով հայտնի է իր դաժանաությամբ: Նրա համար “Մերձավոր շրջապատ” իր ընտանիքն է, իր արմատները, որոնց դավաճանել չի կարելի: Միլոն պատրաստ է հանցախմբի ղեկավարությունը հանձնել իր ժառանգին` միակ որդի Անտոնին, սակայն վերջինս այլ կյանքի է ձգտում: Իր սիրուն հասնելու համար նա պետք է փախչի շրջանից:
Միլո Մալաքյանի դերը ստանձնել է Ժան Ռենոն: Ֆիլմը թողարկվել է 2009թ-ի մարտին:
Ալան Թերզյանը Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, նաև “Ալտեր ֆիլմս” պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան: Հայաստան նա կայցելի առաջին անգամ:
****************************************
Ցուցահանդես ՀայԱրտում
Հունիսի 19-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում կբացվի Նարինե Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է, որը Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ, իսկ առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 2006թ-ին Բեյրութում` Հայ Կաթողիկե Մեսրոպյան Բարձրագույն վարժարանի հրավերով:
Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են մանրանկար աշխատանքներ:
Նարինե Գրիգորյանը ավարտել է Սարյանի գեղարվեստի ուսումնարանը` որպես հախճապակու և ճենապակու ձևավորող նկարիչ, իսկ 1991 թ-ին` ՊՄԻ գեղարվեստի ֆակուլտետը: Ավարտական աշխատանքը պաշտպանել է մանրանկարչությունից` ներկայացնելով “Հավերժություն” թեմայով երեք մանրանկար: Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների արտասահմանում: Աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Բեյրութում և այլն :
Նարինեն զբաղվում է նաև գեղանկարչությամբ, տիկնիկագործությամբ, հագուստի մոդելավորմամբ և դիզայնով, ստեղծագործում է երաժշտության և գրականության ասպարեզում, “Խատուտիկ” մանկական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է և պարուսույցը:
****************************************
“Ոսկե ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոն
“Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը: Փառատոնն այս տարի ստացել էր մոտ 430 հայտ 65 երկրներից, որոնցից ընտրվել 110 ֆիլմ 40 երկրներից:
“Ոսկե Ծիրան”-ը կունենա նախորդ տարիներին հաստատված 3 մրցութային ծրագրեր` Միջազգային խաղարկային և Վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև Հայկական համայնապատկեր:
Փառատոնը կբացվի ռեժիսոր Լոռեն Տյուելի “Առաջին շրջան” ֆիլմով, որի պրոդյուսերն է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալան Թերզյանը: Ֆիլմում հայ հանցագործի դերում հանդես է եկել ֆրանսիացի անվանի դերասան Ժան Ռենոն: Ալան Թերզյանը Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, նաև “Ալտեր ֆիլմս” պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան: Հայաստան նա կայցելի առաջին անգամ:
“Ոսկե Ծիրան”-ն այս տարի կունենա հատուկ իրադարձություն. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 85 և ‘Նռան գույնը” ֆիլմի 40 ամյակի առթիվ փառատոնի շրջանակներում կկայանա հայ կինոյի պատմության մեջ իր արժանի տեղը զբաղեցրած այդ ֆիլմի հայկական տարբերակի ցուցադրությունը: Սա յուրահատուկ հարգանքի տուրք կլինի մեծ ռեժիսորին ու նրա ստեղծագործությանը: Ցուցադրությանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են “Նռան գույնի” ստեղծմանը:
Այս տարի “Ոսկե Ծիրան”-ը նախատեսել է հարուստ Ռետրոսպեկտիվ ծրագիր:
Հետահայաց ցուցադրությունների շարքում կցուցադրվեն մեր ժամանակների 3 մեծանուն ռեժիսորների ֆիլմեր, ովքեր ներկայացնում են 3 տարբեր աշխարհամասեր` լեհ Յեժի Սկոլիմովսկին, ճապոնացի Կոհեյ Օգուրին և ամերիկացի Ռոբ Նիլսոնը: Բոլոր 3 հեղինակները կլինեն փառատոնի հյուրերը և կմասնակցեն իրենց ֆիլմերի ցուցադրություններին:
“Ոսկե Ծիրան”-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի նաև հայ կինոյի մեծ անուններին` հետահայաց ցուցադրություններով նշելով “Հնձան”, “Աշնան արև”, “Տերը” ֆիլմերի ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի և “Տժվժիկ”, “Մորգանի խնամին”, “Հեղնար աղբյուր”, “Ընկեր Փանջունի” ֆիլմերի ռեժիսոր Արման Մանարյանի 80-ամյա հոբելյանները:
Փառատոնի ոչ մրցութային ծրագրում այս տարի նույնպես կլինեն Երևանյան պրեմիերաներ: Դրանց շարքում է հանրահայտ ռուս ռեժիսոր Սերգեյ Սալավյովի վերջին աշխատանքներից “Աննա Կարենինա”-ն և “Ասսա 2”-ը: Հեղինակը Երևան կայցելի իր ֆիլմերի դերասանուհու` Տատյանա Դրուբիչի հետ միասին:
“Ոսկե ծիրան”-ի շրջանակներում կկայանա նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի “Տետրո” ֆիլմի երևանյան պրեմիերան, որը կներկայացնի ռեժիսորի հայազգի պրոդյուսեր Անահիտ Նազարյանը: “Տետրո”-ն թողարկվել է 2009թ-ին, համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի փառատոնում:
“Մեկ օր Եվրոպայում” խորագրի ներքո “Ոսկե Ծիրան”-ն այս տարի նույնպես կներկայացնի լավագույն եվրոպական ֆիլմեր` ֆրանսիական, գերմանական, հոլանդական և լեհական:
Ինչպես և անցած տարի, ամեն երեկո ֆիլմեր կմատուցի “Արաբական գիշերներ” ծրագիրը:
Այս տարվա համար նորություն կլինի “Վարպետներ” ծրագիրը, որը կներառի 3 մեծանուն ռեժիսորների` Լուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին և Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր:
Վավերագրական ֆիլմերի հատուկ ծրագրում կցուցադրվեն Նյու Յորքի Մարգարետ Միդ վավերագրական ֆիլմերի փառատոնի վերջին տարիների մրցանակակիր ֆիլմերը:
Այս տարվա “Ոսկե Ծիրան”-ի նորույթներից է նաև “Արտադրված է Հայաստանում” տեղեկատվական ծրագիրը, որը կներառի վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և վավերագրական ֆիլմերի “Հայք” ստուդիայի կողմից նկարահանված ֆիլմերը:
****************************************
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ձեռքբերումները Կաննի միջազգային կինոփառատոնում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 12-22-ը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած կինոշուկային, առաջին անգամ` առանձին տաղավարով: Ըստ կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի` իրենց համար բարեհաջող տարի է: Ներկայացված էին շուրջ 30 անուն գեղարվեստական ու կարճամետրաժ ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև անավարտ ֆիլմերի ծրագրերի ամփոփ փաթեթներ: Գևորգ Գևորգյանը նշեց նաև, որ անսպասելիորեն մեծ հետաքրքրություն են առաջացրել անավարտ ֆիլմերի նախագծերը:
Կինոշուկային մասանակցության ամենամեծ նվաճումներից առաջինն այն է, որ ձեռք է բերվել շուրջ 30 պայմանավորվածություններ, փառատոնների հրավերներ, այդ թվում` գերմանական դիստրիբյուցիոն մի կազմակերպություն վերցրել է Վիգեն Չալդրանյանի “Քրմուհին”, Հարություն Խաչատրյանի “Սահմանը”, Ալբերտ Մկրտչյանի “Տխուր փողոցի լուսաբացը” լիամետրաժ ֆիլմերը, փառատոնի ներկայացուցիչները վերցրել են հայկական կարճամետրաժ ֆիլմերի տեսասկավառակները և առաջիկայում կտեղեկացնեն ընտրության արդյունքների մասին:
Կինոշուկայում մասնակցելու երկրորդ նվաճումը ֆրանսիայի ամենամեծ դիստրիբյուտորներից մեկի` Ալան Թերզյանի հետ հանդիպումներն ու բանակցություններն են եղել:
Իսկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հունիսի 19-ին կմեկնարկի ամենամյա մոսկովյան միջազգային կինոփառատոնը: Փառատոնի հատուկ հրավերով այդ օրերին Մոսկվայում կկազմակերպվի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի յոթ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը` “Սահման”, “Պոետի վերադարձը”, “Վավերագրողը”, “Կոնդը”, “Վերջին կայարանը”, “Վերադարձ ավետյաց երկիր”, “Սպիտակ քաղաք”: Մոսկովյան կինոփառատոնի “Հեռանկար” մրցույթային ֆիլմերի ծրագրում կներկայացվի Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” լիամետրաժ կինոնկարը: Այս տարի նաև հայկական պատվիրակությունը առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող կինոֆորումին:
****************************************
“Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ”
Հունիսիս 6-ից հուլիսի 4-ը “Ինտերնյուզ” Հ/Կ-ն “Նարեկացի” արվեստի միության հետ համատեղ ներկայացնում է “Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ” ֆիլմաշարի ցուցադրություն-պրեմիերան: Ֆիլմաշարը ստեղծվել է “հակամարտությունների աշխարհ” նախագծի շրջանակներում, հայ և ադրբեջանցի լրագրողների և ռեժիսորների համագործակցությամբ և ներկայացնում է եվրոպական տարբեր էթնո-տարածքային հակամարտություններ:
Ֆիլմաշարի ցուցադրությունը կմեկնարկի Արա Շիրինյանի “Կիպրոս. Անբաժանելի կղզի” ֆիլմով: Ծրագրում ընդգրկված են նաև Լևոն Քալանթարի “Ցավի և հույսի միջև” և “Հյուսիսային Իռլանդիա. Վստահության եզրին”, Տիգրան Պասկևիչյանի “Բասկերի երկիր. Սովորական ուտոպիա” և Արտյոմ Երկանյանի “Ալանդիան կղզիներ. Հաջողության կղզիներ” ֆիլմերը:
****************************************
Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի հայկական մասնակցությունը
Հունիսի 19-28 Մոսկվայում կայանալիք Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը արդեն հայտնի է: Փառատոնին կներկայացվեն 16 ֆիլմ` 14 երկրներից: Գլխավոր մրցանակի հավակնորդներ են համարվում ռուսական արտադրության 3 ` Ալեքսանդր Պրոշկինի “Հրաշք”, Նիկոլայ Դոստալի “Երկնային արքայության ճանապարհին գտնվող Պետիան” և ազգությամբ հայ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի “N 6 հիվանդասենյակ” ֆիլմերը: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաև իտալական, հունգարական, պարսկական, մեքսիկական, ուկրաինական և այլ երկրների ֆիլմեր :
Փառատոնի ծրագիրը կազմված է 5 մասերից, որոնց մեջ ընդգրկված են գլխավոր մրցույթը, “Հեռանկարներ” մրցույթը, ռուսական կինոյի ծրագիրը, արտամրցույթային և ռետրոսպեկտիվ ցուցադրությունները:
Հատկապես մեզ` հայերիս համար անչափ հետաքրքիր է ռետրոսպոկտիվ ցուցադրությունների այս տարվա ընտրությունը, քանի որ դրանց մեջ ընդգկված է նաև հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունը: Հարություն Խաչատրյանից բացի, նույն ծրագրով կցուցադրվեն նաև Պավել Լունգինի, Էժի Սկոլիմովսկու և Մարկո ֆերրերիի ֆիլմերը:
Հայկական ազգանվան ենք հանդիպում նաև “Հեռանկարներ” անվանակարգում, որում ընդգրկված 12 ֆիլմերի հետ միասին գլխավոր մրցանակի համար կպայքարի նաև Հովհաննես Գալստյանի` Հայաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի արտադրության “Խաչվող զուգահեռներ” ֆիլմը:
Այս տարի ռուսական պետությունը փառատոնին հատկացրել է 120 միլիոն ռուբլի և համեմատության համար նշենք, որ անցյալ տարի փառատոնի պետական ֆինանսավորումը կազմել էր 90 միլիոն ռուբլի:
Փառատոնի գլխավոր մրցանակը “Սուրբ Գևորգ” արձանիկն է, որը պատրաստվել է իսպանական “Carrera y Carrera” ընկերության կողմից, որն էլ կհանձնվի փառատոնի` 7 անվանակարգերում լավագույնը ճանաչվածներին:
****************************************
Դասական երաժշտության սիրահարների համար
Հունիսի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համատեղ համերգով հանդես կգան “Սերենադ” կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, «Հովեր» կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան, և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմվի փողային կազմը: Համերգի մենակատարներն են Արծվիկ Դեմուրչյանը` սոպրանո, Էռա Հովակիմյանը` սոպրանո, Զարուհի Մարտիրոսյանը` ալտ, Արթուր Մանուկյանը` տենոր, Կիմ Սարգսյանը` բարիտոն, Գևորգ Ավետիսյանը` բաս: Համերգային ծրագրում ընդգրկված են ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի “Canticum Dolorosum et Pacificu”` սոպրանոյի, երգչախմբի և նվագախմբի համար և Բախ` 2 կոնտատ, No. 150, No. 131:
Համերգի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Հունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Մարինե Աբրահամյանի դաշնամուրային մենահամերգը, որի ընթացքում կկատարվեն Հայդն` Սոնատ Es-Dur, Շոպեն` Սկերցո թիվ 2, Շոպեն` Պոլոնեզ As-Dur, Շոպեն` Էքսպրոմտ- ֆանտազիա, Կոմիտաս-Անդրեասյան` “Գարուն ա”, Հարությունյան` Երեք պատկեր, Խաչատրյան` Տոկատ, Միրզոյան` Պոեմ, Բաբաջանյան` Էլեգիա:
Մարինե Աբրահամյանը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է և Երևանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր: Նա 30 տարուց ավելի է պրոֆեսիոնալ բեմում է, բազմիցս ելույթներ է ունեցել ԽՍՀՄ հանրապետություններում, Հեռավոր Արևելքում, Եվրոպայում: Մարինե Աբրահամյանը 2008թ-ի սեպտեմբերի 26-ին արժանացել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը:
****************************************
JETHRO TULL-ի նվեր-տոմսը ստացավ Արմինե Ավետիսյանը
Նախ շնորհակալություն բոլորին մեր մրցույթին մասնակցելու համար: Մոտ 1,5 օրվա ընթացքում մենք ստացել ենք 50-ից ավելի նամակներ` որոնցից մոտ 40-ը ճիշտ պատասխաններով: Շնորհակալ ենք նաև մեր հասցեին ուղղած հաճելի գնահատականների համար:
Ամփոփելով մրցույթը ստիպված ենք արձանագրել, որ Ձեզանից միայն մեկն այս անգամ կկարողանա մեր օգնությամբ այցելել Jethro Tull-ի այդքան սպասված համերգին: Այդ հաջողակը Արմինե Ավետիսյանն է, ով ամենաարագը պատասխանեց մեր առաջադրած հարցին: Ճիշտ էին պատասխանել նաև հետևյալ մասնակիցները.
Վանինե Եղիազարյան, Լիլիթ Գևորգյան, Գայանե Գրիգորյան, Ալեքսեյ Չալաբյան, Սոֆյա Բլբուլյան, Խաչիկ, Հայկ Ոսկանյան, Նարինե Ավետիսյան, Աստղիկ Հովակիմյան, Ծովինար Թալյան, Նառա Նառայան, Զարուհի Բաթոյան, Շուշանիկ Ներսեսյան, Մակար Մելիքյան, Կարեն Ավետիսյան, Մարտին Մակարյան, Անի Հակոբյան, Ժիրայր Թերզյան, Լուսինե Հովհաննիսյան, Լուսիկ Միրզոյան, Արուս Բակունց, Արա Պետրոսյան, Վարդուհի Մկրտչյան, Համո Դանիելյան, Անահիտ Հայրապետյան, Մելիք Արադա, Մարինե Մարգարյան, Հայկ Զաքարյան, Նունե Գաբրիելյան, Ռուբեն Մնացականյան, Դինա Զարդարյան, Վահան Նանումյան, Սոֆի Մանուկյան, Մանուշակ Վահրամյան, Արսեն Թորոսյան, Դանիել Իոանիսյան, Բյուրակն Իշխանյան, Աթանես Մնացականյան, Անուշ Մինասյան, Վիկա Մկրտչյան
Իսկ ճիշտ պատասխանը հետևյալն էր.
Jethro Tull անվանումը խումբը վերցրել է 1968 թ. փետրվարին, երբ բազմաթիվ անհաջող փորձերից հետո հարկադրված է եղել վերցնել նոր անուն` որպես նոր խումբ Լոնդոնի ակումբներում վերագրանցվելու համար: Պատմության քոլեջում ուսանած իրենց գործակալի առաջարկությամբ նրանք վերցրել են 18-րդ դարի անգլիացի գյուղատնտես Jethro Tull -ի անունը, ով ժամանակին հնարել էր առաջին շարքացանը: Վերջինս պատրաստված էր եղել երգեհոնի մասերից: Հենց այդ անվան տակ էլ խումբը առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Marquee Club - ի ՛՛Հինգշաբթի գիշեր՛՛ համերգաշարում, որտեղ հաջողություն ունենալուց հետո պահպանել է անունը:
Ակտիվորեն հետևեք մեր աշխատանքին,
առաջիկայում նոր անակնկալներ ենք խոստանում:
Սիրով,
ARIT.am ստեղծագործական խումբը
****************************************
|
“Առանց վերադարձի իրավունքի”
Բեմ բարձրացավ “համահայկական” ներկայացումը`Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ և երկրի նախագահի ու մայրաքաղաքի քաղաքապետի ներկայությամբ
ARIT.am-ը հավերժացրել ու այժմ Ձեզ է ներկայացնում մի քանի բացառիկ դրվագներ երևանյան սպասված հանդիպումից
Դիտելու համար սեղմեք
այստեղ:
Լուսանկարները` Հասմիկ Սմբատյանի
Դրանք բեռնավորելու և որևէ տեղում օգտագործելու դեպքում հղումը ARIT.am-ին պարտադիր է:
|
****************************************
“ԺԱՆԳՈՏ ԲԱՆԱԼԻ”
Կայացավ նոր ներկայացման պրեմիերան. Բուրատինոյի դերում Հրանտ Թոխատյանը կհաղթի Կարաբաս-Բարաբասին ու ինքն էլ կդառնա երկրի նոր առաջնորդը
ARIT.am-ի ֆոտոխցիկը որսացել է մի քանի դրվագներ երկար սպասված ներկայացումից
Դիտելու համար սեղմեք
այստեղ:
Լուսանկարները` Հասմիկ Սմբատյանի
Դրանք բեռնավորելու և որևէ տեղում օգտագործելու դեպքում հղումը ARIT.am-ին պարտադիր է:
****************************************
|